Բաժիններ՝

Ուկրաինայի ապագայի շուրջ բանակցությունները հնարավոր են միայն նրա մասնակցությամբ և հրադադարից հետո. ԵՄ

Եվրոպայի երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են հրապարակել՝ ամփոփելով այն բանակցություններն ու խորհրդակցությունները, որոնք նվիրված էին օգոստոսի 15-ին ԱՄՆ-ում կայանալիք ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը ընդառաջ ընդհանուր դիրքորոշման մշակմանը։

Եվրոպան ողջունում է նախագահ Թրամփի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դադարեցմանը և արդար խաղաղության հասնելուն, ասվում է Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Լեհաստանի ղեկավարների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավարի համատեղ հայտարարության մեջ։

«Իմաստալից բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», նրանց խոսքն է մեջբերում Reuters գործակալությունը։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «խաղաղության տանող ճանապարհը չի կարող որոշվել առանց Ուկրաինայի մասնակցության», իսկ միջազգայնորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխությունն անհնար է, հայտնում է BBC-ն։

Համատեղ հայտարարությունը եվրոպացի առաջնորդների պատասխանն է Թրամփի այն խոսքին, թե ապագա հրադադարը ենթադրում է «տարածքների փոխանակում» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ այս պայմանն անընդունելի է համարել Կիևի համար։ Օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը նրա մասնակցությունը չի բացառվում, գրել էին ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, սակայն դա դեռևս հաստատված չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս