Բաժիններ՝

Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին

«ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված խափանումների պատճառները տեխնիկական են, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունեն։ Այս հայտարարությունն արել է «Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Համակարգում խափանումներ էին գրանցվել հուլիսի 23-ին և 29-ին։

«Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Որպես կանխարգելիչ միջոցառում՝ «Արմենիան Քարդ» ընկերությունն այս տարի կավարտի տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։

Կենտրոնի նպատակն է ապահովել երկրի վճարային համակարգերի անխափան և կայուն գործունեությունը։ Նշվում է, որ ընկերության հիմնական ծառայությունների մի մասը արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։ Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ավարտը։

Հիշեցնենք` «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ 2000 թվականից։ Ընկերությունը նաև ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել Arca ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։ Ըստ հրապարակված տվյալների՝ այսօր Arca համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 Arca քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս