«Հավասար եմ». կենդանի շախմատային խաղ Գյումրիում
Այսօր Հայաստանում, մասնավորապես` Շիրակի մարզում, վառ արտահայտված է հասարակության անդամների միջև սոցիալական անհավասարությունը, որն ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Օր օրի մեծ մասշտաբների հասնող սոցիալական անհավասարությունն իրավամբ տնտեսական հիմնախնդիր է դարձել, որի պատճառը աղքատության բարձր մակարդակն ու եկամուտների բաշխման թերի կառուցվածքն է:
Այս հանգամանքն անվերապահորեն սկսում է ավելի ու ավելի մեծ ազդեցություն թողնել հասարակության տարբեր խավերի միջև փոխհարաբերությունների վրա, որոնք մեծապես ձևավորվում են տվյալ անձանց միջև առկա անհավասարության շեշտադրմամբ: Արդյունքում` անառողջ հասարակություն և խորացող հիմնախնդիրներ, որոնցից առավելապես տուժում են պատանիներն ու երիտասարդները:
Հուլիսի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ «ՀԱՎԱՍԱՐ ԵՄ» խորագրով սոցիալական-երիտասարդական ծրագիրը Ջինիշյան Հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություններ և գործնական քայլեր» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Գյումրիի շախմատի դպրոցի օժանդակությամբ: Կեսօրին մոտ Գյումրիի կենտրոնական ճեմափողոցին տեղադրված շախմատի մեծ տախտակին կանգնել էին ոչ թե համապատասխան ֆիգուրներ, այլ երիտասարդներ` իրենց վրա կրելով շապիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա փակցված էր համապատասխան ֆիգուրի նշանը: Իսկ խաղը վարում էին Հայաստանի չեմպիոններ և Գյումրիի շախմատի դպրոցի փոքրիկ հրաշամանուկներ, ութամյա քույրեր Նադեժդա և Մարիետա Խաչատրյանները. քույրերից մեկը, բնականաբար, խաղում էր «սպիտակներով», իսկ մյուսը` «սևերով»:
Քաղաքում նախադեպը չունեցող նախաձեռնության կազմակերպչական խումբը բաղկացած էր 5 հոգուց:
Ծրագրի ղեկավար, ուսանողուհի Քնարիկ Խանոյանի հետ զրույցում վերջինս նշեց, որ խումբը ծրագրի միջոցով ցանկացել է հասարակական հնչեղություն տալ հասարակության անդամների փոխհարաբերությունների միջև առկա հիմնախնդրին` ցույց տալով, որ «բնավ էլ կարևոր չէ, թե անհատը ինչ սեռի, տարիքի, կրոնի կամ ռասայի է պատկանում, ինչ առողջական վիճակում է գտնվում, ինչ պաշտոններ է զբաղեցնում կամ ինչ ֆինանսական հնարավորություններ ունի, այնուամենայնիվ, պետք է հարգել նրան՝ որպես հասարակության լիիրավ անդամ»:
Նախաձեռնող խմբի երիտասարդներն առաջնորդվում էին հետևյալ կարգախոսով. «Կյանքը շախմատային խաղ է. ավարտվելուց հետո և թագավորը, և զինվորը հայտնվում են միևնույն տուփում»: Վերջինս արդեն իսկ բացատրում է ծրագրի անվանման իմաստը. «Երբ հասարակությունը տարանջատում է իր անդամներին, առաջանում է ահռելի անդունդ, որի հատակին հավաքվում է տարանջատված մասը և վերևում կանգնածների կողմից անընդհատ ճնշումների ենթարկվում: Սա բացառում է հասարակական միասնության գաղափարը, անջրպետներ է ստեղծում հասարակության տարբեր շերտերի միջև: Ծրագրի իրականացումը կնպաստի երիտասարդների մեջ հավասարության գաղափարի սերմանմանը, ինչն էլ կօգնի ունենալ առողջ և ամուր հասարակություն»,- հավելեց ծրագրի ղեկավարը:
Գայանե Ավետիսյան
Հ.Գ. Ի դեպ, խաղն ավարտվեց սևերի հաղթանակով:
Գյումրի