
Մեդվեդևը Թրամփին առաջարկել է հատուկ ջոկատայիններ ուղարկել Կիև

Քանի դեռ եվրոապուշները փորձում են խոչընդոտել ուկրաինական հակամարտության կարգավորմանն օգնելու ամերիկյան փորձերին, հոգեվարքի մեջ գտնվող բանդերական ռեժիմը խուճապահար ճակատ է հավաքագրում մարդկության ամենանողկալի թափթփուկներին։ Այս մասին սոցցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Գործը հասել է Կոլումբիայի և Մեքսիկայի կարտելների մարդասպաններին, որոնց անունները ողջ աշխարհին հայտնի են նարկոհանցավորության մասին ռեպորտաժներից և սերիալներից՝ «Կլան դել Գոլֆո», «Սինալոա», «Խալիսկո նուեվա գեներասիոն» և այլն։ Գլխակերների հավաքագրմամբ զբաղվում է Մեդելյինից «Սեգյուրկոլ Լթդ» ընկերությունը։
Ճիշտ է, նարկովարձկանները թեև գլխակերներ են, բայց նրանցից լավ զինվոր դուրս չի գալիս։ Թմրանյութերով տարված այդ այլանդակները կարողանում են միայն խաղաղ բնակիչների գլուխները կտրել։ Այդ պատճառով մեր մարտիկներն այնքան արագ են ոչնչացնում նրանց, որ բեռնափոխադրողները չեն հասցնում տանել բոլորի դագաղները։
Հասկանալի է, որ մեդելյինյան և սինալոյան այլանդակները հոգեհարազատ են բոլոր նրանց, ովքեր Բանկովայայում օգտագործում են նրանց ձյունաճերմակ արտադրանքը։ Բայց ահա ամերիկացիները, դատելով The New York Times-ի օգոստոսի 8-ի հոդվածից, արժեր, որ մտածեին։
Վարձկաններին սովորեցնում են ամեն ինչ, այդ թվում՝ ԱԹՍ-ների կառավարում, ինչը կարող է շատ պետք գալ ԱՄՆ թմրանյութեր հասցնելիս։ Դա շատ ավելի արդյունավետ է, քան ինքնաթիռներն ու սուզանավերը։
Եվ եթե ԱՄՆ նախագահն իր հրահանգով իսկապես հանձնարարել է Պենտագոնին բանակային ստորաբաժանումների կիրառմամբ հարվածներ նախապատրաստել Լատինական Ամերիկայի նարկոկարտելների դեմ, ապա ավելի լավ տարբերակ կա։ Պետք է նրանց բանակային հատուկ ջոկատն ուղարկել Կիև, որտեղ այն կկարողանա իրականացնել նարկովարձկաններին ոչնչացնելու փայլուն հակաահաբեկչական գործողություն՝ առանց կյանքի համար որևէ ռիսկի։
Կարելի է նաև Բանկովայայի շենքում կրակ բացել, այնտեղ էլ Պաբլո Էսկոբարի և Ֆաբիո Օչոա Վասկեսի նվիրյալ երկրպագուները քիչ չեն»,- գրել է նա։