Դավթաշեն գյուղի զանգվածային թունավորումն «էպիզոդիկ պա՞հ» էր

Պարզվել է, որ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դավթաշեն գյուղի զանգվածային թունավորումը խմելու ջրից էր: Հիշեցնենք, որ 75 մարդ դիմել էր պոլիկլինիկա ու հիվանդանոց, մյուսները տանն ինքանաբուժմամբ էին ապաքինվել:

Արագածոտնի մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Արթուր Բասենցյանը տեղեկացրեց, որ դա «էպիզոդիկ պահ էր, անցավ»:

«Տեսչության տնօրենի հետ 5 օր շարունակ գյուղում հետազոտություն ենք անցկացրել, զննել ենք, թունավորումը եղել է մանրէների պատճառով, իսկ մանրէների գոյացման պատճառը ջրի թերքլորացումն էր: Մինչ այդ գյուղապետարանն է քլորիզացիա արել, հավանաբար քլորը հին է եղել, քլորի ակտիվ մասսան քիչ է եղել: Այլևս գանգատավորներ չկան: Էպիզոդիկ պահ էր, անցավ»,- պարզաբանեց պարոն Բասենցյանը:

Իսկ վարչության պետը տեղյա՞կ է արդյոք, որ Դավթաշեն գյուղի խողովակաշարը դարն ապրել-ժանգոտել է, իսկ մարզի ջրմուղը պլաստմասսե խողովակները բերել է գյուղ, սակայն անհայտ պատճառով չի տեղադրել, և խմելու ջուրը հոսում է հին խողովակներով: Եվ որքան էլ գերքլորացնեն, ու մարդկանց ժավելահամ ջուր տան ու մարդկանց աղիներն ախտահանեն, զանգվածային թունավորումը կկրկնվի: Իսկ ջրմուղը միայն փող ու տուգանք հավաքող հիմնարկ չէ: Պատճառը վերացած չէ, և առիթը հա էլ կարող է կրկնվել:

«Քա տղա, ոնց որ սկվազնյակի տակ ես քնել»,- փորլուծությունից զուգարանի ճամփան բռնած տանեցիներին կրկին ախտորոշում են տատիկները:

«Խողովակների մասին նման ինֆորմացիա չունեմ»,- ասաց վարչության պետը: Հուսով ենք, որ կհետաքրքրվի և ինֆորմացիա կունենա:

«Մինչև վերջ էլ չհասկացանք, էդ ինչի՞ց էինք թունավորվել: Կարո՞ղ ա չէինք էլ թունավորվել»,- համագյուղացիների հետ զրույցում իր զարմանքն է արտահայտել տուժողներից մեկը, դավթաշենցի Սուսաննա Հեպոյանը:

Ն. Սարգսյան

Արագածոտնի մարզ

Տեսանյութեր

Լրահոս