Բաժիններ՝

«Առանց ապագայի տեսլականի՝ ի՞նչ նշանակություն ունի անցյալն ու ներկան»

168.am-ի զրուցակիցը կինոբեմադրիչ Սյուզան Քարդալյանն է:

– Սյուզան, վերջերս Հայաստանում էիք, ի՞նչ նպատակով էիք եկել:

– Անձնական պատճառներով էի Հայաստան եկել, արձակուրդս էի այստեղ անցկացնում:

– Հետաքրքիր է՝ ամեն անգամ Երևան գալուց փոփոխություններ տեսնո՞ւմ եք: Նկատում եմ, որ հետևում եք այստեղ տեղի ունեցող իրադարձություններին, ի՞նչն է Ձեզ ամենաշատը վշտացնում:

Կարդացեք նաև

– Փոփոխություններ միշտ կան, մի մասը՝ դրական, իսկ մի քանիսն էլ՝ բացասական, սակայն ինձ համար ամենակարևորը մարդկանց հավատն է ապագայի նկատմամբ: Փորձում եմ լսել մարդկանց, ծանոթանալ նրանց հոգսերին, հետևում եմ մամուլին: Ցավալին այն է, որ ամեն անգամ կարծես ապագայի նկատմամբ հավատը մաշվում է, կորցնելու ընթացքի մեջ է, իսկ առանց ապագայի տեսլականի՝ ի՞նչ նշանակություն ունի անցյալն ու ներկան:

Syuzan5

– Ի՞նչ եք կարծում՝ որն է մեր՝ հայերիս, ամենամեծ խնդիրը` համախմբված չլինե՞լը, սեփական սխալները չընդունե՞լը…, թե՞…

– Կարծում եմ` ամեն մի ժողովուրդ ունի իրեն յուրահատուկ խնդիրները, որոնք ունեն պատմական, տնտեսական, սոցիալական ակունքներ: Մենք պետք է քայլենք ներկայի հետ, ամեն պահ մեր մտքի մեջ ունենանք պետությանը սպառնացող անվտանգության խնդիրները և ներգործենք կացության վրա` օգտագործելով այն, ինչ ունենք` մտային ու ֆիզիկական ուժ, մշակույթ: Պետք է նաև սկսել մտածել դեմոգրաֆիկ մեր ուժի չգոյության մասին, թե ինչպես պետք է այս խնդիրը լուծենք: Դեմոգրաֆիայի հետ կապված հարցը մեր ամենադժվար և ամենավտանգավոր խնդիրներից մեկն է: Սա, իհարկե, կապված է ծնելիության անկման, արտագաղթի, մեր բնակչության տարիքի հետ (Հայաստանն ունի ծերացող բնակչություն):

Syuzam0

– Ձեր ֆիլմերի հիմքում կոնֆլիկտներն են, հարաբերությունները, ինչո՞ւ եք դա որպես ֆիլմերի նյութ ընտրում:

– Կոնֆլիկտներն իմ սևեռումներն են: Աշխարհի իրադարձությունները հիմնականում կոնֆլիկտների երկար շարք են, այնպես որ, առաջին օրվանից իսկ իմ ֆիլմերի հիմնական թեման կա ու կմնա կոնֆլիկտը:

– Երբևէ Ձեր ֆիլմերի պատճառով խնդիրներ չե՞ք ունեցել: Որո՞նք են փաստավավերագրական ֆիլմեր նկարելու դժվարությունները:

Syuzan2– Փաստավավերագրական ֆիլմեր նկարելու հետ կապված դժվարությունները բազմաթիվ են: Իհարկե, անվտանգության հարցը միշտ կա, մանավանդ, երբ նկարահանում ես կոնֆլիկտային աշխարհագրական շրջաններում: Կարևոր է ամեն ինչ լավ կազմակերպել և մանավանդ՝ լավ հետազոտել, ուսումնասիրել: Առանց ամբողջական ուսումնասիրության` հնարավոր չէ նկարահանել: Դու պարտավոր ես իմանալ խնդրի բոլոր ծալքերը, նույնիսկ, եթե այդ ինֆորմացիայի մեծ մասը հետագայում ավարտած/պատրաստ ֆիլմի մեջ չես օգտագործելու: Այսպիսով` ուսումնասիրությունը, հետազոտությունը փաստավավերագրական նկարահանման ալֆան ու օմեգան է:

– Մեր երկրում ստեղծվե՞լ է այնպիսի միջավայր, որը Ձեզ համար ֆիլմի նյութ կհանդիսանա:

– Ֆիլմի նյութ ամեն քայլափոխի կա: Յուրաքանչյուր մարդ, ով քայլում է փողոցում, ունի իր պատմությունը: Կարևորն այդ պատմությունը բացահայտելն է: Այնպես որ, այսօր Հայաստանում բազմաթիվ թեմաներ կան, որոնք հետաքրքիր են ոչ միայն մեզ, այլև բոլորի համար: Պատմությունը բռնկում է մարդկանց երևակայությունը, երբ այդ թեման համամարդկային է,  մարդ արարածի հուզական աշխահին է դիպչում:

– «Ոսկե ծիրանին» մասնակցելու ցանկություն չունեի՞ք: Առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում կինոփառատոներին:

– Իհարկե, «Ոսկե ծիրանին» մասնակցելու ցանկություն ունեմ, սակայն ես ավելի շահագրգռված եմ ֆիլմերով, որոնք միայն փառատոնային չեն: Փառատոների հաջողության գրավականն այն է, թե քանի մարդ կտեսնի քո ֆիլմը:

– Հիմա ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում:

– Նոր ֆիլմս վերաբերում է արաբական աշխարհին: Այն պատրաստ կլինի 2014 թվականին:

168.am-ն առաջիկայում ռեժիսորի նոր ֆիլմի պատմությունը կներկայացնի ավելի մանրամասն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս