Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը
Թափանցիկությունն ու հաշվետվողականությունն իբրև լոզունգ հռչակած թավշյա իշխանությունների հերթական ներկայացուցիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեսպան Լիլիթ Մակունցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, որի գրեթե բոլոր սանդղակներում տեղեկությունը սահմանափակվում է «պաշտպանված» է, կամ «տվյալներ չկան» արձանագրություններով։
Հայտարարագրից տեղեկանում ենք միայն հիփոթեքով ձեռք բերվելիք անշարժ գույքի՝ բնակարանի մասին։ Հանձնված ևվերադարձված փոխառությունների, բանկային ավանդների, դրամական միջոցների և հաշվետու տարվա եկամուտների մասին տեղեկությունն՝ առավել մանրամասն.
Տվյալ տարվա վերջում առկա է Հայէկոնոմ բանկից 2 փոխառություն՝ 3 միլիոն 918 հազար դրամ և 28 միլիոն 850 հազար դրամի չափով (տեղեկանում ենք նաև, որ ստացված վարկերի և փոխառությունների նպատակը եղել է բնակարանի ձեռքբերումը)։
Տարեվերջին առկա դրամական միջոցները կազմել են 27,305.17 դոլար և 395,198.38 դրամ։
Հաշվետու տարվա եկամուտներ 23 միլիոն 28,435.68 դրամ, որոնք նա որպես վարձատրություն ստացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Կարճ անդրադարձ – հիշեցում դեսպան Մակունցի CV-ից
Լիլիթ Մակունցի կենսագրության ամենատպավորիչ էջը, թերևս, 2014 թվականին բանասիրական գիտությունների թեկնածու դառնալն է եղել. Պաշտպանած թեման էլ բավականին ուշագրավ անուն ունի՝ ««Ճշմարտություն» և «կեղծիք» հասկացությունները ճանաչողական և գործաբանական լեզվաբանության դիտանկյունից»:
Քաղաքական գործունեությունը, մինչև թավշյա իրողությունները, սահմանափակվում է այս կամ այն կուսակցությանն անդամակցելով, իսկ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, արդեն, քաղաքական ճկուն ցատկերով՝ ռեվոլտադներով.
2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկովՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին նշանակել է ՀՀ մշակույթի նախարար։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին«Իմ Քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
Ապա՝«Իմ Քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ։
Իսկ ահա արդեն 2021 թվականին աշխարհաքաղաքական լուրջ վերլուծություններով աչքի ընկած՝ հեղափոխական Լիլիթ Մակունցը դարձյալ Փաշինյանի առաջարկով և նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով նշանակվել է աշխարհաքաղաքական ամենախոշոր դերակատարներից մեկում՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս պաշտոնում, ինչպես նշում են ամերիկահայ տարբեր հանրային գործիչներ, նա դեռևս աչքի չի ընկել որևէ կարևոր նախաձեռնությամբ։
Դեսպան Մակունցի՝ աշխարհաքաղաքական ամենահիշարժան վերլուծությունը.
44-օրյա պատերազմից ընդամենը 2 ամիս առաջ նա վստահեցրել էր. «Ադրբեջանը խրախուսում է Թուրքիայի ներգրավվածությունը: Կարծում եմ՝ սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանությունը գնում է այս կոնֆլիկտում Թուրքիային հնարավորինս ներգրավելու ճանապարհով։
Կարծում եմ՝ Թուրքիան չի գնա նման քայլի, որևէ կերպ կողմ չի հանդիսանա, և դա հիմնավորման կետեր ունի»։
Մինչդեռ բոլորն են հիշում, թե ինչ եղավ 44-օրյա պատերազմի օրերին, ինչ մասնակցություն ունեցավ Թուրքիան։
Ի դեպ, Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցը, ևս թավշյա իրողությունների արևի տակ ունեցավ իր տեղը. Դեսպանի եղբայրը նախ ստանձնել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնականի հանձնառությունը, ապա ավելի ուշ՝ մամուլն ավետեց, որ նա ավազի արդյունահանման բիզնես է հիմնել։ Նրա բիզնես գործընկերները, ասում էին՝ նույնպես պատահական մարդիկ չեն. նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանի խնամին է, մյուսը՝ նախկին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը: