Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ օգոստոսի 14-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մոտ երկու տասնյակ հարցեր քննարկվեցին:

Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը նախ հրավիրեց գնումների գործընթացի վրա` կարեւորելով ինչպես մարզպետարանների, այնպես էլ համայնքապետարանների կողմից սահմանված ընթացակարգերի պահպանումը: Նշվեց, որ կարող են առաջարկություններ ներկայացվել համայնքների մակարդակով առաջացող խնդիրները կարգավորելու, ընթացակարգերն առավել պարզեցնելու վերաբերյալ:

Փոխվարչապետն անդրադարձավ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթի հետ կապված մի խնդրի, որը մարզային հանդիպումների ժամանակ բարձրացվել է մարզերի շահառուների կողմից: Փաթեթի շրջանակում հանգստի կազմակերպման համար վերջիններս ստիպված են լինում այցելել մայրաքաղաք, համապատասխան կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերել հաճախ հանգիստը հենց իրենց մարզում անցկացնելու համար: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց գնահատել, թե դա շահառուների ինչպիսի թվի է վերաբերում եւ ներկայացնել տվյալներ` անհրաժեշտության դեպքում մեխանիզմներն ավելի հստակեցնելու եւ շահառուների համար գործընթացն ավելի դյուրին դարձնելու համար:

Քննարկված մյուս հարցը վերաբերում էր հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերին: Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել ծրագրերի արդյունավետ իրականացման մեխանիզմների վերաբերյալ` հաշվի առնելով ընթացքում արձանագրված խնդիրներն ու թերությունները, ինչպես նաեւ Գյուղատնտեսության նախարարությանը ներկայացնել աշնանային եւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջվող պարարտանյութի եւ դիզվառելիքի անհրաժեշտ ծավալների վերաբերյալ հաշվարկներ: Ստացված առաջարկների եւ դրանց քննարկման արդյունքում յուրաքանչյուր ծրագրի մասով առանձին որոշում կընդունվի:

Փոխվարչապետն առաջարկեց նաեւ հաշվարկել, թե մարզպետարանների ենթակայության տակ գործող առողջապահական եւ կրթական հաստատությունները տարին ինչպիսի ֆինանսական ցուցանիշներով են փակելու` հաշվի առնելով նվազագույն աշխատավարձերի հետ կապված փոփոխությունները: Նա անընդունելի համարեց հնարավոր պարտքերի կուտակումը եւ առաջարկեց տեղեկություններ ներկայացնել այն հաստատությունների վերաբերյալ, որտեղ կարող են խնդիրներ առաջանալ` դրանք ուսումնասիրելու եւ ժամանակին լուծում տալու համար:

Նոր ուսումնական տարվա հետ կապված փոխվարչապետը հորդորեց մինչ ուսումնական տարվա սկիզբն ավարտել պետական ծրագրերում ընդգրկված դպրոցներում վերանորոգման աշխատանքները կամ դրանք կազմակերպել այնպես, որ չխոչընդոտեն ուսումնական գործընթացին:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ հանրապետությունում 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման վերաբերյալ: Նա հանձնարարեց առաջիկայում համապատասխան հանձնաժողովների նիստեր հրավիրել եւ սերտորեն աշխատել Ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաեւ համայնքների հետ: 2013 թ. հոկտեմբերի 11-31-ը փորձնական հաշվառում կանցկացվի Արարատի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի որոշ համայնքներում:

Անդրադառնալով ոռոգման շրջանի ընթացքին` Ա. Գեւորգյանը նշեց, որ որոշ մարզերում, մասնավորապես, Արարատ, Արմավիր եւ Արագածոտն, ոռոգման կազմակերպման առումով որոշակի լարվածություն է առաջացել: Սեւանա լճից օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից արդեն վերցվել է 136 մլն խմ-ն, ուստի նա մարզպետներին հորդորեց աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ ընկերությունների, համայնքների հետ` ոռոգումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու եւ ջուրը խնայողաբար օգտագործելու համար:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ համայնքներում գերեզմանոցների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին: Նա մարզպետներին հանձնարարեց համապատասխան վերահսկողություն եւ քայլեր իրականացնել` օրենքով սահմանված պահանջների կատարման ուղղությամբ: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ՏԿ նախարարությունն առաջիկայում կառավարություն կներկայացնի ոլորտի կանոնակարգմանը վերաբերող առաջնահերթ միջոցառումների ծրագիր:

Քննարկվեցին նաեւ գյուղական համայնքների երրորդ համաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Այս տարի եւս համաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին Ջերմուկում, որին բացի համայնքապետերից, մասնակցելու են ավագանու անդամներ, համաժողովի շրջանակում կազմակերպվելու են նաեւ տարբեր միջոցառումներ: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց արդեն ձեւավորել համաժողովին մասնակցող մարզային պատվիրակությունների կազմերը:

Անդրադարձ եղավ ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացած ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրում փոփոխություններ կատարելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել մարզխորհրդի գործունեության արդյունավետությունը, ընդլայնել քննարկմանը ներկայացվող հարցերի շրջանակն ու կանոնակարգել նիստերի անցկացման հաճախականությունը: Ա. Գեւորգյանն առաջարկեց ծանոթանալ փաստաթղթին եւ պատրաստ լինել դրանով նախատեսված պահանջների իրականացմանը, երբ այն ուժի մեջ կմտնի:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքների ընթացքի մասին: Նախագծի նախնական տարբերակը կուղարկվի նաեւ մարզպետարաններ` քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար: Փաստաթղթի վերաբերյալ կկազմակերպվեն նաեւ հանրային քննարկումներ: Ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո միայն այն կներկայացվի կառավարություն:

Ա. Գեւորգյանը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համար մարզերում համապատասխան տարածքների վերջնական ընտրության խնդրին: Նշելով, որ մի շարք քաղաքային համայնքներում ծառայությունները հաջողությամբ գործում են` փոխվարչապետը հորդորեց սերտորեն համագործակցել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ եւ վերջնականապես որոշել նաեւ մյուս համայնքներում տարածքների ընտրության հարցը:
Խորհրդակցությանը կարեւորվեց համայնքների հողի հարկի եւ գույքահարկի բազաների ճշգրտումը` ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից եւ Ճանապարհային ոստիկանությունից փոխանցվող համապատասխան բազաների հիման վրա:

Ներկայացվեցին նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. յոթ ամիսների ցուցանիշները: Նշվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 91 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 18,2 տոկոս է: Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել ինչպես համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, այնպես էլ աշխատավարձի գծով պարտքերի մարման գործընթացը:

Տեղեկություններ ներկայացվեց նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի վերաբերյալ: Նշվեց, որ ծրագիրն արդեն ֆինանսավորվել է 77 տոկոսով, կատարված ֆիզիկական աշխատանքների ծավալը 86 տոկոս է: Զեկուցվեց, որ աշխատանքները իրականացվում են ըստ ժամանակացույցի:
Խորհրդակցությանը մարզպետները տեղեկություններ ներկայացրեցին նաեւ մարզերում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվեցին ընթացիկ մի շարք այլ հարցեր եւս:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս