Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունները կանդրադառնան Հյուսիսային Կովկասի վրա

Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հավերժական բարեկամության և խաղաղության հայտարարումը կվերագրենք Դոնալդ Թրամփի յուրահատկությանը, որը ևս մեկ նշում է կատարում «խաղաղ կարգավորում՝ ի հաշիվ Նոբելյան մրցանակի» ռեեստրում։ Այս մասին գրում է «Россия в глобальной политике» ամսագիրը։

«Առայժմ անհասկանալի է՝ արդյոք տարածաշրջանային քաղաքական խաղում նախաձեռնությանը տիրապետող Ադրբեջանը «Թրամփի երթուղու» կառուցումը համարո՞ւմ է իր վերջնական ձեռքբերումը, թե՞ պարզապես Հայաստանի լիակատար ռազմաքաղաքական զրոյացմանն ուղղված հերթական քայլը։ Վերջին տարիներին Բաքվի գործողությունների ողջ տրամաբանությունը, իհարկե, ավելի շուտ վկայում է երկրորդի օգտին, բայց իրավիճակը, իհարկե, փոփոխական է։

Թե ինչպիսի տեսք կունենա այս ամենը գործնականում, օրինակ՝ ինչպիսի ամերիկյան ներկայություն կպահանջվի 99 տարով վարձակալված ակտիվի անվտանգությունը երաշխավորելու համար, պետք է շուտով պարզվի։ Այնպես ստացվեց, որ հենց տարածաշրջանային հարաբերությունների խճճվածությունն է (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան՝ երկրների բոլոր զույգերով և խմբերով ոչ գծային) օգնել Վաշինգտոնին հայտնվելու անհրաժեշտ դիրքում։ Եվրոպան, որը շատ էր իրարանցում ստեղծում այս թեմայի շուրջ, նույնիսկ չի հիշատակվում։ Չնայած այս ամբողջ ձեռնարկի թատերականությանը, տարօրինակ կլիներ, եթե ԱՄՆ-ն չօգտվեր նման հաջող հնարավորությունից՝ ռազմավարական կարևոր կետ ամրագրելու համար։

Այն, որ տեղի ունեցողը Ռուսաստանին ոչ մի լավ բան չի խոստանում, անվիճելի է։ Կարելի է ձևացնել, թե խաղողը խակ է, բայց դա անիմաստ է։ Ավելի ճշգրիտ տարածաշրջանային դասավորությունները կպարզվեն որոշ ժամանակ անց։ Հայաստանում ռուսաստանյան ռազմական ներկայության, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը, և կրկին, «Թրամփի երթուղու» վրա ամերիկյան կոնտինգենտի որևէ ձևի (հնարավոր է՝ ՄՌԿ) հայտնվելու նկատմամբ վերաբերմունքը՝ այս ամենը չափազանց հետաքրքրական է։

Իսկ առայժմ, թվում է, մենք պետք է մտածենք ամենակարևոր հանգամանքի մասին․ ինչպես Հարավային Կովկասում ոչ հօգուտ Ռուսաստանի տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները կանդրադառնան Հյուսիսային Կովկասի վրա։

Ակնկալել, որ ոչ մի կերպ չեն անդրադառնա, որ անցանկալի ազդեցություններից (ինքնաբուխ կամ չարամիտ) կարելի է պարզապես պարսպվել, նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել։ Սկսվում է նոր փուլի հաշվարկը»,- ասվում է հոդվածում։

Տեսանյութեր

Լրահոս