
Այս տարի էլ է նույն ՍՊԸ-ն ընտրվել ԱԺ ամառային դպրոց ծրագրի ծառայությունները մատուցելու համար․ այս անգամ՝ 19 միլիոն 80.000 դրամով

Օգոստոսի 17-ից մինչև 30-ը կմեկնարկի ԱԺ «Ամառային դպրոց 2025թ.» ծրագիրը։ Ինչպես նշվում է ԱԺ աշխատակազմի և միջոցառման համար մատակարար ընտրված «Լոռե թրավել» ՍՊԸ-ի միջև օրերս կնքված պայմանագրում՝ այս «կրթամշակութային» ծրագրի համար ԱԺ բյուջեից կհատկացվի 19 միլիոն 80.000 դրամ։
Գնումը կատարվել է էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով․ նախահաշվային գինը կազմել է 22 միլիոն դրամ, մրցույթին մասնակցել է 12 ընկերություն՝ 15 միլիոն 900.000-ից՝ մինչև 25 միլիոն դրամ գնային առաջարկով։
Ընտրված մասնակիցը՝ «Լոռե Թրավելը», առաջարկել է 19 մլն 80.000 դրամ։
Գումարի շրջանակում պետք է իրականացվի մասնակիցների տեղափոխումը, ընդմիջման կազմակերպումը ռեստորանում (շաբաթ և կիրակի օրերին)՝ թվով 60 անձի համար (1 անձը 12.000 ՀՀ դրամի սահմանում՝ ներառյալ ծառայությունների մատուցման համար սահմանված բոլոր վճարները), այցելությունները թանգարաններ, ռեստորաններ և այլն։
Ի դեպ, «Լոռե թրավելը» նոր չէ պետգնումներում․ 2018 թվականին հիմնադրված այս ընկերությունն արդեն իսկ հասցրել է մեկ տասնյակ պայմանագրեր կնքել տարբեր պետական գերատեսչությունների հետ՝ գնման տարբեր ընթացակարգերով, այդ թվում՝ ոչ մրցակցային մեկ անձ և հրատապ մեկ անձ։
Նկատենք, որ անցյալ տարի՝ 2024 թվականին ևս այս ընկերությանն էր վստահվել ԱԺ ամառային դպրոցի կազմակերպման ծառայությունների մատակարարումը՝ 22 միլիոն 80.000 դրամով։
Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վլադիմիր Գևորգյանին, որը, ինչպես բազմիցս գրել է 168․am-ը, իրեն ու իր ընտանիքին աֆիլացված մի շարք կազմակերպություններով պետական գերատեսչությունների ֆավորիտ մատակարարն է դարձել։
Հիշեցնենք, օրինակ, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ», «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ, «ՊԵՑՑՈ ՍՊԸ»-ները, որոնց պարբերաբար վստահվում են պետական այս կամ այն միջոցառումները, իրականում ունեն մեկ դեմք, և այդ մեկ դեմքը Վլադիմիր Գևորգյանն է: