«Մարդիկ սովորում են վայելել Հայաստան-երկիր-դրախտավայրը, չնայած Հայաստան-պետության, մեղմ ասած, հոգնեցնող կերպարին»
Հիմալայան յոգայի կենտրոնը շարունակում է արշավներ կազմակերպել դեպի Հայաստանի բացահայտված-չբացահայտված վայրերը: Գետերի բուժիչ հատկությունների, վայրի բնության մեջ յոգա կիրարկելու մասին էլ 168.am-ը զրուցեց կենտրոնի մասնագետ Վահագն Վարդումյանի հետ:
– Վահագն, վերջին շրջանում ի՞նչ արշավներ եք կազմակերպում, Հայաստանի ո՞ր վայրերն եք Ձեզ համար բացահայտում:
– Վերջին շրջանում հիմնականում կազմակերպում ենք քայլարշավներ դեպի Գեղամա լեռներ, որտեղ բնության անասելի բազմազանությունն ու հարստությունը պարզապես հիպնոսացնող ազդեցություն ունի մտքի վրա, ինչն, իհարկե, շատ բարերար է ազդում նաև մարմնի վրա: Հայաստանի ողջ տարածքով մեկ ունենք քայլարշավային ուղիներ, որոնք համադրում ենք որոշ ավանդական զբոսաշրջային տարրերի հետ, օրինակ՝ այցելություններ նաև դեպի պատմամշակութային հուշարձաններ: Սակայն մեր բոլոր ուղիներին բնորոշ է Հայաստանի անտեսանելի որակները հայտնաբերելու ու դրանցով այցելուների առօրյան հարստացնելու մոտեցումը: Օրինակ՝ եկեղեցի այցելելիս կարևոր է ոչ միայն եկեղեցու իրական պատմական անցյալը, այլև եկեղեցու շրջակայքի բնությունը, ամեն ծառն ու թուփը, այնտեղ ճգնած, ուսանած, գուցե հանգրվանը կնքած մարդկանց կերպարի բացահայտումն ու հայոց հնամյա ոգու ներկայացումը օտարերկրացիներին, որպեսզի նրանցում Հայաստանի հանդեպ էմոցիոնալ ալիք առաջանա: Սա կարևոր ենք համարում առհասարակ ցանկացած մշակույթի արժեքների հետ շփման ենթատեքստում: Ես սա կանվանեի մարդակենտրոն զբոսաշրջություն:
– Իսկ վայրի բնության մեջ յոգա կիրարկելն ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի:
– Վայրի բնությունը գրեթե կախարդական հատկություններ ունի: Միջին քաղաքաբնակին այս բառերը դեռ շատ բան չեն կարող ասել: Այն ամենուր լի է հզոր լիցքերով, որոնցով սնում է մեզ այնտեղ հայտնվելու առաջին իսկ պահերից: Երբ նոր ենք քաղաքից մեկնում, առաջին ժամերին միտքն ու մարմինը դեռ ադապտացվում են նոր կենսառիթմերին, էներգետիկ հոսքերին, օդին և այլն: Որքան էլ զավեշտալի հնչի՝ հեշտ չէ քաղաքային փոշու ու աղմուկի միջավայրից միանգամից վայրի բնություն մտնելը: Անձամբ ես առաջին մի երկու օրը գերադասում եմ պարզապես հանգիստ անցում կատարել ու հիմնականում յոգա անելու ցանկություն չի առաջանում, քանի որ յոգան ինքնին ներքին լիցքերի ակտիվացման համակարգ է ու կարող է հավելյալ ներքին ծանրաբեռնվածություն ստեղծել: Սա ես տարիների ընթացքում եմ զգացել ու հիմա գնալով ավելի եմ համոզվում դրանում:
Առհասարակ օրը մոտ 6-7 ժամ քայլք ներառող արշավների ժամանակ բարդ է լինում լրջորեն յոգա կիրարկելը, քանի որ յոգան կենտրոնացում ու հանգստություն է պահանջում, իսկ լեռնային քայլարշավը բավական բարդ պահեր ունեցող միջոցառում է, ներառյալ՝ բազմազան օձերով լի հսկա տարածություններն անցնելիս ուշադրության կենտրոնացումը անվտանգության ուղղությամբ և այլն: Նաև՝ հավասարաչափ քայլելիս գրեթե մեդիտացիոն մի վիճակի ենք գալիս, որը յոգային շատ մոտիկ է ներքին ազդեցությունների առումով: Ի վերջո, ստացվում է քաղաքում յոգա կիրարկելուն գրեթե համարժեք, ահագին նման մի վիճակ, առանց յոգա կիրարկելու: Սակայն, օր-օրի ադապտացվելով բնության ուժերին՝ աստիճանաբար հզորանում ենք ու արդեն հեշտանում է նաև յոգա կիրարկելը: Միտքն ու մարմինը արդեն ազատ ռեսուրսներ են ձեռք բերում, որոնք յոգայի համար «վառելիքի» դեր են կատարում: Այո, յոգան ուժ է տալիս, սակայն ցանկացած հզոր շարժիչի նման, նաև ուժ է պահանջում: Հուսամ համեմատությունս օգնեց:
– Գետերի բուժիչ հատկությունների մասին կպատմե՞ք: Ի՞նչ եք այս արշավների ընթացքում բացահայտել:
– Մեր ճանապարհին հանդիպող գետերը բավական տարբեր են՝ սառը, շատ սառը, ջերմ, գոլ, կատաղի, համեմատաբար հանգիստ, ջրառատ ու ոչ այնքան… Գրեթե բոլորն այնքան մաքուր են, որ հանգիստ կարելի է ջուրը խմել, սակայն բնակավայրերի մոտ դա ոչ միշտ է աշխատում: Գետերը կենսաուժի հսկայական շտեմարաններ են, նկատի ունեմ թե՛ ֆիզիկական, թե՛ էներգետիկ, թե՛ ինֆորմացիոն ասպեկտները: Գետերի ինֆորմացիան մեր մտքի ու մարմնի ներդաշնակ գործունեության համար այնքան կենսական է, որ ես հաճախ զարմանում եմ, թե ինչպե՞ս են մարդիկ ողջ մնում առանց գետերի:
Զառիթափ մասերում գետերի այդ ամոքիչ ջուրը հաճախ շատ արագ է հոսում ու անդադար փրփրում է: Այդ սպիտակ մոգական զանգվածը նույնիսկ ամենացուրտ եղանակին մի տեսակ իսկական սառը չի լինում, քանի որ շատ հարուստ է օդով ու չափազանց բուժիչ է, եթե կամքդ լարում ու անվախ կերպով մտնում ես մեջը: Դեռ չի եղել մի այցելու, որ այդ հրաշքը չզգա ու այդ մասին մի ուրույն կարծիք չասի: Բնության օրինաչափություններն ամեն դեպքում շատ ավելի հզոր են, քան մեր մտայնություններն ու արագ հնացող գիտելիքները: Գետերը կարող են բուժել ամեն ինչ, պարզապես պետք է նրանց հետ «լեզու գտնել»:
– Վերջին շրջանում շատ խմբեր կան, որոնք արշավներ են կազմակերպում և նկատելի է, որ մարդիկ բավականաչափ հետաքրքրվում են արշավներով: Ինչո՞վ եք սա պայմանավորում, մարդիկ սկսել են ավելի մեծ ուշադրությո՞ւն դարձնել առողջ ապրելակերպին:
-Այո, կարծում եմ առողջ ապրելակերպի մասին գիտելիքների տարածման շնորհիվ մարդկանց վերաբերմունքը իրենց հանգստին փոխվել է և շատերը սկսել են հաճախ արշավների մասնակցել: Արշավները հանգստի ամենահաճելի տեսակներից են, թարմություն ու ուժ են տալիս, ինչը քաղաքային հանգստի ոչ մի, նույնիսկ ամենաթանկարժեք տեսակի հանգստի միջոց չի կարող տալ: Մարդիկ դա զգում են առաջին անգամից ու հետո արդեն չեն ուզում վերադառնալ նախկին պասիվ և ոչ այնքան լիարժեք հանգստի ձևերին:
Մարդիկ, ի վերջո, սովորում են վայելել Հայաստան-երկիր-դրախտավայրը, չնայած Հայաստան-պետության, մեղմ ասած, հոգնեցնող կերպարին: Կարծում եմ արշավային հանգիստը նաև մեզանում հնարավոր ամենաիսկական ակտիվիզմի ձևերից է, քանի որ այն մարդուն ներքին ուժեր է տալիս ու օգնում է ավելի ամբողջական տեսնել իրականությունը, ինչը մարդ արարածին հզորացնում է ու արդեն ոչ մի համակարգ չի կարող լիովին մթագնել նրա գիտակցությունը: Բացի այդ, մարդիկ նաև տեսնում են հանգստի համաշխարհային տենդենցներն ու փորձում են նաև այդ առումով ետ չմնալ, այսինքն՝ սա այն բացառիկ դեպքերից է, երբ զանգվածային լրատվական մեքենայի բերած քամին հօգուտ մեզ է փչում: