«Անհեթեթություն է ախպերս». Կարեն Բաբակեխյանը իր՝ շորթումների և խարդախության մասնակից լինելու լուրերի մասին
«Ես տեղյակ չեմ, անհեթեթություն է ախպերս, իրականությանը չի համապատասխանում»,- galatv.am-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որի՝ ոստիկանության առանձին վարչության կողմից վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու և շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված է քրեական գործ, ասել է Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:
Նշենք, որ «Փաստինֆո»-իփոխանցմամբ ՀՔԾ-ից տեղեկացրել են, որ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը ստացել են օրերս։
Հավելենք, որ որպես խարդախությունների և շորթումներով զբաղվող խմբի դերակատար նշվել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անունը: Անմասն չէ նաեւ ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբախեխյանը: Նրա անունը ևս կապում են այդ շորթումների հետ:
«2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում, և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաշխառություն»,- տեղեկացնում են ՀՔԾ-ից։