Աշոտ Աղաբաբյանին՝ իրեն սպանելու սպառնալիքի մեջ մեղադրող կինը գրանցված է որպես հավաքարար, բայց «Պորշ Կայե՞ն» է վարում

Ընկերուհի ջան այդ «Պորշ Կայեն»-ը նվիրատվության վկայական ունի, որը նվիրել են ոչ թե ինձ, այլ՝ իմ աղջկան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահա այսպես է արտահայտվել Լիանա Շահբազյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին մեղադրում է իրեն և դստերը վերացնելու սպառնալիքներ տալու մեջ: Նրա հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

-Հարգելի Լիանա, Ձեր հասցեին հնչեցված սպառնալիքների հարցով եմ զանգահարել: Հնարավո՞ր է հանդիպենք խոսենք:

-Գիտեք, ես հիմա այնքան վատ եմ ինձ զգում:

-Մենք կարող ենք գալ Ձեր տուն:

-Հիմա ես ոչինչ չեմ կարող խոսել մինչև չտեսնեմ, թե գործն ինչ ընթացք է ստանում: Իսկ իմ համարը որտեղի՞ց գիտեք: Ես ինչ իմանամ, որ Դուք լրագրող եք:

-Դե դրա համար էլ ասում ենք գանք, հանդիպենք, խոսենք:

-Չէ, շնորհակալ եմ:

-Ձեր հասցեին սպառնալիքները շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ:

-Չէ: Բայց անգամ իմ ձեռքի հեռախոսահամարն եմ փոխել: Սպառնալիքը որն է: Պարզ չի՞, որ քանի դեռ գործը քննության մեջ է, նրանք ոչինչ և ոչ մի բան էլ ոչ կասեն, ոչ կանեն:

-Գործից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Ես ուղղակի օբյեկտիվ քննություն եմ խնդրում:

-Տեսեք, հակառակ կողմ էլ ասում է, որ Աշոտ Աղաբաբյանին մոտավորպես 5 մլն-ի պարտք ունեք և այս մեղադրանքները հնչեցնում եք, որ այդկերպ զերծ մնաք պարտքերը մարելուց:

-Ես ոչինչ չեմ կարող պատասխանել: Կներեք:

-Ասում են նաև, որ ձեր վարած «Պորշ Կայեն» ավտոմեքենան պարտքի փոխարեն տարել թողել եք այնտեղ, ինչը նաև տեսախցիկներն են ֆիքսել, հետո հաղորդում եք տվել, թե ձեր մեքենան առևանգել են:

-Ընկերուհի ջան, այդ «Պորշ Կայեն»-ը նվիրատվության վկայական ունի, որը նվիրել են, ոչ թե ինձ, այլ իմ աղջկան:

-Իսկ ո՞վ է նվիրել:

-Դա արդեն ավելորդ հարց է:

-Այնտեղի աշխատակիցները պատմում են, որ դուք որպես հավաքարար և մատուցող եք գրանցված եղել, բայց ձեզ նման ճոխություններ եք թույլ տվել:

-Ե՞ս: Ամեն ինչ էլ կարող են ասել: Ես ունեմ բեյջ, որը տվել են և կարող եմ ցույց տալ:

-Եվ, եթե ոչ հավաքարար և մատուցողուհի, ապա ի՞նչ եք աշխատել:

-Ոչինչ էլ չեմ աշխատել:

-Բա այնտեղ ի՞նչ կարգավիճակ եք ունեցել:

-Հիմա Դուք ի՞նչ եք ուզում ինձնից:

-Ցանկանում եմ, որ այդ մեղադրանքներին արձագանքեք:

-Թող ասեն ինչ ուզում են:

-Ի դեպ, հայտարարել էիք, որ Աշոտ Աղաբաբյանը ասել է, թե 2 հազար դոլար կտա ձեզ և ձեր աղջկան կվերացնեն: Կարծում եք, որ այդ գումարով կարելի է մարդասպա՞ն վարձել:

-Կներեք դուք ինձ հասցրեցիք նրան, որ կարող է սկոռի կանչեն ինձ համար:

Հարցերը կիսատ թողնելով Լիանա Շահբազյանը անջատեց հեռախոսը:

Ավելի վաղ News.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, սպառնացել է վերացնել «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակցին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Լիանա Շահբազյանի հայտարարություններով թող զբաղվեն իրավապահները, եթե ինքը ինչ-որ մեկին սպառնացել է: «Դրա համար կա օրենք, դատարան»,- ասել էր ԱԺ պատգամավորը:

Նա տեղեկացրել էր, որ ճանաչում է Լիանա Շահբազյանին, իր մոտ է աշխատել, «Ես լսել եմ, որ ինքը մեծ պարտքեր ունի, էն որ պարտք է ինձ, ես գիտեի, բայց գիտեմ նաև, որ շատ-շատերին է պարտք ու շատ վաղուց, գումարներ վերցրել է տարբեր պատրվակներով, հիմա պարտքերը փակելուց խուսափելու համար ինչ կուզի, կասի: Զարմանում եմ, որ 21-րդ դարում մարդկանց կարելի է սպառնալ», -ասել էր Աշոտ Աղաբաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս