Բաժիններ՝

Պոպուլիզմի մասին. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ընկերներիցս մեկը վերջերս նկատել է, որ ակտիվիստների «տրանսպորտային» բողոքի հետ կապված մեր թերթում շատացել են պոպուլիստական նյութերը: Եթե խոսքը լրագրողական պոպուլիզմի մասին է, ապա երթուղային տաքսիներն այդ առումով լավագույն թեման չեն. ընթերցող ձեռք բերելու համար պետք է գրել Քիմ Քարդաշյանի, կամ, ծայրահեղ դեպքում, հայկական շոու-բիզնեսի աստղերի որպիսության մասին: Բայց իմ ընթերցողը, հավանաբար, նկատի ուներ պոպուլիզմի քաղաքագիտական ընկալումը՝ երևույթ, որը, որպես կանոն, ավելի շուտ խանգարում է, ոչ թե օգնում խնդիրների լուծմանը:

Պոպուլիզմը քաղաքականության մեջ ես պատկերացնում եմ հետևյալ կերպ: Ենթադրենք, դուք A կետից պիտի հասնեք B կետ, ասենք՝ Զովունիից Երևան՝ մամուլի շենք: Նա, ով պատկերացնում է այդ տարածությունը և անցել է այն, եթե ազնիվ լինի իր զրուցակիցների հետ, կասի, որ այդ տարածությունը մեքենայով հնարավոր է անցնել 20-30 րոպեում՝ կախված խցանումներից:

Տեսականորեն չի կարելի բացառել նաև, որ դուք ունեք սեփական ուղղաթիռ, որը 5 րոպեում կիջեցնի ձեզ մամուլի շենքի տանիքին: Պոպուլիստը, սակայն, ձեզ կասի, որ ունի մի կախարդական մատանի, որը դուք կդնեք Զովունիում և մեկ ակնթարթ անց կհանեք ձեր մատից մամուլի շենքի ձեր աշխատասենյակում: Պոպուլիստը, այդպիսով, չի ցանկանում տեսնել տարածությունը նպատակի և միջոցի միջև և ներկայացնում է այն չափից դուրս դյուրին, դեկլարատիվ և դեմագոգիկ ձևով:

«Իշխանությունը՝ աշխատավորներին», «հողը՝ գյուղացիներին», «գործարանները՝ բանվորներին»: Հրաշալի է հնչում: Բոլշևիկները գիտեին, թե ինչով կարելի է գայթակղել զանգվածներին: Ամբողջ ցավը, սակայն, այն է, որ այդ կարգախոսները ուտոպիստական են՝ իշխանությունը և սեփականությունը կարող են պատկանել միայն անհատներին (ի հեճուկս մեր ու բազմաթիվ այլ պետությունների սահմանադրությունների պոպուլիստական դեկլարացիաների): Պարզապես նորմալ պետություններում այդ անհատներին մնացած բնակչությունը ստիպում է համը չհանել և չափն իմանալ, իսկ մենք մեր անհատներին դա առայժմ չենք կարողացել պարտադրել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս