Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը ընդունել է Ուկրաինայի Զինված ուժերի համար ստեղծված ծանր իրավիճակը և ասել, որ Կիևին արևմտյան զենքի մատակարարման ձգձգումը հանգեցրել է բացասական հետևանքների: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ փոխանցելով Բաուերի խոսքերը։

«Մենք ավարտեցինք ռազմական կոմիտեի նիստը, ուկրաինական կողմը, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչը մեզ հակիրճ տեղեկացրեց տեղում տիրող իրավիճակի մասին, որը շարունակում է մնալ շատ ծանր, աջակցության ձգձգումները լուրջ հետևանքներ են ունեցել մարտի դաշտում», – ասել է նա:

Նա հավելել է, որ Ուկրաինայի համար հատկացված աջակցությունն այժմ ճանապարհին է և հույս է հայտնել, որ այն կհասնի որքան հնարավոր է շուտ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկով քաղաք՝ մարտի դաշտում իրավիճակը բնութագրելով որպես «չափազանց բարդ»։

Ռուսական զորքերը Խարկովի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են մղում մայիսի 10-ից։ Գնդակոծությունների պատճառով մարզից մի քանի հազար մարդ է տարհանվել։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում Վոլչանսկ քաղաքի մոտ։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ վերջին օրերին հնարավոր է եղել կայունացնել իրավիճակը և ռուսական ուժերին թույլ չտալ գրավել քաղաքը։

Ռուսաստանն իր հերթին հաղորդել է, որ հարձակման սկզբից ի վեր մարզում վերահսկողության տակ է առել 12 գյուղ։ Այժմ, ըստ ռուսական լրատվամիջոցների, ՌԴ ուժերը փորձում են գրավել Լիպցի գյուղը, որը գտնվում է Խարկովից 30 կմ հեռավորության վրա։

Մարտի դաշտում իրավիճակի վատթարացման պատճառով Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին հետաձգել է իր օտարերկրյա այցերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս