Բաժիններ՝

«Հայաստանի պաշտպանության ուժեղացման համար հզոր բանակ է հարկավոր, որի հիմքում ուժեղ երիտասարդությունն է». Սյունիքում ավարտվեց Դավիթբեկյան խաղերը

Հայրենասիրություն, մրցակցություն ու միասնականություն մեկ հարթակում: Սյունիքի մարզի Վանեք համայնքում ավարտվեց «Դավիթբեկյան խաղեր 2025»-ը, որը 4-րդ տարին անընդմեջ համախմբում է 14–17 տարեկան պատանիներին Հայաստանի բոլոր մարզերից։ Այս տարի խաղերին մասնակցեց 18 թիմ, այդ թվում՝ առաջին անգամ՝ նաև Սփյուռքի ներկայացուցիչ։

«Մենք առաջին անգամ ենք մասնակցում, և առաջին անգամվա համար բավականին գոհ եմ արդյունքներից։ Կարևոր է, որ միասնական լինենք, ընտանիքի պես։ Եթե այսպես լինենք, ապա բոլոր փորձությունները հաղթահարելի կլինեն»,- նշեց մարզիչ Աշոտ Թևոսյանը։

Թեև նրա թիմը եզրափակիչ չհասավ, բայց դա չի խանգարում, որ Մոսկվայից ժամանած թիմի մարզիչը սկսի պլանավորումը՝ 2026-ի մասնակցության համար։ Մրցույթ-փառատոնը միավորում է մի քանի ոլորտ՝ սպորտը, մշակույթը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Կարդացեք նաև

«Այս տարի աննախադեպ մասնակցություն ունենք։ Խոսքի փոխարեն՝ ուզում ենք գործել և դառնալ ուժեղ ու կայուն պետության կայացման մասնակից։ Պետք է արձանագրենք, որ ամեն տարի թիմերի պատրաստվածությունն ավելի է լավանում, և իսկապես ուժեղ թիմեր ունենք։ Ուրախ ենք, որ այն հմտություններն ու կարողությունները, որ դրվում են Դավիթբեկյան խաղերի հիմքում, թիմերն ընկալում են և ամբողջ տարվա ընթացքում պատրաստվում»,- 168.am-ին փոխանցեց «Դավիթբեկյան խաղեր»-ի նախագծի ղեկավար Ալինա Գևորգյանը։

Դավիթբեկյան խաղերի մեկնարկը տրվել է 2022-ին՝ ընդամենը 8 թիմի մասնակցությամբ, մինչդեռ այս տարի խաղերին մասնակցել է արդեն 18 թիմ։ Թիմերը 14 մրցույթում իրենց ուժերը չափեցին՝ շախմատից մինչև Խուստուփի գագաթի հաղթահարում։

«Անտառային արգելագոտու հաղթահարում, թիրախային կրակ, շարժվող թիրախի խոցում,առաջին օգնություն, անտառում ճիշտ կողմնորոշվել, բնության մեջ ապրել և այլն, այսինքն՝ մրցույթներ, որոնք հաղթելու համար պետք է ուժն ու միտքը միավորել: Մեր նպատակներից է՝ մասնակից դառնալ ամեն ոլորտում հաղթող սերնդի ձևավորման գործին, որ պատանին ճանաչի իր հայրենիքը, իմանա մշակույթն ու ապրի Հայաստանով։

Հզոր պետության հիմքում առողջ ու գիտակից սերունդն է, որն ուժեղ է մարմնով, հոգով և մտքով, ճանաչում է իր հայրենիքը և գիտակցում, որ միասնության մեջ է մեր այսօրվա և վաղվա հաղթանակը»,- հավելեց Ալինա Գևորգյանը:

Մրցույթներն այնպես են կազմված, որ թիմերը պետք է կողմնորոշվեն՝ ինչպես օգնել դիմացինին, քանի որ մրցույթը հաջողված է համարվում, եթե անցնում են բոլոր մասնակիցները:

Այս տարի առաջին անգամ խաղերն անցկացվեցին երկու փուլով։ Նախնական փուլերում հաղթող ճանաչված երեք թիմերը պայքարեցին եզրափակչում, արդյունքում հաղթող ճանաչվեց «ՈՄԱ Կապան» թիմը։

Կապանի հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի խոսքով՝ ամենից առաջ այստեղ խոսում է հայը, հայրենասիրությունը, ազգապահպանությունը։

«Տեսա հուզիչ նվիրում. երիտասարդները մեզ հարցեր էին տալիս ու ստանում պատասխաններ, որոնք զորացրին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»,- ուրախությամբ ընդգծում է քահանան։

ՀՀ վաստակավոր երգիչ Արսեն Գրիգորյանը Դավիթբեկյանի անփոխարինելի ընկերներից է, որ թեև ամենօրյա ռեժիմով չի մասնակցել, բայց խաղերի գաղափարակից ընկերն ու արժեհամակարգի կրողն է։

«Շատ կան տարբեր տեսակի ճամբարներ ու միջոցառումներ, բայց քիչ են, որտեղ հիմքում դրված է գաղափարը՝ միասնական լինելու և սիրով լցված լինելու։ Ի դեպ՝ ոչ միայն մասնակիցների, այլև թիմերի մարզիչների միջև։ Մեզ հաղթելու համար սերն է պետք, իսկ Դավիթբեկյան խաղերի հիմքում սերն է՝ առ հայրենին, ընկերն ու հայ մարդը»,- վստահ է Արսեն Գրիգորյանը։

Նշենք, որ Դավիթբեկյան խաղերն անցկացվում են Հայաստանի հարավային սահման Սյունիքում, քանի որ, ըստ Դավիթբեկյան խաղերի թիմի, Սյունիքը մեր Հանրապետության կարևոր մասիկն է, որին պետք է ծանոթանան Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները, ճանաչեն ու պահեն իրենց հայրենիքի կարևոր հատվածը։

Տեսանյութեր

Լրահոս