«Կատարեք ձեր որոշումները, մի խաբեք մեզ». Բնակիչները բողոքում են (տեսանյութ)
«Կատարեք ձեր որոշումները, մի խաբեք մեզ», «Սիսակյան 3-ը մահվան սպառնալիքի տակ» վերտառությամբ պաստառներով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին Սիսակյան 3 շենքի մի խումբ բնակիչներ: Նրանցից Սամվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ Աջափնյակի համայնքում գտնվող այս շենքը 4-րդ կարգի վթարային է դեռ 1987 թ-ից: Շենքը նախկինում եղել է «Մետաքս» գործարանի հանրակացարանը:
«Սանհանգույցներ գոյություն չունեն, տանիք չկա, քարերը պոկվում, ընկնում են, օրական 2-3 քար ընկնում է: Շենքում 125 ընտանիք է բնակվում: Դիմումներ և խոստումներ են եղել, բայց 7-8 տարի թղթի վրա են գտնվում, ընդհանրապես ոչ մի պատասխան չի եղել»,- ասաց Ս.Խաչատրյանը:
Բողոքավոր բնակիչները կառավարությունից պահանջում են իրենց ապահովել բնակարաններով: