Անհնազանդության ետևում կանգնած են որոշ շահագրգիռ անձինք. «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն

Վճարովի ավտոկայանատեղերի անօրինականության մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը: «Ես հայտարարում եմ, որ նմանատիպ բան չկա, դա կանխամտածված ապատեղեկատվություն է և որոշակի շահագրգիռ անձանց կողմից իրականացվող շահարկումներ: «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից իրականացվող բոլոր գործողություններն ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ»,- ասաց նա: Միևնույն ժամանակ նա ասաց, որ բողոքի ալիքի բարձրացումը ևս ապատեղեկատվության հետևանք է:

«Որոշումից ետ կանգնելու կարիք չկա, քանի որ ես վստահ եմ՝ այդ անհնազանդության ետևում կանգնած են որոշ շահագրգիռ անձինք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում ու շարունակում են շահարկումներ անել տվյալ հարցի շուրջ: Դա էլ, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ մի մեծ ստվերային գործունեություն կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վերածվեց ավելի քաղաքակիրթի և օրինական դաշտ մտավ»,- ասաց Վազգեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ ահնազանդություն կարող են հրահրել այն մարդիկ, «ովքեր զրկվեցին իրենց պատառ անօրինական կարկանդակից»:

Վազգեն Հարությունյանն ասաց, որ վարորդների տուգանողը «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը չէ. ««Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործառնությունն ավարտվում է բավարար ապացույցներ ներկայացնելով քաղաքապետարանին տվյալ տրանսպորտային միջոցի վերաբերյալ, որ կայանել է վճարովի ավտոկայանտեղում և տեղական տուրքի վճարը չի ունեցել»: Անդրադառնալով տուգանքի չափին՝ նա ասաց, որ այն սահմանվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքի 124-րդ հոդվածի 7-րդ մասով: Պատասխանելով հարցին՝ ինչու է մեկ տարվա համար նախատեսված 12 հազար դրամ վճարը գործում միայն մինչև ընթացիկ տարվա ավարտը, Վազգեն Հարությունյանն ասաց. «Բոլոր վճարները համարվում են տեղական տուրք, տեղական տուրքը գործում է ընթացիկ տարվա համար, դա ամրագրված է օրենքով, ինչպես նաև 12 հազար դրամ դրույքաչափը, նախատեսված է ընթացիկ տարվա համար: Տուրքը ենթական չէ բաժանելու, կիսելու: Դա ամրագրված է օրենքով, իսկ տուրքի նկատմամբ կարող է իրականացվել վերահաշվարկ. ինչպես նշված քաղաքապետարանի մամուլի ծանուցմամբ, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերը կարող են դիմել քաղաքապետարան տուրքի վերահաշվարկ իրականացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս