Ահազանգ. Մեծամորի դպրոցի աշակերտներն իրենց հետ նաև անձրևանոց, բարձ ու ծածկոց են տանում
Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցը կառուցվել է 1988-ին և համարվել երկրի լավագույն կրթօջախներից մեկը: Դպրոցն ունեցել է գեղեցիկ մարզասրահ, լողավազան, լաբորատորիաներ: Արտաքինից գեղեցիկ ու ամուր թվացող եռահարկ դպրոցն այսօր գրեթե ավերակ է` զուրկ սանիտարական որևէ պայմանից:
Ավելի քան մեկ տասնամյակ է՝ դպրոցը չունի սանհանգույց, դպրոցի բարձր դասարանցիները սարկազմով ասում են, որ «պահում են», իսկ ցածր դասարանցիները վազում են տուն` կարիքները հոգալու: Աշակերտներն ու ուսուցչական կազմը ծաղրանքով հավելում են, որ իրենց դպրոցն ամեն առումով յուրահատուկ է:
Ոչ միայն սանհանգույց չունեն, այլև դպրոցական պարագաների մեջ ավելացել է նաև անձրևանոցը: Անձրևային օրերին անձրևանոցը կրում են ոչ միայն փողոցում, այլև դասարաններում` դասի ժամանակ:
Դպրոցի միջանցքում սյուն են ամրացրել, որպեսզի առաստաղը չփլվի: Թեպետ սյունը ժամանակավոր լուծում է, սակայն փաստացի այն 300 աշակերտների և 50 հոգուց բաղկացած ուսուցչական կազմի անվտանգության գլխավոր երաշխիքն է:
Աշակերտների ծնողներն ասում են, որ իրենց երեխաներն էքստրեմալ պայմաններում են դաս անցկացնում: Ամեն անգամ դպրոց են ուղարկում վախով, իսկ ուժեղ անձրևներին կամ քամու ժամանակ արգելում են անգամ դպրոցի կողքով քայլել:
Դպրոցի ուսուցչական կազմը հավաստիացնում է, որ տասնյակ նամակներ են գրել, զանգել, գնացել մարզպետարան ու նախարարություններ, սակայն ապարդյուն: Ուսուցչական կազմն անգամ դիմել է ծայրահեղ միջոցառումների. դպրոցում հայտարարված եռօրյա դասադուլն էլ արդյունք չի տվել: Անահիտ
Մինասյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ յուրաքանչյուր ուղարկված նամակից հետո իրենց հավաստիացրել են, որ շուտով դպրոցը կվերանորոգվի, սակայն էական ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել:
Դեռ մեկ տարի էլ չկա, ինչ Մայիս Նիկողոսյանը ղեկավարում է դպրոցը: Հիշում է` առաջին անգամ, երբ մտավ դպրոց` սարսափեց: Իրեն նախապես չէին զգուշացրել, թե ի՞նչ դպրոց է գնում և ինչպիսի՞ պայմաններում է աշխատելու. առաջին զգացողությունը շոկն էր, այն, ինչ տեսավ, երևակայությունից դուրս էր:
«Ոչ զուգարան կար, ոչ ջուր կար, երեխաները հենց գետնին իրենց կարիքները հոգում էին, իսկ օրվա վերջում հավաքարարը տոպրակով դրանք հավաքում էր: Սարսափելի էր»,- ասում է Նիկողոսյանը՝ ավելացնելով, որ մի քանի օր առաջ մասնակցել է հանրակրթական դպրոցների խնդիրներին նվիրված համաժողովին: Կրթության ոլորտի մասնագետները քննարկել են դպրոցներում կրթության որակին ու բովանդակությանը նվիրված հարցեր և ուղիներ մշակել հայկական կրթությունը միջազգային մակարդակի հասցնելու համար: Նիկողոսյանի մտածմունքը սակայն այլ էր` ավերակ դպրոցում ինչպե՞ս է կարողանալու ապահովել գոնե միջին կրթական որակ և առաջադիմություն:
Մարինա Շլիպովան և Գրիշա Բագրատյանը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներն են: Իրենց խոսքերով՝ դասավանդում են այնքան, որքան կարողանում են: Հիմնականում միջանցքում կամ բակում են պարապմունքներն անցկացնում, իսկ ձմռանը շախմատ կամ շաշկի են խաղում: «Մենք հրաժարվում ենք աշակերտների և մեր առողջության ու անվտանգության հաշվին դասաժամ անցկացնել մարզադաշտում: Որ գնդակը մի քիչ ուժեղ խփեն պատին, առաստաղը կփլվի»,- ասում է Շլիպովան:
Ուսուցչական անձնակազմն ու աշակերտները պատմում են, որ անձրևների ժամանակ իրենց գլխին առաստաղից պոկված կտորներ են ընկնում, ցեխաջրեր թափվում: Միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ դպրոցում մահացության դեպքեր չեն գրանցվել:
Տնտեսվար Ժորա Պետրոսյանի մտահոգությունն էլ այլ է. անձրևների ու խոնավության պատճառով պատերի միջով անցնող էլեկտրականության հոսանքալարերը փտել են: Դրա հետևանքով դպրոցում երկու անգամ էլեկտրահարման դեպք է գրանցվել, բարեբախտաբար, ողբերգական ավարտ չի ունեցել: Դպրոցը հոսանքազրկելն անհնար է, դրա փոխարեն՝ ուսուցչական կազմը դասամիջոցներին հերթապահություն է սահմանում, որպեսզի երեխաները վազելիս պատերին չհենվեն:
90-ականներին դպրոց գնացած աշակերտները կհիշեն, որ աշնան կեսերին ցելոֆան էին գնում, որպեսզի դասասենյակների պատուհաններին փակցնեին: Մութ ու ցուրտ տարիներին, երբ էլեկտրականությունն ու ջեռուցումը շռայլություն էր, ցելոֆանները միակ փրկությունն էին: Ցրտից պաշտպանվելու 90-ականներին արդիական այդ մեթոդը դեռևս կիրառվում է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում: Այստեղ ձմռանը ջերմաստիճանը զրոյից չի բարձրանում: Աշակերտներն իրենց հետ բարձ ու «ադյալ» են բերում, որպեսզի կարողանան ցուրտ նստարաններին յոթ ժամ նստել: Արդյունքում՝ գրիպ, մրսածություն, հազ, թոքաբորբ:
Նոյեմբերի կեսերից դպրոցում անհնար է գտնել գոնե մեկ աշակերտ, ով հիվանդ չէ: Ավելին, դպրոցում մտահոգված են, որ աշակերտուհիները հետագայում չեն կարողանա մայրանալ: «Մենք օրական յոթ ժամ նստում ենք սառը աթոռների վրա, սենյակներում միշտ ցուրտ է, սարսափելի է, բարձր դասարաններում սովորող բոլոր աղջիկներն էլ առողջական խնդիրներ ունեն ու անընդհատ բժշկի են գնում»,- պատմում է Անի Մելիքյանը
Տնօրեն Նիկողոսյանը հաշվել է` դպրոցի շենքն ամբողջությամբ հիմնանորոգելու համար անհրաժեշտ է շուրջ 400 միլիոն դրամ: Սակայն առաջնայինը տանիքի հարցը լուծելն է, որպեսզի անձրևաջրերն ու ձնհալի ջրերը չլցվեն դասասենյակներ: Հակառակ պարագայում ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց: Նրանք նախարարության և տնօրինության առաջ ժամկետ են դրել. երեխաներին կուղարկեն դպրոց մինչև առաջին անձրևի գալը. դրանից հետո ամբողջ դպրոցը կհայտարարի անժամկետ դասադուլ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեծամոր