
Մյունխենի դատարանը Բաքվից կաշառք ստանալու համար Բունդեսթագի պատգամավորին դատապարտել է ազատազրկման

Մյունխենի դատարանը, 6 ամիս տևած ինտենսիվ լսումների արդյունքում, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներին դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝ Ադրբեջանից կաշառք ստանալու և այդ գումարով նաև ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու համար։
Հանրային ռադիոյի հրապարակած նյութի մեջ նշվում է, որ հետաքննության տվյալներով՝ Էդուարդ Լինտները, որը 2010 թվականից եղել է Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի անդամ, ադրբեջանական շահերն առաջ տանելու, և Բաքվի թելադրանքով քվեարկելու նպատակով մինչև 2016 թվականը շուրջ 4 միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով։
Ընդգծվում է, որ դատաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ այդ գումարի մի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ այլ անդամների, որոնք պետք է ադրբեջանական կողմի թելադրած պայմաններով ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։Մյունխենի դատարանի որոշումն առաջին դատավճիռն է Գերմանիայում՝ Բունդեսթագի պատգամավորին կաշառելու մեղադրանքով՝ համաձայն Գերմանիայի քրեական օրենսգրքի 108Ե հոդվածի։
Մյունխենի Բարձրագույն երկրամասային դատարանի քրեական գործերով 6-րդ պալատը միաժամանակ որոշել է բռնագանձել 111.330 եվրո՝ մահացած պատգամավոր Կարին Շտրենցի ժառանգից. Շտրենցը ևս թաթախված է եղել Ադրբեջանից գումար ստանալու և ԵԽԽՎ-ում ի շահ այդ երկրի գործելու հանցավոր արարքներում։
Մյունխենի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր և քրեական գործերի մամուլի ծառայության ղեկավար դոկտոր Լորան Լաֆլյորը Հայաստանի Հանրային ռադիոյին տրամադրել է դատարանի վճիռը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանը հիմնական դատավարության ընթացքում հաստատված է համարել մեղադրանքը։ Մեղադրյալը՝ Բունդեսթագի երկարամյա պատգամավոր, 2014 թվականի սեպտեմբերին ձեռք է բերել անժամկետ ապօրինի պայմանավորվածություն մահացած պատգամավոր Կարին Շտրենցի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Համաձայն այս պայմանավորվածության՝ Կարին Շտրենցը պետք է աշխատեր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և Բունդեսթագում՝ Ադրբեջանի ցուցումներով, և դրա դիմաց ամսական ստանար շուրջ 7500 եվրո։ Վճարումները կատարվել են մեղադրյալ Լինտների հիմնադրած «Line M-Trade UG» ընկերության միջոցով՝ ձևական խորհրդատվական պայմանագրի շրջանակում։
2014 թվականի դեկտեմբերին և 2015-ի հունվարին նշված ընկերությունը Բունդեսթագի այդ ժամանակ պատգամավոր Կարին Շտրենցին փոխանցել է 22.500 եվրո։ Ադրբեջանից հոսած այս վճարումները ստանալով՝ Շտրենցը ԵԽԽՎ-ում սկսել է հանդես գալ Ադրբեջանի շահերը պաշտպանող ելույթներով, իսկ որպես Մոնիթորինգային հանձնաժողովի անդամ՝ աջակցել Ադրբեջանին նաև խորհրդարանական վեհաժողովի քվեարկությունների ժամանակ։ Դատարանի գնահատմամբ՝ հենց Էդուարդ Լինտներն է եղել այս պայմանավորվածության հիմնական կազմակերպիչն ու շահառուն։ Նա ոչ միայն ներգրավված է եղել, այսպես կոչված, «խավիարային» պայմանագրի կազմմանը, այլև շահագրգռված է եղել դրանում՝ ցանկանալով շարունակել Ադրբեջանի հետ եկամտաբեր գործակցությունը նույնիսկ Բունդեսթագից և ԵԽԽՎ-ից հեռանալուց հետո։
Մյունխենյան դատարանի վճռում նշվում է, որ 2015 թվականի մարտից մինչև 2017-ի հունիսը գործով անցնող Կարին Շտրենցը Բունդեսթագում և ԵԽԽՎ-ում իր գործունեության դիմաց Ադրբեջանի ներկայացուցիչներից կանխիկ ստացել է ևս 88.830 եվրո։ Հաղորդվում է, որ մեղադրյալ Էդուարդ Լինտներն, ամբողջությամբ ընդունել է մեղքը՝ թե՛ փաստացի արարքը, թե՛ դրա մտադրությունը՝ ասելով, որ «այդպես էլ եղել է»։ Սա մանրակրկիտ ապացույցներով հաստատվել է նաև դատական հիմնական քննությամբ։ Այս գործընթացում առանձնակի նշանակություն են ունեցել վերծանված սոցցանցային նամակները, որոնցից մեկում Կարին Շտրենցը խոստանում է պայմանավորված քվեարկություն՝ հաղորդագրությունը եզրափակելով եվրոյի նշանով։
Էդուարդ Լինտների հանդեպ պատժի սահմանման հարցում դատարանը հաշվի է առել մեղադրյալի խոստովանությունը։
«Խոստովանությունը խոստովանություն է»,-հայտարարել է նախագահող դատավորը, սակայն ընդգծել է, որ մեղադրյալը չի ցուցաբերել ոչ զղջում, ոչ էլ մեղքի գիտակցում՝ իր արարքը բնորոշելով որպես «լիովին նորմալ լոբբինգ»։
Դատարանը կտրականապես անընդունելի է համարել նման դրսևորումը։ «Սա ձայների գնման դասական դեպք էր։ Կարին Շտրենցին խոստացվել է գումար՝ քվեարկելու ըստ գումար տվողի շահերի։ Այստեղ պատգամավորն իր ձայնը վաճառել է։ Նա գումար է ստացել Ադրբեջանի օգտին քվեարկելու համար»,-նշել է աղբյուրը։
Դատարանը մեղադրյալի օգտին հաշվի է առել հանգամանքը, որ նա նախկինում դատված չի եղել, որ երկար ձգված դատավարությունը, նաև նրա տարիքի բերումով՝ անդրադարձել է մեղադրյալի առողջական վիճակի վրա, ինչպես նաև այն, որ հանցագործությունը տեղի է ունեցել վաղուց։
Դատարանը մերժել է պաշտպանական կողմի պնդումը, թե մեղադրյալի մասին մամուլի հրապարակումները պետք է դիտվեն որպես մեղմացուցիչ հանգամանք։ Դատարանը համարել է, որ մեղադրյալն ինքն է պատասխանատու լրատվամիջոցների լուսաբանման համար: Նշվում է, որ 9 ամսվա ազատազրկման դատավճիռը կարող է պայմանական լինել, քանի որ մեղադրյալից, որն առաջին անգամ էր մեղավոր ճանաչվում, նմանօրինակ հանցագործություններ այլևս սպասելի չեն։
Փորձաշրջանի երկու տարի ժամկետ է սահմանվել մեղադրյալի հանդեպ, նաև պարտավորեցվել է վճարել 10,000 եվրո Զոհերի աջակցության հիմնադրամին: Դատավճիռը դեռ իրավական ուժ չունի. և Մյունխենի գլխավոր դատախազությունը, և պաշտպանական կողմը կարող են մեկ շաբաթվա ընթացքում վճիռը բողոքարկել՝ դիմելով Գերմանիայի Դաշնային դատարան։
Նշվում է, որ Մյունխենի Բարձրագույն երկրամասային դատարանը Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» այս գործում այլ անձանց ներգրավվածությունը ևս հաստատել է. Մարկուս Լինտներ՝ գերմանացի պատգամավոր, Էդուարդ Լինտների որդին՝ իրավաբան։ Էլլադա Մ՝ ծնված Թբիլիսիում՝ Վրաստան, Կուրտ Յոզեֆ Ս.՝ ծնված Աշաֆենբուրգում՝ Գերմանիա։ Հաղորդվում է, որ գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Ակսել Ֆիշերի հանդեպ դատական գործերը կվերսկսվեն առաջիկայում։