Բաժիններ՝

Քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում․ Լիլիթ Բլեյան

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կինոյի մասին օրենքում նոր փոփոխությանը դեմ արտահայտվեց հայկական ամբողջ կինոհամայնքը։ Համայնքը չլռեց. խոսեց, արտահայտվեց, պահանջեց հետ շրջել։

Դրան ի պատասխան ի՞նչ արեց նախարարությունը. e-draft հարթակում ընթացող «քվեարկությունը» լցոնեց` տպավորություն ստեղծելով, թե «մեծամասնությունը կողմ է»։

Ո՞ւմ համար է ստեղծվում էդ տպավորությունը։ Ո՞ւմ է պետք այդ կեղծված քվեարկությունը, եթե այն ոլորտը, որի զարգացման համար իբր արվում է փոփոխությունը, դեմ է դրան։ Ո՞ւմ շահերի համար է, ուրեմն, արվում այդ փոփոխությունը։

Սա դասական օրինակ է, թե ինչպես են ոլորտային փոփոխություններն անում` արհամարհելով ոլորտի շահառուների կարծիքը։ Եվ զուգահեռ` ժողովրդավարություն խաղում։

Հայաստանում դասական ավտորիտարիզմ է, որը փորձում են լղոզել քարոզչական գործիքներով։ Շահառուների, քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում։

Օրենքի փոփոխություն կլինի, միջանցքի արտապատվիրակում կլինի, Արցախն Ադրբեջանի կազմում «բոլորիս անունից» ճանաչել կլինի. մեծ հաշվով սրանք նույն տրամաբանության մեջ արվող քայլեր են` փակ սենյակում ընդունվող որոշումներ, որոնք ազդում են բոլորի կյանքի վրա և չեն համաձայնեցվում որևէ մեկի հետ։ Հետո գործի է դրվում քարոզչական բազմաշոշափուկ մեքենան, որը նույնպես, տարբեր եղանակներով, ֆինանսավորվում է բյուջեից։ Ու մեզ, ընդ որում` մուննաթ գալով, ասում են, որ սևը սպիտակ է, ու որ մեզ անդամահատում ու իրավազրկում են մեր իսկ շահերի համար։

Ու մենք ձևացնում ենք, թե հավատում ենք, ու ավելի խորն ենք թաղվում ճահճի մեջ։

Հենց հասկանանք, որ էս բոլոր քայլերն օրգանապես կապված են, գուցե վերջապես մեծամասնությունը կընդվզի էս համատարած կեղծիքի դեմ։

Կընդվզի իրականում` կուլիսներից դուրս, էդ ընդվզումը «չարտապատվիրակելով» ակտիվ պայքարող փոքրամասնությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս