«Պուտինը գնաց Բաքու, որ ասի՝ «և, և»-ով հարցեր չեն լուծում»
«Կամ, կամ» կամ «և, և» տարբերակներով, ըստ ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանի, աշխարհի հետ խոսել հնարավոր չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Եղիազարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցին, նշեց, թե «և, և» տարբերակն այցից հետո անիրատեսական դարձավ:
Ըստ նրա՝ «և, և»-ով խոսելու համար առաջին ու վերջին պայմանը արդար, իրական ու թափանցիկ ընտրությունների արդյունքում նախագահ կարգվելն է: «Երբ ՀՀ նախագահը ստանում է ազգաբնակչության մեծամասնության աջակցությունը, կարող է ցանկացածի հետ խոսել «և, և»-ով կամ «կամ, կամ»-ով: «Եվ, և»-ը չստացվեց, որովհետև նախագահ Վ. Պուտինը տասներեք տարի հետո գնաց Ադրբեջան: Դեռ մեկ տարին չի բոլորել, որ նրանք ստիպեցին, որ ռուսական կողմը հանի Գաբալան, որը մի հսկայական աչք է ու անցան տարիներ՝ գնաց: Եթե Վ. Պուտինի պես նախագահը, որը մեծ կամայականություններով է օժտված, ինչի մասով նրանց բախտը բերել է, որոշի սեղմ ժամկետներում Գաբալան ստանա ՌԴ տարածքում, առնվազն հինգ վեց տարի կխլի իրենից»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ՌԴ-ն պետք է մի քիչ նեղացած լիներ Ադրբեջանից, բայց, այնուամենայնիվ, այցելեց Ադրբեջան:
«Իսկ Պուտինը հասարակ մարդ չի: Պուտինը գնաց «և, և»-ի համար, գնաց որ ասի՝ «և, և»-ով հարցեր չեն լուծում»,- մեկնաբանեց ՍԴՀԿ նախկին անդամը: Վերջինս նշեց, որ Հայաստանն արձանագրեց խայտառակ սպորտային դիվանագիտություն, սկսած «ստորացուցիչ արձանագրությամբ», ըստ որի՝ Հայաստանը Թուրքերի հետ որոշել է պարզել՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, ինչը ավարտվեց այս ալյանսով:
Իր հերթին՝ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, թե չի ուզում վերլուծել ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքականության տեսանկյունից, իմանալով նաև պատմական հարաբերությունները մեր տարածաշրջանի հետ, հետաքրքրությունը դեպի Ադրբեջան բնական է համարում, մանավանդ, երբ առջևում Ադրբեջանի նախագահական ընտրություններն են. «Այն, ինչ եղավ Ադրբեջանում, զուսպ էր՝ պայմանագրային, արտառոց բան չեմ տեսնում: Սա ռուսական քաղաքականությունն է: Մենք պետք է իմանանք, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի շահ, ինչպես մեզ, այնպես էլ երկու հարևան պետությունների հետ»: Նա շեշտեց, որ նման հանդիպումները չեն կարող ազդել ՌԴ-ՀՀ հարաբերությունների վրա: