Բաժիններ՝

Դավիթ Ներկարարյան. «Հայ մանրանկարչությունը մեր սարերի նման անկեղծ է» (լուսանկարներ)

168.am-ի զրուցակիցը նկարիչ, ռեժիսոր Դավիթ Ներկարարյանն է:

– Դավիթ, կեսկատակ-կեսլուրջ հարց ունեմ. ի՞նչ եք կարծում՝ Ներկարարյան ազգանունը կրող մարդը չէ՞ր կարող արվեստից հեռու մասնագիտություն ընտրել:

– Կարող էր, ինչո՞ւ ոչ: Հիմա մտածում եմ, որ Ներկարարյան ազգանունը կրող մարդը կարող էր նաև լարախաղաց կամ դերձակ լիներ: Ազգանունը նկարչության հետ ընդհանրապես կապ չունի, իմ դեպքում համընկավ, քանի որ պապիկս երբեմն նկարում էր, հայրս էլ ինքնուս նկարիչ է:

– Այսինքն՝ գեներով էլ է նկարելու շնորհքը փոխանցվել…

Կարդացեք նաև

– Այո, կարծում եմ` գեներով փոխանցվել է:

– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Դուք նկարչությամբ տարվեցիք:

– Երբ փոքր տարիքում ես ու եղբայրս նկարում էինք, ինձ միշտ թվում էր, որ նա ավելի լավ է նկարում (ժպտում է.- Գ.Ա.): Մտածում էի, որ ես նկարել չգիտեմ, բայց չգիտեմ՝ ինչպե՞ս ստացվեց, ես շարունակեցի այս ուղղությամբ, ինքը` ոչ:

– Երբ դիտում էի Ձեր նկարները, ինձ թվաց, որ կերպարները շատ բարի են, հանգիստ, նրանցից դրական էներգիա է փոխանցվում…

– Ինձ թվում է` այո, բայց դա դիտորդից է կախված: Նկարչի համար դժվար է ասել` ինչպիսին են իր կերպարները: Ես առհասարակ սիրում եմ հրեշտակներ նկարել: Ինձ դուր են գալիս այդ կերպարները, ցանկանում եմ, որ այդ պաշտպանները նաև իմ նկարներում երևան: Ընդհանրապես իմ նկարչության մեջ հոգևոր թեմա կա: Մեր հայ մանրանկարիչներն ինձ վրա մեծ ազդեցություն են թողել: Կարծում եմ` հայ մանրանկարչությունը մեր սարերի նման անկեղծ է: Երբ այդ թեմաներով նկարում եմ, ողջ ուշքս ու միտքս իմ հողն ու ջուրն է, հատկապես այն դեպքում, երբ նկարում եմ այստեղ` Մոսկվայում: Չգիտեմ՝ ինչից է, բայց նկարներումս միշտ սար եմ նկարում, որը երևի կապված է նաև հայ ժողովրդի ուսերին դրված բեռի հետ, որը նա տանում է ու պետք է տանի:

davit15

– Մյուս նկարների հերոսները մտացածի՞ն են, թե՞ վերցված են իրականությունից:

– Իհա՛րկե իրականությունից են: Նկարներիս մեջ որքան կերպարներ եմ ստեղծում, ցանկանում եմ, որ դրանք իրական լինեն, վերցված լինեն մեր իրականությունից: Այնպես չի, որ նկարիչը պետք է փակվի իր քարանձավում և գլուխգործոցներ ստեղծի: Ես չեմ հավատում դրան, նկարիչը պետք է շփվի տարբեր բնավորության ու տարբեր բնագավառների մարդկանց հետ, որպեսզի կարողանա ընտրություն անել և հասկանալ, թե իրեն ինչ է պետք: Առհասարակ արվեստի մեջ մարդը պետք է իմանա՝ ո՞վ է և ի՞նչ կարող է անել, ինչի՞ է ընդունակ: Մնացածն ինքնըստինքյան կստացվի, արդեն նրա հերոսներն էլ կդառնան ճիշտ, հայրենասիրությունն էլ` անկեղծ ու գիտակցված:

– Նկատում եմ` գույների սահմանափակում չկա…

– Վաղ շրջանի նկարներն ավելի վառ էին, հիմա ավելի շատ հանգիստ գույներ եմ սիրում: Հնարավոր է՝ կրկին սկսեմ վառ գույներ օգտագործել: Առհասարակ գույների հետ խաղալը պրոֆեսիոնալիզմ է պահանջում, պետք է պատասխանատվորեն մոտենալ դրան:

– Հիմա Մոսկվայում եք գտնվում… Ձեզ համար նշանակություն ունի՞՝ որտեղ եք ստեղծագործում:

– Ստեղծագործելու առումով՝ կարող եմ ասել, որ Հայաստանը դրախտ է, նույնը չեմ կարող ասել՝ վաճառելու առումով: Ես չգիտեմ մի նկարիչ, ով չի ցանկանում իր նկարները վաճառել: Եթե նկարիչ ես, ապա, նկարներդ ծախվեն թե չծախվեն, նկարելու ես, բայց երբ վաճառվում են, ավելի լավ է լինում: Մոսկվան սառը երկիր է, չնայած տեսնելու շատ բաներ կան, բայց ամեն դեպքում, երբ քայլում եմ այստեղի փողոցներով, ցանկանում եմ մեր բլուրները տեսնել:

davit9

– Որպես երիտասարդ արվեստագետ` ի՞նչ խնդիրների եք բախվում:

– Առաջինը՝ նկարներս վաճառելու, մարդկանց հրամցնելու խնդիրն է: Այստեղ պետք է մարդկանց մանրամասն բացատրես` ի՞նչ ես նկարել և ինչո՞ւ: Մերոնք բծախնդրորեն կնայեն, բայց այդ հարցը չեն տա: Եթե նկարը դուր գա՝ կգնեն, եթե ոչ` ոչ: Կարծում եմ, որ եթե նկարիչը սկսում է իր նկարը բացատրել, մեկնաբանել, հետաքրքրությունն արդեն կորցնում է:

– Ունե՞ք այնպիսի նկար, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեք:

– Վաղ շրջանի նկարներ կան, որոնք ավելի շատ եմ սիրում, քան նոր շրջանի նկարները: Առհասարակ, երբ նկարում եմ, այդ մեկ օրվա ընթացքում կարող եմ անընդհատ նայել նկարին ու մտածել` ի՜նչ լավ է ստացվել, բայց հենց վերջացնում եմ, այն դառնում է սովորական նկար:

– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք ռեժիսուրայով տարվել:

– Մինչ բանակ գնալս դրա մասին չէի էլ մտածում: Բանակում ֆիլմեր դիտելու հնարավորություն կար, և այդ ժամանակվանից էլ որոշեցի, որ հենց զորացրվեմ՝ պետք է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ ընդունվեմ:

– Ձեր նկարների և ֆիլմերի հերոսների միջև նմանություններ կա՞ն:

– Ինձ թվում է` մոտեցումը նույնն է: Մի դեպքում՝ վրձինն է, մյուս դեպքում` տեսախցիկը: Ֆիլմերում գույների, կադրերի ընտրության հարցում նկարչի ձեռագիրս զգացվում է, ու դա բնական է: Նկարներս և ֆիլմերս իրար նման են նաև այն առումով, որ երբեմն հիշողություններս ինձ մանկություն են տանում: Այս թեման նկատվում է նաև իմ վերջին ֆիլմում:

davit3

– Նկատի ունեք «Խաղեր և արևներ» ֆի՞լմը: Ե՞րբ եք նկարել այն:

– Այո: Նկարել եմ 2011 թվականի սեպտեմբերին: Երբ Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքը կարդացի, որոշեցի ֆիլմ նկարել, որը և նման կլիներ այդ պատմությանը, և նման չէր լինի: Այդ ֆիլմս Հրանտ Մաթևոսյանին եմ նվիրել: Մի քանի անգամ փորձեցի կապ հաստատել նրա տղայի հետ և ֆիլմս նրան ցուցադրել: Նույնիսկ Հ. Մաթևոսյանի աղջկան գրեցի և ասացի, որ կցանկանամ՝ Դ. Մաթևոսյանն այս ֆիլմը տեսնի: Տղայից ոչ մի նամակ, ոչ մի արձագանք չեղավ: Մի՞թե նրան չի հետաքրքրում…

– Արվեստն ինքնարտահայտման միջոց է, և հետաքրքիր է՝ Դուք Ձեզ որտե՞ղ եք կարողանում ավելի լավ արտահայտել` նկարչությա՞ն, թե՞ ֆիլմարտադրության ոլորտում:

– Սա շատ լավ հարց է, միաժամանակ բարդ է պատասխանել: Ես փորձում եմ համատեղել այս երկու ոլորտները: Նկարչության դեպքում, եթե դու ունենաս թուղթ և մատիտ, կարող ես ստեղծագործել, ֆիլմի դեպքում այդպես չէ: Ֆիլմը խմբակային աշխատանք է, մյուս կողմից էլ՝ ֆինանսական միջոցներ է պահանջում: Ֆիլմ նկարելը հաճելի գործընթաց է, բայց շատ բարդ է: Մարդ կա, որ չի կարողանում ֆինանսական միջոցներ գտնել: Մեզ մոտ հաճախ ռեժիսորն է այդ հարցերով զբաղվում, բայց դա պրոդյուսերի աշխատանքն է: Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, ես, օրինակ, չեմ կարողանում գումար հայթայթելու հարցերով զբաղվել:

– Իսկ տարբեր ցուցահանդեսներին, կինոփառատոներին մասնակցություն ունենալը կարևորո՞ւմ եք:

– Այո, դա շատ կարևոր է: Հաճելի է, երբ մրցանակ ես ստանում, երբ աշխատանքդ գնահատվում է: Ցանկացած արվեստի մարդ ցանկանում է մրցանակ ստանալ: Ես ինքս շատ եմ ուրախանում: Առհասարակ փառատոներն ինչքան շատ լինեն Հայաստանում, այնքան լավ:

– Հայաստան գալու մտադրություն կա՞:

– Ցանկություն կա, պիտի գամ, բայց այս պահին գալու մտադրություն չկա:

– Կյանքն այդտեղ ավելի հե՞շտ է, քան Հայաստանում:

– Ես այստեղ քիչ եմ իմ մայրենի լեզվով խոսում, այս առումով բարդ է, բայց ես եմ ընտրել իմ ուղին ու դեռևս չեմ դժգոհում: Օտար երկրում ապրելը հեշտ չէ, չնայած Հայաստանում էլ հեշտ չէր ապրել: Հիմա կյանքի այնպիսի մի շրջան է, երբ դու բարձրանում ես, աճում: Առհասարակ արվեստի մարդու համար հաց ու ջրի պես անհրաժեշտ է դուրս գնալ ու տեսնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս