Հովիկ Աբրահամյանը՝ Զարուհի Փոստանջյանին. Տիկին, դուք ընդունակ չե՞ք մի լավ բան հորդորելու

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ԱԺ այսօրվա քառօրյայի սկզբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը վարման կարգի հետ կապված ձայն խնդրեց և հայտարարեց. «Բարև ձեզ, բարև, Երևան»:

Այս հայտարարությունն առաջացրել է պատգամավորների ծիծաղը:
Տիկին Փոստանջյանը շարունակեց իր միտքը՝ նշելով, որ օրեր առաջ նշեցինք Հայոց Ցեղասպանության 98-ամյակը, սակայն ԱԺ օրակարգում են դեռեւս հայ-թուրքական արձանագրությունները.

«Միգուցե այս հարցի լուծումը ձեր լիազորություններից դուրս եք համարում, սակայն դուք ոչ միայն ի պաշտոնե ունեք բավականին լծակներ, որ արձանագրությունները դուրս բերվեն օրակարգից, դուք նաեւ ՀՀ քաղաքացի եք և կարող եք ամեն ինչ անել, որ նման խայտառակություն չգա ԱԺ»: Օրինակ՝ դուք կարող եք կազմակերպել ցույցեր, բողոքի ակցիաներ»:

«Տիկին, դուք ընդունակ չե՞ք մի լավ բան հորդորելու»,- արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի պաշտպանություն ԱԺ նախագահի և ԱԺ օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների մնալուն հանդես եկավ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

ՀՅԴ պատգամավորները եւս ընդվզեցին ԱԺ օրակարգում արձանագրությունների մնալուն: Մասնավորապես Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ արձանագրությունները ակնհայտորեն պարունակում էին նախապայմաններ. «Եւ բարձր խոսելով, ձայնը բարձրացնելով՝ դրանք չեն վերանում: ՍԴ-ն հարկադրված եղավ մեկնաբանել այդ արձանագրությունները եւ այդ պատճառով մոլորության մեջ մի գցեք հասարակությանը»:

Տեսանյութեր

Լրահոս