Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես փորձում են արտաքուստ ցույց տալ քպականները: «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման զարգացումներին զուգահեռ, ինչպես նաև Բագրատ Սրբազանի մասնավորապես «սրճային» հայտարարություններից հետո ՔՊ-ի ներսում ոչ միայն անհանգստություններն են մեծանում, այլև միմյանց նկատմամբ անվստահությունը: Առավել ևս, որ այս օրերին տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե առանձին քպականներ պատրաստ են «կամուրջներ ստեղծել» շարժման լիդերների հետ, ինչի արդյունքում բոլորը բոլորին սկսել են կասկածամտորեն նայել:

Ընդ որում, Փաշինյանը չի վստահում ոչ մեկին, իսկ «վերին էշելոնի» քպականներն իրենց թիմերով՝ մյուսներին: Ավելին, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Կոպենհագեն մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է, որ քպական պաշտոնյաներն ու հատկապես պատգամավորները աջուձախ «չնայեն», այսինքն՝ այս օրերին այլևս որևէ հանդիպում չունենան ո՛չ բարեկամների, ո՛չ ընկերների, ո՛չ ծանոթների հետ, էլ չենք խոսում «այլ ուժերի» ներկայացուցիչների մասին: «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն»,- հանձնարարվել է քպականներին՝ հավելելով, որ ցանկացած շեղում այս հանձնարարությունից կհամարվի կասկածելի:

Մեր տեղեկություններով, նման հրահանգը ոչ միայն զարմացրել ու նույնիսկ զայրացրել է մի շարք պատգամավորների, այլև ավելի է խորացրել անհանգստությունները. «Բա ասում եք՝ ամեն ինչ լավ է, վերահսկվում է, էլ ինչի՞ համար է այս ամենը»: Նրանց նաև անհանգստացնում է այն, որ Փաշինյանն ինքը հայ ժողովրդից թաքնվում է նույնիսկ մարզերից բերված հազարավոր ոստիկանների թիկունքում, այդ թվում՝ երեկվա միջոցառման ժամանակ, երբ Բագրատ Սրբազանի ընդամենը մեկ հայտարարությունից հետո ժամեր շարունակ Երևանի ամբողջ կենտրոնը լցրել էր ոստիկաններով, ինչը նաև թիմում են համարում Փաշինյանի մեծ վախերի նշան»:

Տեսանյութեր

Լրահոս