Հայաստանը հաղթել է Ղարաբաղյան պատերազմում՝ ի հեճուկս Ռուսաստանի

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, ընդլայնման և հարևանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երևանյան այցի ժամանակ որոշակիորեն փոխեց Հայաստանում եղած այն պատկերացումները, որ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացներն անհամատեղելի են, և հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագիրը որևէ բացասական ազդեցություն չի ունենա ՌԴ-ի հետ Հայաստանի ավանդական կապերի վրա, և, որ այդ համաձայնագիրը չի դնում քաղաքակրթական ընտրության հարց: Ի վերջո, Ասոցացման համաձայնագիրը քաղաքակա՞ն, տնտեսակա՞ն, թե՞ քաղաքակրթական ընտրություն է:

– Ես հանդիպել եմ Ֆյուլեի հետ հինգշաբթի օրը և զրուցել մոտ մեկուկես ժամ, և ինձ հետ զրույցում նա ավելի մանրամասն բացատրեց խնդրի էությունը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը կանգնած է Եվրոպական միության հետ ավելի խորը հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Առաջին մասն Ասոցացման պայմանագիրն է, որը քաղաքական է, երկրորդը` Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրն է, որը տնտեսական է: Այսպիսով, կա քաղաքական ասոցիացում և տնտեսական ինտեգրացիա: Բայց այս երկու կետերն էլ հիմնված են այն հասկացության վրա, որ Հայաստանը պետք է կիսի եվրոպական արժեքները:

Եթե մենք դիտարկենք, թե ինչ է ասում Ֆյուլեն, և ինչ է ասում Հայաստանի իշխանությունը, կթվա, թե նրանց տեսակետները տարբեր են, բայց դա այդպես չէ: Հայաստանի իշխանությունները միշտ հայտարարում են, որ սա արվում է եվրոպական արժեքները կիսելու նպատակով: Իսկ Ֆյուլեն նկատի ուներ, որ անպայման չէ այս համաձայնագիրը համարել քաղաքակրթական ընտրության հարց: Իմ կարծիքով` նա ուզում էր ասել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև այս գործընթացը դրական երևույթ է, և այն բացասական զարգացում չէ Ռուսաստանի համար: Եվ այս համատեքստում երկու կողմերն էլ ճիշտ են, և պետք է նշեմ, որ ռուսական արձագանքը սրան չափազանց խիստ և սխալ է: Իրականում ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրը լավ երևույթ է Ռուսաստանի համար, քանի որ այն Հայաստանին դարձնում է ավելի ուժեղ և ավելի կայուն: Եվ Հայաստանն ավելի շատ բան կարող է առաջարկել Ռուսաստանին` որպես Ռուսաստանի միակ վստահելի գործընկերը և դաշնակիցը տարածաշրջանում: Սա քաղաքական ասպեկտն էր:

Կարդացեք նաև

Եկեք այժմ անդրադառնանք տնտեսականին. Ասոցացման համաձայնագիրը կանխում է Հայաստանի հարաբերությունների զարգացումը, այսպես կոչված, Մաքսային միության հետ:

Կարող են լինել որոշակի բանակցություններ, և կայացվի որոշում, բայց չեմ կարծում, որ Հայաստանն այս առումով ունի որևէ այլընտրանք: Եվրոպական միության հետ համագործակցությունից շահույթը միանշանակ ավելի շատ է, քան Մաքսային միությունից:
Կա ևս մի բան, որը ցանկանում եմ ավելացնել. չնայած Վիլնյուսի գագաթաժողովի հաջողության հավանականությանը` այս գործընթացը կարծես թե տևելու է մի քանի տարի, ես դա չէի պատկերացնում: Ես նաև չէի պատկերացնում, թե այն որքան ինտենսիվ է: Օրինակ` Ասոցացման պայմանագիրը կազմում է 250 էջ, իսկ Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը` ավելի քան 1000 էջ: Այդ պատճառով այս պայմանագիրը շատ դրական է Հայաստանի համար, քանի որ Հայաստան կբերի մրցակցություն` բացելով հայկական շուկան: Երկրորդը` Հայաստանը ռազմավարական հնարավորություն կստանա մտնել եվրոպական ավելի մեծ շուկաներ: Եվ սա իր հերթին` կարող է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը:

– Իսկ որևէ խոչընդոտ կարո՞ղ է լինել մինչ այս համաձայնագրի ստորագրումը:

– Այո՛, խոչընդոտներ և մարտահրավերներ, իհարկե, կան, դրանք հիմնականում երեքն են: Առաջինը միշտ եղել է. խոսքը Հայաստանի ներքին մարտահրավերների մասին է: Հայաստանն ընդունում է այս պայմանագիրը, բայց պետք է իրականացնի դրա կետերը` այն ստորագրելու համար: Եվ սա մարտահրավեր է Հայաստանի իշխանության համար: Երկրորդ մարտահրավերն ավելի նոր է. դա այն արձագանքն է, որը մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքական դաշտի ռուսամետ ճամբարից: Եթե խոսենք համակարգչային խաղերի լեզվով, նրանց համար կարելի է օգտագործել «զայրացած թռ չուններ» (Angry birds) տերմինը («Կընմանին»,- արևմտահայերենով ավելացնում է նա.- Ա.Ս.):

Իսկ երրորդ մարտահրավերը վերաբերում է Եվրոպական միությանը, որը պետք է իրականացնի Հայաստանի սպասելիքներն ու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանի առջև: ԵՄ-ն նաև պետք է վստահեցնի, որ այս գործընթացը ԵՄ-ի որևէ անդամի կողմից չի ուղղվի Ռուսաստանի դեմ:

– Քիշնևում` Արևելյան գործընկերության համաժողովին, Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համատեքստում հիշատակեց հայ-թուրքական սահմանների հարցը: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է` հայ-թուրքական արձանագրությունները կրկին վերադարձվեն օրակարգ:

– Այո՛, նախագահը շատ իրավացիորեն բարձրացրեց այս հարցը, և այստեղ կա կապ, որովհետև այն պայմաններում, երբ Հայաստանն ավելի է մոտենում Եվրոպական միությանը, Թուրքիայի կողմից Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկի բացումը մերժելը դառնում է անընդունելի: Կա նաև տնտեսական կողմը, քանի որ սահմանները փակ պահելը խախտում է համաշխարհային առևտրի մասին պայմանագիրը և բոլոր մյուս միջազգային պայմանագրերը: Ուստի, այո՛, սա նաև վերաբերում է Թուրքիային, և այս հարցում Հայաստանի ավելի ուժեղ կեցվածքին: Բայց պետք է ավելացնեմ, որ սա վերաբերում է նաև Ադրբեջանի ու Հայաստանի ավելի ուժեղ դիրքորոշմանը, որովհետև Հայաստանը, մասնակցելով վիլնյուսյան գագաթաժողովին, հնարավորություն կունենա ավելի մեծ շահույթ ստանալ, քան Ադրբեջանը, որը չի մասնակցում այս գործընթացին:

– Իսկ, ընդհանրապես, Ռուսաստանից ներկրվող բնական գազի գնի բարձրացումը և զենքի վաճառքը Ադրբեջանին համարո՞ւմ եք քաղաքական ճնշում Հայաստանի վրա:

– Ո՛չ, բայց թույլ տվեք բացատրել: Երկու իրադարձություններն էլ` և՛ գազի գնի բարձրացումը, և՛ զենքի վաճառքն Ադրբեջանին, տեղի էին ունեցել ավելի շուտ` մինչ այս գործընթացի սկսվելը: Մենք բոլորս էլ դեռ մինչև ընտրությունները գիտեինք, որ գազի գները բարձրանալու են: Միաժամանակ Ռուսաստանը մի քանի տարի առաջ դարձավ ամենամեծ զենքի մատակարարն Ադրբեջանի համար, ուստի սա չի կարելի համարել Ռուսաստանի պատիժը Հայաստանին` եվրոպական գործընթացի պատճառով: Բայց միաժամանակ` սա ցույց է տալիս, որ ռուսական քաղաքականությունը և ռուսական շահերն այս տարածաշրջանում փոխվել են: Ռուսաստանը կարող է մնալ հայամետ, բայց նա այլևս չունի հակաադրբեջանական ուղղվածություն:

Սակայն եկեք ազնիվ լինենք. այն, ինչ անում է Ռուսաստանը, բխում է Ռուսաստանի ազգային շահերից: Սխալ է միշտ մտածել, թե Ռուսաստանը պետք է անի միայն այն, ինչ բխում է Հայաստանի շահերից: Հենց այս պատճառով Եվրոպական միության հետ այս հնարավորությունը շատ կարևոր է` Հայաստանին ավելի մեծ հնարավորություններ ընձեռելու առումով:

– Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի իրական ռազմավարական գործընկերությունը, եթե փորձենք հարցը դիտարկել հուզական դաշտից դուրս:

– Մի կողմից` Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցությունը գտնվում է Ադրբեջանի հակառակ ճամբարում, և Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի միակ վստահելի գործընկերն է և Հարավային Կովկասում միակ երկիրն է, որի տարածքում կա ռուսական ռազմական բազա, ՀԱՊԿ-ի միակ անդամն է և նաև տարածաշրջանում միակ պետությունն է, որը Ռուսաստանից ստանում է զեղչված զենք: Ադրբեջանին ռուսական զինատեսակների մատակարարումն ավելի շատ առևտրային գործարք էր, բայց այս մասնավոր դեպքը նշանակալի է երկու հիմնական պատճառներով: Առաջինը` Ադրբեջանին վաճառված բոլոր զենքերը հարձակողական են, ոչ թե պաշտպանական, ինչը վտանգավոր է:

Երկրորդը` սա փորձ է` խախտելու ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև: Սակայն հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են: Իմ հիմնական քննադատությունն այն է, որ Ռուսաստանը բավարար հարգանք չի ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, և կա հավասարակշռության պակաս:

Բայց եկեք անկեղծ լինենք. Հայաստանը հաղթել է Ղարաբաղյան պատերազմում ոչ թե` ի շնորհիվ, այլ` ի հեճուկս Ռուսաստանի: Նույն տրամաբանության շրջանակներում` Հայաստանի անվտանգությունը պետք է հիմնված լինի սեփական ուժի, այլ ոչ թե այլ երկրներից կախվածության վրա, ո՛չ ՆԱՏՕ-ից, ո՛չ ամերիկացիներից և ո՛չ էլ ռուսներից:

– Կարելի է եզրակացնել, որ այնքա՞ն էլ իրատեսական չեն այն խոսակցությունները, որ Հայաստանը պետք է ձգտի անտանգության ոլորտում Ռուսաստանի հետ գործընկերությունը փոխարինել արևմտյան ռազմական կառույցների հետ համագործակցությամբ: Հիշենք, որ նույնիսկ Սևրի պայմանագրից և ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռից հետո Միացյալ Նահանգներն այդպես էլ չստանձնեց Հայաստանի մանդատն ու անվտանգության երաշխավորի դերակատարությունը:

– Լավ հարց է, և ես անկեղծ կլինեմ: Առաջինը` խնդիրն իրականում ավելի բարդ է, քան թվում է: Նախ` մենք ունենք Վրաստանի դասը, և Հայաստանն այս պահին բավական խելամիտ է այն առումով, որ չի անդամագրվում ՆԱՏՕ-ին: Երկրորդը` գրեթե անհնար է, որ Հայաստանը հանկարծակի խզի կապերը Ռուսաստանի հետ և գնա դեպի Արևմուտք: Դա վատ կլինի Հայաստանի համար, և, որ ավելի կարևոր է, Արևմուտքը չի ցանկանա այդչափ բացեիբաց սադրել Ռուսաստանին: Փոխլրացման և հավասարակշռման քաղաքականությունը լավ է ինչպես` Հայաստանի, այնպես էլ` Ռուսաստանի և Արևմուտքի համար: Բայց, բարեբախտաբար, ոչ ոք չի ցանկանում Հայաստանին խլել Ռուսաստանից:
Ավելին, Հայաստանը ոչ թե պետք է աշխատի իրեն Ռուսաստանից հեռացնելու և Արևմուտքին մոտեցնելու վրա, այլ պետք է ձգտի ավելի կայուն և հավասար հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս