
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է` Փաշինյանը ևս Իրան այցելությունների ժամանակ դեմ է արտահայտվել «միջանցք»-ի գաղափարին

Իրանական «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ Իրանը կկանխի ամերիկյան միջանցքի ստեղծումը Կովկասյան տարածաշրջանում՝ անկախ նրանից` Մոսկվան կմիանա՞ Թեհրանին, թե՞ ոչ։
Իրանական տեղական «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Վելայաթին մերժել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարը, որը նախատեսված է Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի հետ կապելու համար։ Իրանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով գտնվող միջանցքի 99-ամյա վարձակալության համաձայնագրի մասին հարցին Վելայաթին պատասխանել է, որ նման միջանցքը կդառնա Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանոց, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի սեփականությունը հանդիսացող երթուղի։
Նա հավելել է, որ Կովկասը աշխարհի ամենազգայուն տարածաշրջաններից մեկն է և Իրանը միշտ դեմ է եղել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, քանի որ այն կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, կվերաձևի սահմանները և կհանգեցնի Հայաստանի փլուզմանը։
Ըստ նրա` միջանցքի ծրագրին կտրականապես դեմ է նաև հայ ժողովուրդը, քանի որ դա կհանգեցնի նրանց երկրի փլուզմանը և որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրան կատարած նախորդ այցերի ժամանակ հայտարարել էր, որ միջանցքի կառուցման ծրագիրը որոշակի վնասներ ունի և արտահայտել էր իր դեմ դիրքորոշումը։