
Վարդան Պետրոսյան. Ժողովուրդը ստացավ հերթական հուսահատության հարվածը, արտագաղթը ուժեղացավ. մամուլ

«Սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, ով այս տարի կայացած նախագահի ընտրություններից հետո Փարիզից հատուկ եկավ Երևան՝ մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին, «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը Հայաստանից հուսահատված է վերադարձել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և մեջբերում Վարդան Պետրոսյանի խոսքը.
«Երբ սկսվեցին հետընտրական իրադարձությունները, եկա, որովհետև տեսա, թե ինչքան հուսահատ են կանգնած մարդիկ Ազատության հրապարակում: Նախորդ անգամներն այդպես չէր, սա շատ տարբեր էր: Երիտասարդներ համարյա չկային, մարդիկ գլուխները կախ էին: Ես նայեցի ու ասացի՝ ամոթ մեզ, ուրեմն մեր հայրերը, ծնողները, տատիկները, պապիկները վեր են կացել, գնացել են հրապարակ… Սակայն շարունակությունն այլ եղավ:
Երկու ամիս մնալուց հետո ես գնացի, երբ հուսախաբ եղա: Մտածում էի, որ բոլոր քաղաքական ուժերը կմիավորվեն, կստեղծվի մեծ ընդդիմություն, ուժ կդառնան ու լուրջ արդյունքների կհասնեն: Այդպես չեղավ ժողովուրդը ստացավ հերթական հուսահատության հարվածը, արտագաղթը ուժեղացավ: Տեսեք, ինչ է կատարվում»:
Վարդան Պետրոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: