Բաժիններ՝

Լեզվակռիվ երևանցիների և գյուղնախարարի միջև

Այսօր մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Կասյան փողոցին հարակից տարածքում, բացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Բացմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Չնայած այն հանգամանքին, որ նախապես ասվել է, որ բացման արարողությանը մասնակցելու է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն վերջինս չէր եկել, այլ իր փոխարեն ուղարկել էր իր կառույցի աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է Galatv.am-ը:

Երբ ժամանել է գյուղատնտեսության նախարարը, գնորդները անմիջապես շրջափակել են նրան և սկսել հայտնել իրենց դժգոհությունը: Խնդիրն այն է, որ բացված շուկայում, որտեղ առևտուր անելու իրավունքը միայն գյուղացիներինն էր, այսինքն բացառվում էր վերավաճառողների ներկայությունը, գները ոչնչով չեն զիջում այլ շուկաներից:

«Չեք ուզում, գնացեք ուրիշ տեղից առեք»,- զայրացած ասել է Սերգո Կարապետյանը: Ի պատասխան՝ մի տարեց քաղաքացի հայտարարել է. «Այ Ձեր սխալը հենց այստեղ է»: Սերգո Կարապետյանը դարձյալ հակադարձել է. «Գյուղացին ուզում է թանկ վաճառի, սակարկեք, իջեցրեք գինը: Ես հարցրեցի, ասեց՝ 200 դրամ է, ասի՝ 150-ով կտա՞ս, ասեց՝ հա, հասկանալի է: Խանութում չեք կարող սակարկել: Այստեղ ո՞վ պիտի կարգավորի գները՝ վաճառողն ու գնորդը. իրենք են պայմանավորվում գնի շուրջ»:

Գյուղնախարարի այն պնդումները, թե այստեղ վերավաճառողներ չեն լինելու, ներկաներից մեկը իրականությանը չհամապատասխանող է համարել և նշել. «Եկեք տանեմ Ձեզ, ամոթ է, ուղղակի ես չեմ ուզում վատություն անել, կողքի շուկայից եկել է ստեղ ու առևտուր է անում»: Սերգո Կարապետյանը, մինչդեռ, դիմելով կնոջը՝ նշել է, որ նա ամեն տարի գալիս է այստեղ, բողոքում, սակայն առևտուր անում: «Ես այստեղից չեմ անում, եկել եմ, տեսել եմ նույն գինն է, չեմ առնում: Ես չեմ ուզում վատություն անել, մեղք է այդ մարդը, թե չէ ցույց կտայի»: «Դե ցույց տվեք, առանց իմանալու ինչի՞ եք խոսում»,- հակադարձել է նախարարը:

Գրեթե բոլոր գնորդները նույն դժգոհությունն են հայտնել, որ գները շատ բարձր են: Իսկ Սերգո Կարապետյանն էլ նույն պատասխանն է տվել՝ ասելով, թե որտեղ էժան է, գնացեք այնտեղից էլ առևտուր արեք:

Լրագրողների հետ զրույցում Սերգո Կարապետյանը դարձյալ նշել է, որ գինը կարգավորում են երկու կողմը՝ գնորդը և վաճառողը: «Ես հիմա մյուս շուկաների գները չգիտեմ, բայց գիտեմ, որ այստեղ վաճառում է բացառապես գյուղացին, և յուրաքանչյուր գյուղացի քրտինք է թափել ու ուզում է իր ապրանքը, արտադրանքը բարձր գնով վաճառի: Եթե ձեռք չտա, ոչ մեկն էլ առևտուր չի անի»,- ասել է գյուղատնտեսության նախարարը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե գնորդներից մեկը վստահեցնում էր, որ այստեղ վերավաճառողներ ևս կան, Սերգո Կարապետյանն արձագանքել է. «Դուք լրագրող եք և կարող եք մեկ առ մեկ ստուգել, որովհետև այստեղ թողնում են միայն անձնագրերով և մարզերից տեղեկանքներով, որ իր սեփական արտադրանքը ինքը այստեղ պետք է վաճառի»:

Նա նաև հայտնել է, որ շուկան բացել են՝ նկատի ունենալով այս համայնքի բնակիչների խնդրանքը: Գյուղնախարարի խոսքերով՝ այստեղ գյուղացիները «տեղի փող» չեն վճարում, և շուկան գործելու է մինչև հունվարի մեկը:

Galatv.am, Փայլակ Ֆահրադյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս