Բաժիններ՝

Արտաքին պարտքը 500 միլիոն դոլարով ավելացնելու նոր ձև՝ եվրապարտատոմսեր

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին։ Ըստ հայեցակարգի` եվրապարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալ է սահմանվելու 500 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի թողարկումը` 10 տարի ժամկետով։ Հաջորդ որոշման համաձայն կառավարությունը եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքելու «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, որը տեխնիկական աջակցություն կցուցաբերի և կօժանդակի լավագույնս կազմակերպել եվրապարտատոմսերի թողարկումը։ «Այսօր մենք քաղաքական որոշում ենք կայացնում, Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու, -որոշումների առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ -Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռում ֆինանսական շուկաներից ներգրավելու ավելի էժան միջոցներ։ Բոլոր միջազգային կառույցները, ֆինանսական ինստիտուտները, որոնց հետ աշխատում են մեր տնտեսվարող սուբյեկտները, միշտ մատնանշում այն փաստը, որ եթե Հայաստանը չունի միջազգային շուկաներում գնանշված պարտատոմսեր, ապա նրա համար այդ շուկաներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալը լինում է առնվազն 1-1,5 տոկոսով ավելի թանկ։ Հասկանալի է, որ սա մեր առաջին տեղաբաշխումն է լինելու, և մենք առաջին անգամ հայտնվելու ենք միջազգային ֆինանսական շուկայում և ապագայում էլ, իհարկե, կախված մեր երկրի վարկանիշից, տոկոսադրույքները նույնպես կարող են նվազել։ Փաստորեն այս որոշումով մեր տնտեսական քաղաքականության մեջ այսուհետ արմատական փոփոխություն է տեղի ունենում։ Մենք պարտավոր ենք լինելու հետևել, թե ինչպիսին է մեր պարտատոմսերի գնանշումը միջազգային շուկաներում, և դա լրջագույն ազդակներ է հաղորդելու նաև մեր տնտեսական վիճակի մասին։ Մենք ընտրել ենք լավագույն իրավաբանական խորհրդատուին, քանի որ սա մեր առաջին թողարկումն է և մենք պետք է սովորենք, կարողություններ ձևավորենք և’ ֆինանսների նախարարությունում, և’ Կենտրոնական բանկում, և’ արդարադատության նախարարությունում՝ նման գործարքներ իրականացնելու համար։ Լավագույն իրավաբանական ծառայության ընտրությունը մեզ հնարավորություն կտա նաև հարստացնել այդ բնագավառի մեր գիտելիքները։

Եթե տեղաբաշխումն այս տարվա ընթացքում հաջող իրականացվի, մենք մտադիր ենք մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացած վարկը, որովհետև այժմ 2B վարկանիշ ունեցող ընկերությունները` հաշվի առնելով շուկայի միջավայրը, կարողանում են ավելի էժան ռեսուրսներ ներգրավել։ Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ այս երկխոսությունը սկսել ենք, ունենք նրանց համաձայնությունը և նաև օժանդակություն, որպեսզի վարկի մարումը լինի սահուն, եթե տոկոսադրույքները լինեն ավելի մեղմ, քան այն տոկոսադրույքներն են, որ այսօր գործում են մեր միջպետական պայմանագրով։
Այս տեղեկատվությունը նաև մասնավոր հատվածին պետք է մանրակրկիտ ներկայացվի, ինչպես նաև այն փաստաթուղթը, որ մենք հիմա հաստատում ենք՝ հայեցակարգը, որտեղ մանրամասն նկարագրված է, թե այսուհետ մենք ինչպես ենք կառավարելու մեր արտաքին պարտքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս