Սուսաննա Գևորգյան. 20 տարի համայնքի ղեկին
Սուսաննա Գևորգյանն արդեն 20 տարի ղեկավարում է Արմավիրի մարզի Արևաշատ համայնքը: Նախկին մանկավարժը հիշում է, որ երբ իրեն առաջարկեցին ղեկավարել համայնքը, Արևաշատի վիճակը սարսափելի էր` լույս չկար, գազ ու ջուր՝ նույնպես, խորքային հորերը ցամաքել էին:
«Գյուղացիները նախ՝ ամուսնուս հետ զրուցեցին, ասացին, որ ես կազմակերպչական ջիղ ունեմ, կարող եմ գյուղը դուրս բերել այդ վիճակից: Ամուսինս սկզբում դեմ էր, հետո համաձայնվեց: Ես էլ համաձայնվեցի, ու այդպես սկսվեց աշխատանքը»,- ասում է տիկին Գևորգյանը` ավելացնելով, որ պաշտոնավարման առաջին տարիներին վերանորոգեց մի քանի խորքային հորեր, ու գյուղացիները նորից սկսեցին զբաղվել հողագործությամբ:
Ժամանակի ընթացքում բոլոր խորքային հորերը վերանորոգվեցին, հետո գյուղը գազիֆիկացվեց, մասնակի ասֆալտապատում կատարվեց:
«Գյուղի դպրոցն էլ նախկին պահեստի շենքում էր` զուրկ որևէ պայմանից: Այժմ ունենք հիմնանորոգված և հրաշալի դպրոց: Ամեն անգամ դպրոցի կողքով անցնելիս սիրտս ուրախությունից ավելի արագ է բաբախում»,- խոստովանում է գյուղապետը` հավելելով, որ, թեպետ գյուղացիները գոհ են իր աշխատանքից, ինքն իրենից երբեք գոհ չի լինում, և իր աշխատանքը միշտ միջին բալով է գնահատում:
«Ամենամեծ աշխատանքը, որ կուզեի անել գյուղի համար, համայնքում մանկապարտեզ կառուցելն է, սակայն միայն համայնքի ուժերով այդ հարցը լուծելն անհնար է: Մեր գյուղացիները շատ աշխատասեր մարդիկ են` հողին նվիրված: Գյուղացիների մեծ մասը հողագործությամբ է զբաղվում, և երեխաներին պահելու հարց է առաջանում` ո՞ւմ մոտ թողնեն փոքրիկներին: Եթե մանկապարտեզի հարցը լուծվի, և կառավարությունը մեզ օգնի, գյուղացիներին հսկայական օգուտ տված կլինենք»,- ասում է Գևորգյանը:
Իր հաջողության բանալին կին գյուղապետը համարում է նպատակասլացությունն ու աշխատասիրությունը: «Սիրում եմ իմ առջև խնդիրներ դնել և լուծել»,- ասում է Գևորգյանը` հավաստիացնելով, որ գյուղապետը չպետք է կոպիտ լինի, պետք է ճանաչի իր գյուղացիների հոգսերն ու յուրաքանչյուրի հետ իր լեզվով խոսի:
Որ գյուղում իրեն սիրում են, գյուղապետը համոզվեց նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ:
«Որոշել էի թեկնածությունս չառաջադրել, մտածում էի` հերիք է, հիմա էլ հերթ տամ առավել երիտասարդին, ինքս ինձ հանգիստ պարգևեմ, ու մի անգամ զրույցի ժամանակ ասացի հարևաններիս այդ մասին: Մի քանի օր անց մեր տուն են զանգում, գալիս, թե՝ բա ո՞նց, բա որ դու չդնես՝ ո՞վ է մեր գյուղի հարցերը լուծելու: Գյուղացիները թույլ չտվեցին, որ ես չառաջադրվեմ»,- հիշում է Ս. Գևորգյանը:
Եթե գյուղապետարանում տիկին Սուսաննան խիստ և պահանջկոտ է, ապա տանը կին է, մայր ու տնային տնտեսուհի: «Ճաշ էլ եմ եփում, տուն էլ եմ մաքրում, հողամաս էլ եմ մշակում: Շատ եմ սիրում հողի գործը: Հողամասում ամեն ինչ էլ ունեմ` լոլիկ, սմբուկ, վարունգ, լոբի: Ես որ տեղ եմ գնում, նախընտրում եմ իմ մշակած բերքը տանել, ասում եմ` սա ավելի համեղ է, քան շուկայից գնվածը, որովհետև իմ ձեռքերով եմ մշակել ու, կարևորը՝ սիրով եմ մշակել»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արմավիրի մարզ