
Վերին Պտղնի` զարգացող համայնք (լուսանկարներ)

Վերին Պտղնին Կոտայքի մարզի ակտիվ ու զարգացող համայնքներից է: Թվով 1011 բնակիչ ունեցող համայնքն ամբողջովին ասֆալտապատ է, գիշերային լուսավորության խնդիրներն էլ լուծված են:
Համայնքի ղեկավար Գևորգ Պողոսյանը Վերին Պտղնիի խնդիրները փորձում է հասցնել նվազագույնի: Ի տարբերություն Աբովյան քաղաքի՝ Վերին Պտղնիում մշտական ջրի խնդիր չկա: Մինչև տարեվերջ կավարտվի բուժհաստատության կառուցապատումը: Բնակիչները կատակում են, թե ժամանակին բուժհաստատությունում մեկ սենյակ էր գործում, այն էլ՝ ճնշում չափելու համար, իսկ շուտով այն կհամալրվի բուժսարքավորումներով:
Համայնքի բնակիչների մի մասն աշխատում է Երևանում, մի մասը` Աբովյանում կամ ամռանը մայրուղում եգիպտացորեն, մրգեր վաճառելով լուծում է օրվա հացի խնդիրը:
Համայնքում գործում է 2 հասարակական միավորում՝ «Վերին Պտղնի համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբը» (ՀԵՆԱ), որն իրականացվում է Counterpart International կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից, և «Երիտասարդության, խաղաղության և բարեկամության կամուրջները»: Գյուղապետարանը համագործակցելով այս միավորումների հետ՝ լուծել է նստարաններ տեղադրելու հարցը:
Հասարակական այս միավորումներն իրականացնում են տարբեր հասարակական ծրագրեր՝ տեղական ինքնակառավարման մարմինների, փոստի, բուժկետի, դպրոցի աշխատակիցների համար նոր տեխնոլոգիաների դասընթացներ են կազմակերպում, տեղադրվեցին աղբամաններ պլաստիկ շշերի համար: Նաև կինոարտադրության դասընթացներ են կազմակերպել երիտասարդների համար: Համայնքում տանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները և սպասում են մարզադահլիճի գույքին:
Կարելի է ասել, որ Վերին Պտղնին ՀՀ այն եզակի համայնքներից է, որ այսպիսի նորմալ պայմաններում է գտնվում:
Կոտայքի մարզ