Երջանիկ Աբգարյանը՝ Վահան Հովհաննիսյանին. Թռչկոտում են խաղի ու պարի ժամանակ և ոչ թե գրիչով
Նախկին ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի եռամաս հոդվածաշարին: Երջանիկ Աբգարյանը մասնավորպապես գրել է.
«ՀՅԴ-ական պարագլուխներից Վահան Հովհաննիսյանը հանդես է եկել (առա՞յժմ) եռամաս մի հոդվածաշարով, որի թեման ու բովանդակությունը պարբերություն առ պարբերություն փոխվում են՝ առանց հստակություն մտցնելու սեփական պնդումների փաստական հիմնավորումների մեջ: Թռչկոտում են խաղի ու պարի ժամանակ և ոչ թե գրիչով: Ինչ ուզում՝ ասում ու առաջ է գնում՝ փաստ, ապացույց նրան չեն հետաքրքրում: Օրինակ, ասում է «ՀՀՇ-ական կլեպտոկրատիա», և օրինակ չի բերում մի որևէ ՀՀՇ-ականի, որը երեկ և այսօր ավելի հարուստ է, քան ՍՍ-ի եղբոր նախկին խնամի դաշնակ Վահանը: Ինչպես սազական է իսկական դաշնակին՝ Վահանը աջ ու ձախ կեղծում է, ստում ու մրոտում իր կուսակցական և անձնական վրիժառության թիրախներին: Այդ իր էությամբ մակերեսային, կանխապես թիրախավորված և անկապ «վերլուծություն» հորջորջվող հում ու փտած «նյութերը» որևէ օրգանական կապով չեն առնչվում առկա իրադրության և իրողությունների ազդեցություններին, թելադրած հարցերին, ապագայի միտումներին:
«Մայրամուտագիտության» մեջ մասնագիտացած քաղաքական ուժի այս ներկայացուցիչը կարծում է, որ եթե վերջին տարիներին իրենց շպարել են «կառուցողական ընդդիմադիրի» մոխրագույնով, ապա պատասխանատու չեն Քոչարյանի դավաճանությունների ժամանակ իրենց պետական եւ քաղաքական հանցագործ կեցվածքի համար»: