Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ ԱԺ փոխնախագահը այս հարցում կարեւորեց բարեկամական խմբերի առավել ակտիվ ու արդյունավետ աշխատանքը, պատվիրակությունների փոխայցերի շրջանակներում առարկայական ու կոնկրետ ծրագրերի մշակումն ու դրանց հետեւողական իրագործումը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եղել եւ մնում է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության կողմնակից: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, նրա հավաստմամբ, հնարավոր է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ Հայաստանի այս դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:

Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Յաննիս Դրաղասակիսը բարձր գնահատեց Հայաստանի խաղաղասիրական ու կառուցողական քաղաքականությունը, հատկապես վերջին տարիներին ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում արձանագրած հաջողությունները, ինչը, նրա գնահատմամբ, ավելի լուրջ հիմքեր է ստեղծում երկու եղբայր ժողովուրդների ու պետությունների հետագա համագործակցության ակտիվացման համար: Նա հավաստիացրեց նաեւ, որ Հունաստանը պատրաստակամ է՝ աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

 

Տեսանյութեր

Լրահոս