Տաթև Մնացականյան. «Իմ նպատակը շոուներ անելը չէ: Բոլոր այդ շոուները փուչիկի նման են, մի օր պայթելու են և ոչինչ չի մնալու» (լուսանկարներ)
Հունիսի 30-ից հուլիսի 8-ը Լեհաստանի Զբոնշին քաղաքում արդեն 17-րդ անգամ տեղի ունեցավ Experimental art festival-ը, որին առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը: Լուսանկարչուհի Տաթև Մնացականյանը փառատոնի ընթացքում ներկայացրել է իր նախագիծը, որը կրում է «Արվեստի երախտավորներ. Միջազգային մշակութային երկխոսություն» անվանումը, Հայաստանի, Եգիպտոսի և արդեն լեհ արվեստագետների միջև:
168.am-ի հետ զրույցում լուսանկարչուհի Տաթև Մնացականյանը կիսվել է փառատոնից ստացած իր տպավորություններով և պատմել է առաջիկա ծրագրերի մասին:
– Տաթև, կպատմե՞ք Ձեր տպավորությունների մասին: Փառատոնի շրջանակում ինչպիսի՞ ցուցադրություններ ունեցաք:
– Ինչպես գիտեք` Հայաստանն առաջին անգամ մասնակցեց այս փառատոնին և, կարելի է ասել, ոչ միայն մասնակցեց, այլև ներկայացրեց մեր արվեստագետներին: Փառատոնը շատ լավ անցավ, ցուցադրությունը դեռևս շարունակվում է: Զբոնշին քաղաքն ինքնին մշակութային է, և ողջ քաղաքն արվեստով է շնչում: Ցավում եմ, որ մեզ մոտ նման քաղաքներ չկան: Մեզ մոտ վատն այն է, որ ամեն ինչ փորձում են Երևանում կենտրոնացնել, բայց չէ՞ որ մենք ունենք նաև այլ քաղաքներ՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս, և այլն:
Փառատոնին ներկայացումներս երեք տարբեր ձևերով ներկայացրեցի: Եթե մյուս արվեստագետներին մի քանի ժամ էր հատկացվում, ապա իմ դեպքում միջոցառման կազմակերպիչներն այնքան էին աշխատանքներս հավանել, որ երեք օր հնարավորություն տվեցին ցուցադրություններ կազմակերպել: Ես էլ երեք օրերի ընթացքում փորձեցի երեք տարբեր ձևերով տեղի մարդկանց և արվեստագետներին հասու դարձնել հայ, եգիպտացի մեծերին: Առաջին օրը տեղի մեծ ու հին եկեղեցու պատին վիդեո արտապատկերման միջոցով ցուցադրվեցին իմ լուսանկարները: Կարևոր էր նաև այն, որ իմ աշխատանքների ցուցադրությունը տեղի ունեցավ Գերմանիայից ժամանած հայտնի սաքսոֆոնահարի երաժշտության ուղեկցությամբ:
Նա ևս եկել էր ներկա գտնվելու միջոցառմանը: Երկրորդ օրը տպագրվեցին մեծ չափերի լուսանկարներ, որոնք փակցվեցին քաղաքի շենքերի վրա: Ընտրեցի ամենահետաքրքիր շենքերը՝ թանգարան, գրադարան և այլն, որպեսզի անցորդներին ու հեծանվորդներին տեսանելի և հասու լինեին: Երրորդ օրն էլ իրենց մշակութային կենտրոնի հատուկ դահլիճում Վիվալդիի երաժշտության ներքո ցուցադրվեցին այս լուսանկարները: Ցուցադրումն ավարտվեց բուռն և երկարատև ծափահարությունների ներքո: Շատ տպավորիչ երեկո էր:
– Տաթև, նախագծի շրջանակում ովքե՞ր են դառնում Ձեր լուսանկարների հերոսները:
– Նախագիծը նվիրված է մեր կողքին, մեզ հետ ապրող հայ արվեստի, մասնավորապես՝ նկարիչ, քանդակագործ նահապետներին: Ծրագրի մասին տեղյակ են և իրենց հավանությունն են տվել Հայաստանի Արտաքին գործերի և Մշակույթի նախարարությունները: Այն շատ ընդգրկուն է և իր մեջ ներառելու է ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքի գաղթօջախներում դեռևս ապրող ու ստեղծագործող հայ արվեստի ներկայացուցիչներին, ամենատարեցը՝ 102 տարեկան: Ափսոս, իմ ֆոտոշարքի մեջ ընդգրկված արվեստագետներից մի երկուսն այլևս մեզ հետ չեն: Ծրագրի նպատակն է՝ վեր հանել, ի մի բերել մեր երախտաշատ արվեստի գործիչներին իրենց իսկ ստեղծագործական միջավայրում, ովքեր իրենց ողջ կյանքը բոլորանվեր մատուցել են մեր երկրի և ազգի բարօրությանը, նրա արվեստի զարգացմանը, և նրանց հասու դարձնել հասարակությանը: Մեզ մոտ այնքան սերմ է ցանվել, և այնքան արվեստագետներ են ծնվում, բայց, ցավոք սրտի, նրանց տեր չեն կանգնում: Չգիտեմ՝ ի՞նչն է խնդիրը: Նախագծիս հիմնական իմաստը ներկայումս ապրող արվեստագետներին իրենց կենդանության օրոք հարգելն է:
Շատերի համար զարմանալի է, թե ինչո՞ւ եմ այս նախագծով զբաղվում: Կարող եմ շոուներ անել և կարճ ժամանակում հայտնի դառնալ: Իմ նպատակը դա չէ: Բոլոր այդ շոուները փուչիկի նման են, մի օր պայթելու են, և ոչինչ չի մնալու: Ես չեմ ցանկանում դա անել, իմ գերնպատակը հայտնի դառնալը չէ: Շատ արտիստներ մահանում են և միայն դրանից հետո սկսում են նրանց գովալ ու հիշել: Ցանկանում եմ այդ մարդկանց վերև հանել, քանի որ նրանցից շատերն այնքան համեստ են, որ չեն ցանկանում երևալ: Ես փորձում եմ նրանց անձնավորել:
– Նախորդ հարցազրույցի ժամանակ ասել էիք, որ արվեստագետի արժեքը դրսում ավելի ճիշտ է գնահատվում, քան այստեղ: Այս երևույթը շարունակվո՞ւմ է:
– Վերջերս ծանոթներիցս մեկն ասաց, որ, եթե ուզում ես այս ծրագիրդ հայտնի դառնա, գնա դուրս, որոշ ժամանակ այնտեղ ապրի, ստեղծագործի, և հենց հետ վերադառնաս, դու կլինես ամենավերևում: Ասացի, որ չեմ ցանկանում դրսում ապրել: Հնարավորություններ շատ եմ ունեցել և կարող էի դրսում ապրել ու ստեղծագործել: Եթե այս նախագիծս այստեղ գնահատանքի չարժանանա, ստիպված գնալու եմ: Ասում ենք՝ ունենք պատմություն, գանձեր, արվեստ և այլն, բայց չենք զբաղվում դրանցով: Զբաղվել է պետք…
– Մինչդեռ նախագիծը Լեհաստանում լավ ընդունվեց…
– Առհասարակ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպե՞ս կներկայացնես քո աշխատանքները: Զբոնշին քաղաքում, ինչպես արդեն ասացի, երեք օրերի ընթացքում աշխատանքներս ցուցադրվեցին և մեծ արձագանք ունեցան: Հիմա փորձում եմ Վարշավայում ցուցահանդես իրականացնել:
– Այս շարքն ուրիշ ո՞ր երկրներում եք պատրաստվում ցուցադրել:
– Այս ուղղությամբ աշխատում եմ: Չգիտեմ՝ Հայաստանում կլինի՞, թե՞ ոչ, բայց Արցախի մշակույթի նախարարության հետ հիմա բանակցություններ են տարվում: Նախագիծս գլորվելով մեծանում է, ավելի է մեծանում, և շատ եմ ցանկանում, որ այն ողջ աշխարհում ցուցադրվի: Միգուցե խենթ միտք եմ ասում, բայց ես դա փառքի համար չեմ անում: Անում եմ մի քայլ, որն ինձնից հետո մնայուն արժեք է դառնալու: Ես սա անում եմ ոչ միայն մեծերի, այլև երիտասարդների համար, որպեսզի նրանք այս մարդկանց հիմա ճանաչեն ու գնահատեն: Շտապում եմ ծրագիրն իրականացնել, քանի որ կյանքն իրենն է անում, և մեր արվեստի նահապետների ցանկը կամաց-կամաց նոսրանում է: Իմ ցանկությունն է, որ նրանք իրենք իրենց իսկ աչքով տեսնեն՝ թեկուզ և այսպես մեծարված: Չէ՞ որ, որքան էլ ցավալի է նկատել, սովորաբար մեծարման խոսքեր հնչում են մեծամասամբ միայն այն ժամանակ, երբ մեծարվողն այլևս լսել կամ տեսնել անկարող է:
Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Տաշքենդում կայացած 6-րդ միջազգային Ֆոտոբիենալեում Տաթև Մնացականյանի աշխատանքներն արժանացան ոսկե մեդալի: Այդ առիթով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հրավերով և հովանավորությամբ Ազգային ժողովի ցուցասրահում տեղի ունեցավ նրա գործերի ցուցադրությունը, որում տեղ էր գտել ոչ միայն Ֆոտոբիենալեում ոսկե մեդալ շահած գործը, այլև երեք տարիների իր աշխատանքի արդյունք հանդիսացող, հայ արվեստի երախտավորներին նվիրված գործերի շարքից մի ստվար հատված: Հետո այս լուսանկարների շարքը լուսանկարչուհին ներկայացրել է ՀՀ նախագահի 2012թ. մրցանակին:
Տաթևը հայաստանյան նյութերին վերջերս ավելացրել է նաև եգիպտացի/արաբ ու եգիպտահայ արվեստի գործիչներին վերաբերող գործեր՝ հատուկ սրտդողությամբ ու հարգանքով վեր հանելով Պողոս բեյի/Յուսուֆեան և Նուբար փաշայի ազգանվեր դիմագիծը, Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան և Եգիպտոսի Արտաքին գործերի ու Մշակույթի նախարարությունների կողմից հրավիրվելով Եգիպտոս՝ հայ-եգիպտական հարաբերությունների մակարդակով: Հետո հատուկ հրավերքով արդեն հայ-եգիպտական մշակութային երկխոսությամբ նախագիծը ցուցադրվեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում՝ նվիրված Մտավոր սեփականության համաշխարհային օրվան և Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության օրվան: