Բաժիններ՝

Ռեստորանների, սպասարկման ոլորտի այլ կազմակերպությունների վարկերի պահանջարկը բարձրացրել է

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում առևտրային բանկերը տրամադրել են 7.1 տրլն դրամի վարկեր, ամենամեծ չափով աճել են սպասարկման ոլորտին տրամադրված վարկերը. ոլորտի կազմակերպությունների կողմից պահանջարկը շատացել է:

Այս մասին ասուլիում հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ ներկայացնելով 2025-ի առաջին կիսամյակի տվյալները:

Բանկային համակարգի ընդհանուր ակտիվները տարվա առաջին 6 ամսում կազմել են 11.6 տրլն դրամ, վարկային պորտֆելը՝ 7.1 տրլն դրամ, բանկերի ընդհանուր կապիտալը՝ 1.96 տրլն դրամ, ավանդները՝ շուրջ 6.7 տրլն դրամ:

Վարկային պորտֆելը և կապիտալն աճել են 10.3 տոկոսով, իսկ բանկերի ընդհանուր կապիտալը՝ 5.5 տոկոսով: Վերջին 2-3 տարվա աճի ֆոնին ավանդների աճը տարվա առաջին 6 ամսում մի փոքր դանդաղել է:

Ինչ վերաբերում է բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքին, ապա Ազատյանը հայտնեց, որ առաջին տեղում սպառողական վարկերն են՝ 1.5 տրլն՝ կազմելով վարկային պորտֆելի 22.8 տոկոսը: Հիփոթքային վարկերը ևս կազմում են 1.5 տրլն՝ վարկային պորտֆելի 22.2 տոկոսը:

Վարկերի 50 տոկոսը տրամադրվել է ֆիզիկական անձանց, 45 տոկոսը՝ իրավաբանական անձանց, իսկ 5 տոկոսը՝ այլ ֆինանսական կազմակերպությունների:

«Կիսամյակի ընթացքում ամենամեծը՝ 21.1 տոկոսով աճել են սպասարկման ոլորտին տրամադրված վարկերը՝ կազմելով 788 մլրդ դրամ»,-ասաց Ազատյանը:

Սրանք սպասարկման ոլորտի կազմակերպություններին տրամադրված հիմնականում փոքր ու միջին բիզնես վարկերն են:

«Մենք հաճելիորեն զարմացած ենք: Մի քանի բանկերի հետ խոսեցինք, նրանք ևս նշեցին, որ որոշակիորեն շատացել է բիզնեսների, ռեստորանների, սպասարկման ոլորտի վարկերի պահանջարկը»,-ասաց միության նախագահը՝ հավելելով, որ լրացուցիչ վերլուծության կարիք կա:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատկերն այլ է եղել: 6 ամսվա կտրվածքով սպասարկման ոլորտին տրամադրված վարկերի աճը եղել է 1.3 տոկոս:

Աճի ցուցանիշով երկրորդը շինարարության վարկերն են՝ 13.8 տոկոս: «Դա մի փոքր ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված աճը, նախորդ տարվա 6 ամսում աճը եղել է 11.3 տոկոս»,–ասաց Ազատյանը:

Սպառողական վարկերն աճել են 13.1 տոկոսով: Աճը կայուն կերպով շարունակվում է:

Ազատյանի խոսքով՝ կիսամյակի ընթացքում ֆիզիկական անձանց 1-5 տարի ժամկետով տրամադրված դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են 0.3 տոկոսով՝ միջին 16.7 տոկոսի համեմատ կազմելով 17 տոկոս: Իսկ 5 տարուց ավելի ժամկետով տրամադրվող վարկերի տոկոսադրույքներն աճել են 1.2 տոկոսային կետով՝ կազմելով միջինում 14.9 տոկոս:

Անցյալ տարվա տարվա նույն ժամանակահատվածի՝ առաջին 6 ամսվա համեմատ մինչև 5 տարի ժամկետով տրամադրված դրամային վարկերը տոկոսադրույքները նվազել են 0.2 տոկոսով, իսկ 5 տարուց ավելի ժամկետով վարկերի տոկոսադրույքներն աճել են 0.5 տոկոսով:

Նրա խոսքով՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի 66 տոկոսը դրամային է, 34 տոկոսը՝ արտարժույթով: «Ինչքան դրամային վարկերը շատ լինեն մեր բանկերի հաշվեկշռում և ինչքան քիչ լինեն արտարժութային վարկերը, այնքան արտարժութային ռիսկերից զսպված կլինեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ավանդներին, ապա մինչև 1 տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքների աճ չի գրանցվել: 0.3 տոկոսով աճել են 1-5 տարի ժամկետով ավանդների տոկոսադրույքները, միջինը տոկոսադրույքը 9.3-ից դարձել է 9.6 տոկոս:

«Բանկերը բավականին մեծ իրացվելիություն ունեն, բայց դրամային իրացվելիության մասով պահանջարկ կա, և այդ պահանջարկի պատճառով տոկոսադրույքները որոշակիորեն բարձրանում են»,-ասաց Բանկերի միության նախագահը:

Բոլոր բանկերի շահույթն առաջին կիսամյակում կազմել է 201 մլրդ: Անցյալ ամբողջ տարի շահույթը կազմել է 360 մլրդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս