Վահագն Խաչատուրյանը, թերևս, պարտավորված է նման հայտարարություններ անել, հակառակ պարագայում այդ տեղն իրենը չէր լինի․ Վարդան Բոստանջյան

Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար. օրերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ, տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը:

«Եթե մենք կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 47 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ»,- մանրամասնել է Վահագն Խաչատուրյանը։

Համայնքներից մեկում էլ՝ նա ինքն իրեն գերազանցելով՝ հայտարարել է, թե Հայաստանում փողի խնդիր չկա։

Դեռ պարզ չէ, թե տնտեսագետ Վահագն Խաչատուրյանի այս ճոխ-ճոխ հայտարարությունների հիմքում ի՞նչ տնտեսական հաշվարկներ են, այդուհանդերձ, տնտեսագետներին զարմացրել են այս վստահեցումները։

Կարդացեք նաև

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Խաչատուրյանը թերևս պարտավորված է նման հայտարարություններ անել՝ «հակառակ դեպքում, այդ տեղը՝ նախագահի տեղը, նրա համար չէր լինի»։

Ինչ վերաբերում է «Սյունիքի դարպասները բացելու»-ն և խոստացված տնտեսական զարգացմանը, ապա Վարդան Բոստանջյանը ցավով արձանագրեց․ «Տնտեսական բում կլինի, երբ Հայաստանը վերանա։ Գուցե դրա մասի՞ն է ասել պարոն Խաչատրյանը»։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի տեսլական «խաղաղության խաչմերուկ» նախագծից Հայաստանն օգուտներ չի՞ ունենա՝ ինչպես պնդում են իշխող ուժի մեծ ու փոքր ներկայացուցիչները. մեր հստակեցնող հարցին ի պատասխան էլ` տնտեսագետը նկատեց․

«Ընդհանրապես, խոշոր խաղացողների պարագայում, ինչպիսին են Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան, Իրանը, Չինաստանը և այլն, ավելորդ է խոսել օգուտ ստանալու մասին․ եթե այդ օգուտը կա էլ, այն պատկանում է խոշորներին։

Տարածաշրջանում ընթացող պայքարը՝ կանվանեք այն քաղաքական, տնտեսական կամ սոցիալական, հետապնդում է այնպիսի նպատակներ, որոնք բացառապես հայ իրականության հետ կապ չունեն»։

Հենց այս համատեքստում դիտարկելով Վահագն Խաչատուրյանի մյուս՝ «Հայաստանում փողի խնդիր չկա» պնդումը, Վարդան Բոստանջյանը նշեց․

«Պարզ է, չի լինի, եթե տարբեր տեսակի օրինական և անօրինական փողերը լցվել են հանրապետություն, ու ստացվում է այնպես, որ ռեսուրսազուրկ մի երկիր ֆինանսական պրոբլեմ չունի, բայց նման իրավիճակները, ըստ էության, երբևիցե կայունության մասին չեն խոսում։ Ու այդ՝ մեզ համար թվացյալ ցանկալի վիճակը վայրկյանների ընթացքում կարող է կարճ ժամանակահատվածում լրիվ այլ երանգ ստանալ, փոփոխվել։

«Երկրից մնացել է մի փոքր բան՝ այն էլ ղեկավարի կողմից վերածվել է թիթեղյա ժեշտի կտորի, որը փայլացրել են, որպեսզի ոսկեգույնը ապակողմնորոշի բազմաթիվ տգետների»,- ամփոփելով՝ հավելեց տնտեսագետը։

Տեսանյութեր

Լրահոս