«Հայաստանում ստեղծվել է իրար պոչ բռնած, իրարից կախված, անուրախ մարդկանց հասարակություն»
Նկարիչ, աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանը մոտ հինգ ամիս Մեծ Բրիտանիայում ապրելուց հետո օրերս վերադարձել է Հայաստան՝ նոր իդեաներ, նախագծեր իրականացնելու ոգևորությամբ: Իր կուտակած մշակութային տեղեկատվական պաշարը նա պատրաստ է կիսել մասնագետների հետ՝ մատնանշելով Լոնդոնում առկա արվեստի ընկալման, հանրայնացման և արվեստում՝ ներդրումն իբրև ապագային ուղղված ներդրում կատարելու ռազմավարության մշակման մոդելների փորձը: Ադրբեջանն, օրինակ, ըստ Գարիկ Կարապետյանի՝ լուրջ փորձեր է անում աշխարհին որպես մշակութային երկիր ներկայանալու համար: Լոնդոնի կենտրոնական թաղամասերից մեկում, ի թիվս այլ գալերեաների՝ գործում են ադրբեջանական գալերեաներ, որոնք պրոպագանդում են ադրբեջանական արվեստը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը նաև Գուգենհեյմի թանգարանի հսկայական մասնաճյուղ է բացում, որն առաջիկա տարիներին աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկների հսկայական նորհոսք է ապահովելու:
Նույնկերպ՝ Վրաստանն ու Ղազախստանը փորձում են աշխարհի մշակութային կենտրոն համարվող Լոնդոնում իրենց երկրի մշակույթի լոբբինգն անել: Մինչդեռ մեր երկրի մշակույթը պրոպագանդելու համար անհրաժեշտ է նախ` ֆունկցիոնալ դարձնել այն ինստիտուտները, որոնք առաջին հերթին արվեստը կենսունակ կդարձնեն երկրի ներսում: Մեծ Բրիտանիայի և Հայաստանի մշակութային կյանքի, արվեստը հանրայնացնելու մեխանիզմների և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Գարիկ Կարապետյանի հետ:
– Ես ավելի շատ ծանոթ էի Ֆրանսիայի, Գերմանիայի, մասամբ` նաև Միացյալ Նահանգների մշակույթին, որտեղ ցուցահանդեսներ եմ ներկայացրել: Մեծ Բրիտանիայի կուլտուրայից որոշակիորեն տեղեկացված էի, բայց 5 ամիս գտնվելով այնտեղ՝ մասնակից դարձա այդ երկրի մշակութային պրոցեսներին: Ամենաառաջին տպավորությունս այդ երկրում, մասնավորապես՝ Լոնդոնում տիրող առողջ, ազատ մթնոլորտն էր: Գոյություն ունեն երկու հակադիր բևեռներ, որոնք միմյանց օգնելով` ինտենսիվ առաջ են շարժվում: Խոսքը հասարակության մեջ առկա երկու հակառակ մտածողության բևեռների մասին է, որոնցից ամեն մեկը գիտակցում է մյուսի գոյության անհրաժեշտությունը:
– Նկատի ունեք քաղաքական հայացքներ ունեցող երկու բևեռնե՞րը, թե՞ աշխարհայացքը:
– Մի մտածողությունը շատ աշխարհիկ է, իսկ մարդկային մյուս զանգվածը՝ հոգևոր արժեքները դավանող: Մենք շատ լավ գիտենք, որ Մեծ Բրիտանիան մեծ քաղաքականության երկիր է, որը տարածված է ամբողջ աշխարհի վրա, և իրենց համար այդ սահմաններն, ըստ էության, գոյություն չունեն: Այն խնդիրները, որոնք այդ երկիրն իր առջև դնում է՝ սփռվում է ամբողջ մոլորակով մեկ: Նույնն արվեստում է, որի բոլոր դրսևորումները կարող ես էնտեղ տեսնել, բայց դրան զուգահեռ` ոչ ոք պասիվ վիճակում չէ: Բոլորին ինքնառեալիզացվելու հնարավորություն է տրված, և դա արվում է շատ առողջ մթնոլորտում: Նրանք գիտակցում են մեկը մյուսի օգնությամբ առողջ կարգավիճակում գտնվելու արդյունավետությունը: Այսինքն՝ եթե դու ինչ-որ գաղափար, իդեա ունես՝ դրա ճիշտ հակառակը քեզ միշտ հնարավորություն է տալիս ավելի աշխատասեր, հետևողական լինել և քո սկզբունքներին տեր կանգնել:
– Այսինքն՝ այդ երկու մտածողությամբ մարդկային զանգվածները միմյանց չեն պարտադրում սեփական աշխարհընկալումն ու դատողությունները՝ գիտակցելով, որ մտածողության բախումը տանում է դեպի զարգացում: Ի տարբերություն մեզ՝ հանդուրժողական են:
– Այո, որովհետև աշխարհն է այդպես ստեղծված: Թշնամությունն իրենց համար ծիծաղելի «հատկություն» է, որովհետև նրանց մոտ դա արտահայտվում է պասիվ համագործակցությամբ: Մեկը մյուսի գործը տեսնելով՝ ավելի է հիմնավորվում, որովհետև մեկի բարձրանալուց մյուսը ձգտում է ավելի բարձրանալ, ու այդպես շարունակ: Այս երևույթներն ինձ համար շատ ուրախալի էին, որովհետև նման միջավայրում իսկապես արվեստ է ծնվում և ծնվում է ուժեղ արվեստ: Այնտեղի խնդիրները համամարդկային են, այսինքն՝ դու հնարավորություն ունես շատ նեղ, փոքր խնդիրներից դուրս գալով՝ մտածել ավելի գլոբալ, կարևոր խնդիրների մասին:
– Այդ միջավայրը ստեղծվել է մշակութային պետական քաղաքականության օրինակելի մոդելի՞ շնորհիվ, թե՞ անհատների մտածողության արդյունքում ձևավորված մշակութային արժեքներն իբրև դոմինանտ ընկալող հասարակություն է:
– Թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի մոտ կուլտուրայի հանդեպ մոտեցումը շատ բարձր է: Պետության մշակութային քաղաքականությունն իսկապես օրինակելի է: Պետությունը բավականին լուրջ ֆինանսական ռեսուրսներ է հատկացնում թանգարանների գոյությանը և արվեստի միջավայր ստեղծելուն:
Արվեստը շատ ակտիվ պրոպագանդվում է բոլոր ուղղություններով և ամենուր: Ցուցահանդեսների մասին տեղեկատվություն տարածող գովազդներ, պաստառներ, ստենդներ կարող ես տեսնել ամեն տեղ, այսինքն՝ այդ վիզուալ ինֆորմացիան մշտապես աչքիդ առջև է: Կա շատ կարևոր գիտակցություն, որ, եթե դու ուզում ես քո կյանքը ճիշտ ապրել՝ պետք է մաս կազմես արվեստի իրականությանը: Հանրության համար Լոնդոնում թանգարաններ այցելությունների բոլոր պայմանները ստեղծված են, ընդ որում՝ թանգարաններ մուտք գործելն անվճար է, ինչը պետական ռազմավարություն է:
Թանգարանների առաջ գոյացած հերթերը վկայում են այդ մարդկանց` արվեստի նկատմամբ բարձր գիտակցության մասին: Այն երեխան, որը ծնողի ձեռքը բռնած` թանգարան այցելելու հերթ է կանգնում, մեծ հաշվով, շատ բան չի հասկանում իր տեսածից, բայց այդ միջավայրը դրոշմվում է նրա հիշողության մեջ, ինֆորմացիայի կրողն է դառնում, իսկ հետագայում փորձ է անում հասկանալ և այդ ամենը դարձնել իր կյանքի մի մասը: Ի վերջո, այդ ինֆորմացիան մուտք է գործում նրանց ընտանիք, քննարկվում է և պարտադիր ներազդում է երեխայի դաստիարակության վրա:
– Իսկ պետությունն ինչպե՞ս է խրախուսում արվեստի զարգացմանն ուղղված մասնավորի ներդրումներն: Օրինակ՝ եվրոպական մի շարք երկրներում գործում են հարկային արտոնություններ:
– Մեծ Բրիտանիայում արվեստում ներդրումները պետության համար կարևորվում են նաև` իբրև սոցիալական նշանակության ներդրումներ: Պետությունը ներդրողից հարկ չի վերցնում՝ հասկանալով, որ արվեստի մեջ ներդրում կատարելու արդյունքում` «հարկերը» վերադառնում է մարդկանցից, որն ավելին է, քան ներդրողի հարկային հոսքն է բյուջե: Պետության` մասնավորին խրախուսող քաղաքականությունից զատ, ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդիկ գիտակցում են, որ արվեստի դաշտում կատարված ներդրումները՝ ներդրումներ են ուղղված ապագային: Մշակույթը երկրի դեմքն է, և, եթե երկիրն ունի մշակույթ՝ դու շատ լուրջ ես վերաբերվում այդ երկրին:
Ամեն ինչ լրջանում է, որովհետև ամեն մի անլուրջ, փոքր, անհետաքրքիր բան դուրս է գալիս, և խնդիրը փոխվում է: Այդ մթնոլորտն անփոխարինելի մի բան է, որտեղ ազատություն է, և ամեն մարդ զգում է իրենից ինչ-որ բան ներկայացնելու կարևորությունը, ինքն անհատականություն է: Եթե մարդը գաղափար ունի, ապա չորս կողմից հնարավորություն են տալիս, որպեսզի այն իրականություն դարձնի: Այդ հույսը շատ կարևոր է. հուսալ, որ գաղափարդ իրականություն կդարձնես:
– Մշակութային նման հարուստ միջավայրից տեղափոխվելով Հայաստան` ունե՞ք զգացում, որ մեզ մոտ մշակութային դադար է, որն արդեն քրոնիկական բնույթ է ստանում և «անարվեստ» ապրելը հանրության համար սովորական երևույթ է դառնում:
– Եթե մշակութային դադարն ուղղված լիներ ինչ-որ բանի՝ հետաքրքիր կլիներ, բայց մեզ մոտ մշակութային անարխիա է: Մենք ոչ մի ֆունդամենտալ վերլուծություն չարեցինք՝ 70 տարվա պատմությունից, որն ավերեցինք և փորձեցինք մոռանալ: Մենք մեծ հաշվով արվեստի, նաև տնտեսության առումով պրովինցիալ երկիր ենք, բայց լինելով փոքր երկիր` ունենք մեր իրականությունն աշխարհին ներկայացնելու հնարավորություններ: Պետք է շատ հետևողական աշխատանք տանել, որովհետև մենք սովոր ենք նայել եվրոպային, ԱՄՆ-ին կամ Արևելքին՝ մտածելով, որ ամենակարևոր բաներն էնտեղ են կատարվել, և պետք է անմիջապես դա բերել Հայաստան:
70 տարի Սովետական Միություն էր, մեծ հաշվով, Հայաստանում ինչ-որ կուլտուրա էր ստեղծվել: 60-ականներին ինտելիգենցիա կար, հետաքրքիր մի խավ էր, որը մթնոլորտ էր ստեղծել: Սովետի փլուզումից հետո մենք ամեն ինչ կորցրեցինք և ունեցածից այնպես հրաժարվեցինք, կարծես մեր թշնամիներն էին, ինչի կարիքը բնավ չկար: Կարիք կար ունեցածը շատ լավ վերլուծելու և իր տեղը դնելու, որովհետև դա մեր պատմության մի մասն է: Այդ վերլուծությունները մեզ հնարավորություն կտային անկախ Հայաստան ձևավորելու շրջանում նոր պրոցեսներ սկսել: 20 տարուց ավելի ապրում ենք անկախ երկրում, բայց ոչինչ առաջ չի գնում: Սովորաբար նման պայմաններում, երբ ոչինչ չի ստեղծվում, մեկ այլ մշակույթ ներխուժում է այդ տարածություն:
– Հնարավո՞ր է արդյոք արվեստի իշխանություն հաստատել մի երկրում, որտեղ մարդն անպաշտպան է, խոցելի են նրա բոլոր իրավունքները, այդ թվում՝ ապրելու, գոյատևելու իրավունքը:
– Հայաստանում 20 տարի սոցիալական խնդիր ենք լուծում, բայց այդ խնդիրը կարելի է անվերջ լուծել, և չլուծվի: Մեր ժողովրդի կեսն աղքատության մեջ է ապրում, ընդ որում՝ ո՛չ աղքատներն են ուրախ, ո՛չ հարուստները: Անուրախ մարդկանց հասարակություն է ստեղծվել: Ամենազարգացած երկրներում էլ սոցիալական խնդիր և դժգոհություն կա: Ավելի կարևոր է, թե երկրում մարդկանց որ տեսակն է իշխում, նրանք ինչ միջավայր են ստեղծում, որովհետև այդ միջավայրի ազդեցությունը չափազանց կարևոր է: Եթե իշխող է առողջ տեսակը՝ միջավայր է փոխվում, ավելին՝ մարդը քիչ փողով ուրախ կարող է լինել:
Մեր երկրում մարդիկ պիտի փոխվեն: Մեկը մյուսի պոչը բռնած ապրում են՝ չուզենալով իրար վատություն անել: Պիտի մարդն ազատություն ունենա, կախված չլինի ինչ-որ մեկից, այդ ցանցը պիտի վերանա, որ մարդն ազատ լինի: Այդ ազատության պայմաններում պետք է մարդուն ստեղծագործելու հնարավորություն տալ, որովհետև չստեղծագործելու դեպքում մարդը սևեռվում է ցածր, աննշան երևույթների վրա: Մեր իրականության մեջ մի երկու տեսակ մարդ ես տեսնում, որովհետև թվում է՝ մեկ այլ տեսակ լինելով՝ ապրելն անհնար է:
Հ.Գ. Քաղաքական իրադարձությունների վերաբերյալ Գ. Կարապետյանի ուշագրավ դիտարկումներն առանձին հարցազրույցի տեսքով առաջիկայում կարող եք կարդալ 168-am-ում։