«Բրուցելոզով հիվանդ կենդանու միսը թույլատրվում է վաճառել». անասնաբույժ-փորձագետ

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ Արթուր Վարդանյանին պատկանող 46 անասնագլուխ հարկադիր մորթի է ենթարկվում, քանի որ կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդություն է հայտնաբերվել:

Galatv.am-ի հետ զրույցում փորձագետ-անասնաբույժ Գեորգի Ավետիսյանը մանրամասնել է, թե ինչպես է կենդանին հիվանդանում բրուցելոզով:

«Բրուցելոզը շփման միջոցով է փոխանցվում, դաբաղի նման չի տարածվում: Տվյալ հիվանդությամբ կարող են վարակվել տվյալ նախրի կենդանիները, որոնք իրար հետ շփում ունեն, շփվում են նույն սննդի ու նույն ջրի հետ, նույն ջրամանների ու նույն տարածքի հետ»,- ասել է անասնաբույժ-փորձագետը:

Նա տեղեկացրել է, որ բրուցելոզը ունի տարատեսակներ, և կան 6 տարատեսակի բրուցելաներ, որոնք վարակում են կոնկրետ կենդանիների:

Կա բրուցելա օվիս հարուցիչը, որով վարակվում են մանր եղջերավոր կենդանիները, հազվադեպ` խոշորը, կա բրուցելա բովիս աբորտուս, որով խոշոր եղջերավորներն են վարակվում:

Ինչ վերաբերում է բրուցելոզով հիվանդ կենդանիների սպանդին, ապա նա նշել է, որ եթե տվյալ նախրի 50 տոկոսը հիվանդ է, ապա ամբողջ նախիրը ենթակա է սպանդի, քանի որ հրամանով այդպես է նախատեսված:

Բացի այդ, բրուցելոզը չի մտնում փոխհատուցվող հիվանդությունների ցուցակի մեջ, որովհետև բրուցելոզով հիվանդ անասունի միսը թույլատրվում է վաճառել ջերմային մշակումից հետո: Բրուցելան 60 աստիճանում վերանում է: Այսինքն` տվյալ մսեղենը կարելի է օգտագործել:

Ինչ վերաբերում է Արթուր Վարդանյանի այն ասածին, թե 10 տարվա մեջ ոչ մի անգամ ստուգման չեն գնացել իր մոտ, այդ առնչությամբ անասնաբույժ-փորձագետն իր մտահոգությունն է հայտնել` նշելով, որ կա հանրության իրազեկվածության խնդիր: Վերջինս տեղեկացրել է, որ տարեկան կատարվում է բրուցելոզի երկու պարտադիր պլանային ստուգում:

«Կամ էդ մարդը տեղյակ չի եղել, որը թե՛ իր խնդիրն է, թե՛ տվյալ տարածքի անասնաբուժական ծառայության, որը գյուղնախարարության ՊՈԱԿ է և դրանով է զբաղվում: Եթե անասուն ես պահում, պետք է նաև իմանալ, թե ինչ է պետք անել: Կան պետական միջոցառումներ, որոնք կատարվում են անվճար: Բոլոր մարզերում բրուցելոզի ստուգումը պարտադիր է, սիբիրախտի վակցինացիան մանր եղջերավորների դեպքում տարին մեկ անգամ ևս պարտադիր է: Սահմանամերձ մարզերում նախատեսված է մանր եղջերավորների համար նաև բրադզոտ և պաստերելիոզ հիվանդության պարտադիր պատվաստում»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս