Բաժիններ՝

Արագ «փողաչափ» համակարգը՝ ընդդեմ վարորդների. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 20-ից «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 4 հատվածներում կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր:

Այսպիսով՝ արագաչափերի գերշահութաբեր բիզնեսը ծավալվում է նաև միջպետական մայրուդու վրա՝ նոր բազմամիլիոնանոց գումարների հոսք ապահովելով անհայտ օլիգարխի գրպանը: Թե ով է այն, առայժմ չի գաղտնազերծվում:

«Ժողովուրդը» պարզեց, որ անցած տարվա ընթացքում արագաչափերի ֆիքսած խախտումների համար հայ վարորդներից գանձվել է 2 միլարդ 827 միլիոն դրամ՝ մոտ 7 միլիոն դոլար գումար, որի 70 տոկոսը բաժին է հասել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, իսկ ընդամենը 30-ը՝ ՀՀ ոստիկանությանը: Մեր՝ շարքային հարկատուներիս հաշվին անհայտ օլիգարխին հարստացնելու այս անարգել փորձից ոգևորված՝ հիմա Երևանի քաղաքապետարանն է փորձում նույն համամասնությամբ հարստացնել «Փարքինգ սիթի» ընկերության սեփականատիրոջը: Այս դեպքում խոսքը գնում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանի մասին, որը հավակնում է դառնալ Երևանի «պարկովչիկը»: Հարությունյանը ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է:

Ու սա այն դեպքում, երբ մեր երկրում ծայրահեղ սոցիալական վիճակ է, երբ «մազից կախված է» գազի սուբսիդավորման հարցը, իսկ կառավարությունն էլ միջոցներ չունի օրեցօր ահագնացող գնաճի դեմն առնելու:

Եվ ահա, աղքատության շեմին ապրող բնակչության աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն, փաստորեն, միլիոնավոր դոլարներն անարգել հոսում են մի քանի հոգու գրպանները: Այսինքն, շարունակում են հարստանալ մի քանի հոգի: Մինչև ե՞րբ»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս