Ինչո՞ւ է Ադրբեջանը հետևողականորեն ձգտում լուծարել 2020 թվականից չգործող ԵԱՀԿ Մինսկի խումբը

Ադրբեջանը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը, ով օրերս Երևանից մեկնեց Բաքու, Ադրբեջանում ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին բավականին տհաճ մեկնաբանություններ է լսել այդ երկրի ղեկավարի ու արտգործնախարարի կողմից։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում որևէ ներդրում չի ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։«Մենք կարծում ենք, որ կարիք չկա պահպանելու այն ինստիտուտները, որոնց մանդատները սպառվել են, և որոնք իրենց բնույթով արխայիկ են»,- հավելել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

«Մեր կարծիքով՝ երկկողմանի բանակցությունների առկայությունը դրական ձևաչափ է։ Վերջին 6 ամիսների ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել։ Որպես դրական զարգացում՝ կարելի է նշել ապրիլին երկու երկրների սահմանի հատվածի սահմանազատման գործընթացը և չորս գյուղերի վերադարձը»,- հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ գործող նախագահն իր հերթին՝ հայտարարել է․«ԵԱՀԿ-ն լսում է երկու կողմերին։ Մենք պետք է ընդունենք նոր իրողությունները: Հուսով ենք, որ շուտով կողմերի միջև համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագիր ձեռք կբերվի»։

Կարդացեք նաև

Ալիևն իր հերթին՝ ասել է, որ եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը։ «Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի: Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը: Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մինչև ՀՀ-ում 2018 թվականի հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն Ադրբեջանը հետևողականորեն պայքարում էր Մինսկի խմբի դեմ և հայտարարում, թե հայանպաստ հայտարարություններ և դիրքորոշում ունեն:

Հետագայում Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ ևս նպաստեցին գործընթացներից ԵԱՀԿ Մինսկի խմբի դուրսմղմանը:

168.am-ը փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հետևողականորեն և պաշտոնապես ցանկանում լուծարել 2020 թվականի պատերազմից հետո որևէ գործառույթ չիրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ նոր ձևավորվող աշխարհակարգում նախկին ձևաչափերը քիչ հավանական է, որ պահպանման դեպքում որևէ արդյունավետություն ունենան։ Սակայն նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսված էր ԼՂ հիմնահարցը կարգավորելու նպատակով և մինչ 2020 թվականի պատերազմը, չնայած Ադրբեջանի ժամանակ առ ժամանակ դժգոհություններին, պահպանում էր համագործակցությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև Հարավային Կովկասում, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև ապահովում էր բանակցային շարունակականություն։ Լուկիանովի կարծիքով, Ղարաբաղյան հակամարտությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես անբաժանելի երկու հարթություններ էին։

«Ադրբեջանը պատերազմով, ապա՝ սեպտեմբերին իրականացրած գործողությամբ, իր համար, իր ընկալումներում լուծեց ԼՂ հարցն իր օգտին, և չնայած թե ԼՂ հարցի շրջանակում, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում բազմաթիվ խնդիրների, փորձում է ցույց տալ, թե հակամարտություն այլևս գոյություն չունի։ Թեև իրավիճակն ուսումնասիրող բոլոր մասնագետները հասկանում են, որ դա այդպես չէ։ Մինսկի խումբը չի գործում նաև Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմի պայմաններում, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակի որոշակի փոփոխության դեպքում որևէ մեկը չի կարող ասել, թե իրավիճակն ինչպես կփոխվի, և, օրինակ, միջազգային դերակատարներն ինչ գործառույթներ կշնորհեն հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը կոչված էր զբաղվելու այս հակամարտության խնդիրներով»,-նման կարծիք հայտնեց Լուկիանովը։

Նրա որակմամբ, ամենահամակարգված կառույցը, որը կարող է զբաղվել, օրինակ, հարցերով, ինչպիսին ղարաբաղահայերի վերադարձն է իրենց հայրենիք, ԵԱՀԿ Մինսկի խումբն է թվում։

«Բացի այդ, վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՀՀ իշխանությունները փորձում են ինտեգրվել արևմտյան համայնք, իսկ ԵԱՀԿ ՄԽ մնացյալ երկու անդամները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, այսօր Արրբեջանի կողմից դիտարկվում են՝ որպես ավելի հայամետ։ Այլ հարց է, թե դա այդպե՞ս է, թե՞ ոչ, այնուամենայնիվ որոշակի համագործակցություն կա, ուստի Ադրբեջանին ձեռնտու է, որպեսզի բոլոր ձևաչափերը բացառելով՝ Հայաստանի հետ բանակցությունները լինեն բացառապես երկկողմ ձևաչափով՝ առանց Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, անգամ Իրանի կամ Թուրքիայի մասնակցության, քանի որ Ադրբեջանն այդ ձևաչափում կարողանում է իր հարցերը լուծել։ Ինչո՞ւ են պետք երկրներ, որոնք կմիջնորդեն, դրանով իսկ կմիջամտեն, կստանան ազդեցություն և դերակատարություն գործընթացի նկատմամբ։ Ուստի այն տրամաբանությամբ, ինչպես Ադրբեջանը դուրս բերեց բոլոր առանձին միջնորդներին գործընթացից, ներկայումս էլ փորձում է վերջնականապես փակել ԵԱՀԿ Մինսկի խմբի էջը, ունենալով մտահոգություններ, որ դրա պահպանվելու դեպքում ապագայում գուցեև այն ինչ-որ դերակատարություն կարողանա ստանձնել, թեև դրա հավանականությունը շատ քիչ է»,-նկատեց վերլուծաբանը։

Նա նաև ասաց, որ դատելով ադրբեջանական հայտարարություններից, Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խումբն ընկալում է՝ որպես հայամետ ձևաչափ, ուստի կարիք չկա այն պահպանել։

Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը, անդրադառնալով թեմային, ասաց, որ որքան էլ որ ԵԱՀԿ Մինսկի խումբը թե ԵԱՀԿ-ի, թե Հարավային Կովկասի ու Հայաստանի և Ադրբեջանի համար տասնամյակներ շարունակ կարևոր ձևաչափ է եղել, վերջին տարիներին այն չի գործում։ Այդ ձևաչափը, նրա խոսքով, գոյություն չունի ոչ միայն գլոբալ առճակատման, այլև Ադրբեջանի դիմադրության պատճառով։

«Ուստի պահպանել մի բան, որից ստվեր է մնացել, կարիք չկա։ Եթե դերակատարները ցանկանան միջնորդել, կարիք ունեն բանակցային հարթակի, ապա այն կձևավորվի անկախ ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Իսկ Ադրբեջանը ցանկանում է սրանով արձանագրել բոլոր հարցերի լուծումը, փակումը, գիտակցելով, որ կառույցը չկա»,-նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս