Տարոն ջանը սիրուն ա

Երևանի ավագանու ընտրություններին մնացել է ուղիղ մեկ շաբաթ, և իշխանությունը կամաց-կամաց բացում է խաղաքարտերը: Մինչև վերջին օրերն առանձնապես մեծ ակտիվություն չցուցաբերող սոցիոլոգներն ու սոցիոլոգիական հարցումներ անցկացնող կազմակերպություններն իրար հետևից սկսել են հրապարակել իրենց իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները:

Երեկ իր անցկացրած հարցումների արդյունքներն է հրապարակել «Gallup Int’l Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը, թվեր են հրապարակել նաև սոցիոլոգներ Գևորգ Պողոսյանը և Ահարոն Ադիբեկյանը: Ավելորդ է նշել, որ երեքի հրապարակած թվերի համաձայն, Երևանի քաղաքապետ է դառնալու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դա հին և բարի ավանդույթ է. ընտրություններից մի քանի օր առաջ իշխանության հետ «որևէ կապ չունեցող» սոցիոլոգներն ու սոցիոլոգիական կազմակերպությունները հրապարակում են «ուսումնասիրության» արդյունքներ, որոնց համաձայն՝ առաջատարն իշխանական կուսակցությունը կամ թեկնածուն է:

Երևանի ավագանու ընտրությունների ինտրիգներից մեկն այն էր, որ անգամ ՀՀԿ-ական շրջանակները խոստովանում էին, որ Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակը չի կարող ստանալ քաղաքապետ առաջադրելու համար անհրաժեշտ 51 տոկոսը, և չէին բացառում, որ իշխանությունը ստիպված լինի գնալ կոալիցիոն քաղաքային իշխանության ձևավորմանը՝ անգամ ոչ Տարոն Մարգարյանի քաղաքապետությամբ: Նաև այս հանգամանքով էին իշխանական շրջանակներում շատերը բացատրում նոր կառավարության կազմի հրապարակման հետաձգումը մինչև ավագանու ընտրություններ: Այդ վարկածի հիմնավորումն այն էր, որ ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է ձևավորվել կոալիցիոն կառավարություն՝ ԲՀԿ-ի, անգամ «Ժառանգության» հետ:

Այս ամենի մասին գրում ենք անցյալ ժամանակով, քանի որ վերը նշված սոցհարցումների արդյունքներով՝ Տարոն Մարգարյանն արդեն իսկ քաղաքապետ է: Ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր նույն հարցումներում առաջատարը՝ նախագահական ընտրություններից առաջ: Եվ քանի որ չեն փոխվել ո՛չ սոցհարցում իրականացնողները, ո՛չ իշխանությունները, ո՛չ իշխանական ընտրական «կոնտինգենտը», շատ մեծ է հավանականությունը, որ այս անգամ ևս գործ ունենք նույն սցենարի հետ:

Այսինքն՝ սոցիոլոգները հող են նախապատրաստում ընտրությունների՝ արդես իսկ որոշված արդյունքների հրապարակման համար:

Այդուհանդերձ, հետաքրքիր է, թե ինչպես է «հիմնավորվում» Տարոն Մարգարյանի «առաջատարությունը»: Ըստ «Gallup Int’l Association»-ի՝ հարցին՝ «Եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային Երևանի ավագանու ընտրություններ, ո՞ր քաղաքական կուսակցությանը ձայն կտայիք», հանրության 41.5%-ը պատասխանել է՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին՝ 14.5%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքին՝ 7.9%-ը, ՕԵԿ-ին՝ 3.7%-ը, ՀՅԴ-ին՝ 3.1%-ը, ՀԱԿ-ին՝ 2.9%-ը, «Առաքելություն» կուսակցությանը՝ 0.3%-ը: Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 26%-ը:  Ուշադրություն դարձրեք, հարցը վերաբերում է ոչ թե անձերին՝ ցուցակները գլխավորողներին, այլ քաղաքական ուժերի համամասնական ցուցակներին: Այս հարցի արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է ուղիղ այնքան ձայն, որքան անհրաժեշտ է քաղաքապետ առաջադրելու համար (Երևանի ավագանու ընտրություններում կիրառվում է հատուկ բանաձև, ըստ որի՝ ընտրությունների մասնակիցների 41 տոկոսի ձայնը ստացած ուժը ստանում է 10 տոկոս  «բոնուս»):

Առաջին հայացքից՝ թվում է, որ ՀՀԿ-ն կարող է և չստանալ 41 տոկոս, և այդ առումով՝ հարցումը փոքր-ինչ մոտ է իրականությանը: Բայց հետազոտության մեկ այլ հարց  «ամեն ինչ տեղն է գցում»:  «Ո՞ւմ եք տեսնում որպես Երևանի քաղաքապետ» հարցին  մասնակիցների 56.7%-ը պատասխանել է, որ այդ պաշտոնում տեսնում է Տարոն Մարգարյանին: Այսինքն՝ այս հարցումների հիմքում դրված է այն պարզամիտ թեզը, որն ավելի քան մեկ ամիս շարունակ փորձում են տարածել Տարոն Մարգարյանի բացահայտ և քողարկված քարոզիչները:

Այդ թեզի իմաստը հետևյալն է. ՀՀԿ-ն վարկաբեկված է՝ որպես իշխող ուժ, հասարակությունը վատ է վերաբերվում ՀՀԿ-ին, սակայն Տարոն Մարգարյանին՝ «որպես լավ տղա», երևանցիները շատ են սիրում: Ոչ միայն սիրում են, այլ, ինչպես Տարոնի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ կազմակերպում են նրա PR-շչիկները, ոմանք անգամ «գժվում են Տարոնի համար» ու ներբողներ են ձոնում նրան: Այսինքն՝ իշխանությունը մտածել է Տարոնին «անցկացնելու» հիմնավորումը. երևանցիներն ընտրում են ոչ թե քաղաքական ուժի, այլ անձի, իսկ Տարոնին նրանք շատ են սիրում:

Սոցիոլոգներին ու նրանց հրապարակած հարցումներին Հայաստանում վաղուց որևէ մեկը չի վերաբերվում՝ որպես արժանահավատ տեղեկատվության: Սակայն, որքան հաստիքային սոցիոլոգների հրապարակած թվերը հեռու են իրականությունից, այնքան ավելի մոտ են այն թվերին, որոնք իշխանությունը նախատեսում և, որպես կանոն, «ապահովում» է ցանկացած ընտրությունից հետո:

Այնպես որ, ըստ ամենայնի, իշխանության վերնախավում ինչ-որ հաշվարկներ փոխվել են և որոշում է կայացվել անհրաժեշտության դեպքում «չորով» Տարոնին քաղաքապետ դարձնել: Իսկ հիմնավորումը կառուցվել է հայտնի արտահայտության ձևափոխման սկզբունքով. «Տարոն ջան, սիրուն չի»-ն դարձել է՝ «Տարոն ջանը սիրուն ա»:

Տեսանյութեր

Լրահոս