Կատարիր մեզ հետ, կատարիր մեզ պես, կատարիր մեզնից լավ
Փետրվարի 18-ին նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն թեկնածու չառաջադրեցին: Սա, եթե անգամ քաղաքական ինչ-ինչ հաշվարկ էր, ամենևին ազնիվ չէր կուսակցությունների համակիրների հանդեպ: (Այս թեման այնքան է քննարկվել, որ անդրադառնալու անհրաժեշտություն չկա): ՀՀԿ-ի կողմից առատորեն բաժանվող ընտրակաշառքը, նախորդ ընտրությունների ձախողված փորձն ընտրողներին որևէ հույս չէր թողել, թե ինչ-որ բան կփոխվի:
Եվ նման իրավիճակում այն, ինչ արեցին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, ավելին էր, քան սոսկ առաջադրվելը: Նրանց առաջադրումը հնարավորություն տվեց ընտրողներին անել այն, ինչ զարմանքով արձանագրեցինք փետրվարի 18-ին: Այդ մասին հուզիչ հոդվածներ գրվեցին. փաստեցինք` հասարակությունն ավելի շուտ ողջ է, քան մեռած: Արտագաղթը, հուսահատությունը վերջնականապես իրենց գործը չեն արել. ընտրողներն ընդունակ են հերթական «ոչ»-ն ասել գործող իշխանությանը:
Առաջադրվելով` Հրանտ Բագրատյանն ընտրողների մի մասին (թող որ շուրջ երկու տոկոսին) հնարավորություն տվեց փետրվարի 18-ին քայլերն ուղղել ընտրատեղամասեր: (Չմոռանանք, որ նրա առաջադրումը ՀԱԿ-ում զանգվածաբար ու մինչև վերջ չնկատեցին):
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը պաշտոնապես` ընտրողների 37 տոկոսին, իսկ ոչ պաշտոնապես` ընտրողների մեծամասնությանը, ստիպեց գնալ ընտրատեղամաս և քվեարկել: Այսինքն` ընտրության հնարավորությունը, ընտրության գնալու մոտիվը հոգեբանական լուրջ ազդեցություն ունեցավ: Հովհաննիսյանի օգտին քվեարկեցին ոչ միայն «Ժառանգության» էլեկտորատը, այլև շատերը ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից: Նրանք, ովքեր և ոչ մի պայմանով իրենց ձայնը Սերժ Սարգսյանին չէին տա:
Սակայն այդ ձայները դե յուրե Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն էին: Այսօր շեշտել, թե դրանք մյուս կուսակցությունների համակիրներն էին, որոնք իրենց առաջնորդների թեկնածությունն առաջադրելու դեպքում կընտրեին ամենևին ոչ Հովհաննիսյանին, որքան ճիշտ է, նույնքան էլ անաքրոնիկ: Կա կոնկրետ փաստ. և անգամ ապրիլի 9-ի իրադարձություններից հետո, երբ իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հայտնված ուժերը, շատ համակիրներ ձեռքները թափ տվեցին, իրականությունը դրանից չի փոխվում:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջադրումով մարդկանց մեջ արթնացրեց այն հույսը, որից էլ այսօր փորձում են օգտվել մասնավորապես ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն. նրանց առաջ բացվել է հնարավորություն` օգտվել ընտրողների հույսի առնվազն 5 տոկոսից: Այն վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ, որ կա այսօր, իմ կարծիքով, չափազանց անարդար է: Մինչև փետրվարի 18-ը նրա համախոհը չեմ եղել, նրա քայլերը համարում եմ ոչ այնքան համակարգված, սակայն չնկատել այն, ինչ արեց նա` առաջադրվելով, նշանակում է` գիտակցաբար խեղաթյուրել իրականությունը:
Սոցիոլոգները, ընտրական տեխնոլոգները «Ժառանգություն» կուսակցության, ավելի ստույգ` «Բարև, Երևան» դաշինքի մասին խոսում են անցյալով, հեգնում են դաշինքի պաստառը` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը` ձեռք ձեռքի: Թեկնածուներից մեկն անգամ նկատեց, թե ինքն իրեն թույլ չէր տա մեկ այլ տղամարդու ձեռքը նման կերպ բռնելգ
Երեկ սոցցանցում անգամ հոդվածի վերնագիր տեսա, թե պետք է պատասխանատվության կանչել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով մարդկանց մեջ հույս էր արթնացրել ու, ըստ էության, չէր արդարացրել այդ հույսերը: Սակայն այդ դեպքում իրենց հետ կապած հույսը չեն արդարացրել և ոչ մի կուսակցություն ու դաշինք: Իսկ ՀՀԿ-ն որևէ տրամաբանության չենթարկվող հետևողականությամբ նպաստում է հուսահատության աճին:
Կուսակցությունների` միմյանց չհասկանալու, միմյանց նյարդերի վրա ազդելու քաղաքականությունը ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, ոչ մի տեղ չի տանում` բացի օդանավակայանից: Գիտակից, լայնախոհ գործիչները, թվում է, պիտի որ հանգիստ ընդունեն իրականությունն ու այն ռեալ գնահատեն: Հրանտ Բագրատյանը` մեր թերթին տված հարցազրույցում, նկատել է. «Պետք է ասեմ` նման գործչի (Րաֆֆի Հովհաննիսյանի.- Լ.Ա.) հետ ոչինչ չի ստացվելու: Ավելի վատ է, որ նա, այսքանից հետո, որպես քաղաքական գործիչ, փորձում է մնալ ջրի երեսին: Նա պարզապես պետք է հեռանա ասպարեզից, որովհետև, երբ ժողովուրդը մի անգամ գործչի վրա դրույք է կատարում, չի ստացվում, նա արդեն պետք է հեռանա»: Պարոն Բագրատյանի ներկայությունը նախագահական ընտրություններին այնքան էլ չի հաստատում վերջին միտքը:
Անընդհատ ակնարկվում է, որ, ահա, Երևանի ավագանու ընտրություններին կերևան այն իրական ձայները, որոնք հենց Րաֆֆի Հովհաննիսյանինն են: Հետո՞: Դրանից ի՞նչ հետևություն: Իրականությունն այն է, որ փետրվարի 18-ին դաշտը բացված է, և յուրաքանչյուր ուժ կարող է գործել` առանց Րաֆֆի Հովհաննիսյանի անունը` որպես ինդուլգենցիա, հնչեցնելու: Ինքնուրույն, ավելի ազատ: Ինչպես մեր մանկության խաղերից մեկում. հիշո՞ւմ եք. «Կատարիր մեզ հետ, կատարիր մեզ պես, կատարիր մեզնից լավ»:
Ակնհայտ է, որ ձայների այն տոկոսը, որն իրականում ստացել էր Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին, «Բարև, Երևան» դաշինքն օբյեկտիվորեն չի ունենա Երևանի ավագանու ընտրություններին:
Մյուս կուսակցությունները ևս չեն կարող հավակնել տպավորիչ տոկոսների:
Սակայն, ի վերջո, ինչո՞ւ նման հայտարարություններով խանգարել կամ նյարդայնացնել միմյանց, վերհիշել` ով որտեղ է սայթաքել: Երևանի ավագանու ընտրությունները ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Բարև, Երևան» դաշինքի համար իրական հնարավորություն են` շտկելու անցյալի վրիպումները: Գեղասահքի մրցույթին ոչ այնքան էական է, թե ինչպես է մասնակիցներից մեկը վայր ընկնում, այլ` թե ինչպես է կարողանում վարպետորեն ու պատվով բարձրանալ ու շարունակել կատարումը:
«168 ԺԱՄ»