
Կամբոջան մտադիր է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

Կամբոջայի իշխանությունները պլանավորում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է թագավորության փոխվարչապետ Սուն Չանտոլը: «Նա պետք է Նոբելյան մրցանակ ստանա ոչ միայն Կամբոջայի նկատմամբ իր աշխատանքի, այլև մյուս վաստակների համար», – ասել է նա:
Փոխվարչապետը նշել է, որ առանց ԱՄՆ նախագահի միջամտության Կամբոջան և Թաիլանդը, հավանաբար, չէին կարողանա համաձայնության գալ սահմանամերձ տարածքում մարտական գործողությունների դադարեցման շուրջ: Նա հավելել է, որ Պնոմպենը մտադիր է Սպիտակ տան ղեկավարի թեկնածության առաջադրման առաջարկությունն ուղարկել Նոբելյան կոմիտե, որը շնորհում է մրցանակը:
Մարտին ԱՄՆ նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել ամերիկացի հանրապետական կոնգրեսական Դարել Իսան: Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարն առաջադրվել է 2024 թվականի հունվարին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Կլոդիա Թեննին առաջարկել էր Թրամփին պարգևատրել Աբրահամի համաձայնագրերի՝ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման շուրջ փաստաթղթերի ստորագրմանն օգնելու համար։
Թրամփի առաջադրման մասին նաև հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բադի Քարթերը՝ ի նշան ԱՄՆ նախագահի պատմական դերի Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատման գործում։ Առաջադրմանը հավանություն է տվել ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը։ Թրամփին Խաղաղության մրցանակի առաջադրման վերաբերյալ Նոբելյան կոմիտե նամակ է հղել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն