
Հարություն Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Այս մասին հայտնում են ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից՝ մանրամասնելով, որ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 150 կգ, 156 կգ, 160 կգ:
«Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ մտան +94 կգ քաշային ծանրորդները:Հայաստանի հավաքականից Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ` բարձրացրեց 150 կգ, 156 կգ, 160 կգ:
Վերջին մոտեցմամբ էլ նա սահմանեց Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրել է 180 կգ ու 186 կգ:
Այստեղ Հովհաննիսյանը երկրորդն էր:Երկամարտի 346 կգ արդյունքով Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի այս առաջնության չեմպիոն: