Աստղիկ Գևորգյան. Մեկը ասող լինի՝ ումի՞ց եք գրավում Երևանը՝ թուրքերի՞ց, թե՞ թաթար-մոնղոլներից

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Աստղիկ Գևորգյանը, ով առաջադրված է մայիսի 5-ի Երևանի ավանագու ընտրություններին դարձյալ նույն կուսակցության ցուցակով, կարծում է, որ ՀՀԿ-ն երկրորդ անգամ իրեն առաջարկ է արել՝ հաշվի առնելով իր անցյալը:

«Ես անկախ մարդ  եմ՝ ո՛չ քաղաքական կապիտալ, ո՛չ տնտեսական կապիտալ ունեմ, ես եմ ու իմ բնակարանը, հանգիստ ապրում եմ ու ոչ մի խնդիր չունեմ»,- այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աստղիկ Գևորգյանը:

Նա պատմեց, որ չորս տարի առաջ, երբ նոր էր ընտրվում ավագանի, մի լրագրող հարցրել է, թե ի՞նչ են տալու իրեն դրա դիմաց:  Ժուռնալիստների միության նախագահը պնդեց, որ  ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա  ոչ մի անձնական ակնկալիք չի ունեցել:

Նա նշեց, որ, լինելով բնիկ երևանցի,  իր սիրտը ցավում է իր քաղաքի համար և հայրենի քաղաքին օգտակար լինելու համար էլ որոշել է մասնակցել քաղաքի կառավարմանը: Աստղիկ Գևորգյանը նշեց, որ իր անձնական առաջարկով գույքահարկից ազատվել են հայրենական, աղվանական, արցախյան պատերազմի ընտանիքները:

Ինչ վերաբերում է ավագանու կատարած աշխատանքին, ըստ Աստղիկ Գևորգյանի, քիչ աշխատանք չի կատարվել՝ կառուցվել են  մանկական խաղահրապարակներ,  շատրվաններն ու ցայտաղբյուրներ են վերագործարկվել, նստարաններ են տեղադրվել և այլն:

Անդրադառնալով ՀՀԿ-ի  նախընտրական քարոզարշավին՝ Աստղիկ Գևորգյանը նշեց, որ ի տարբերություն մյուս ուժերի, իրենք սկզբունք ունեն չվարկաբեկել մյուսներին: «Մեր քարոզարշավն աչքի է  ընկնում նրանով, որ ոչ մի քաղաքական ուժի չենք վատաբանում: Միակ բացառությունը ես էի, երեկ Նուբարաշենում  չդիմացա, քանի որ նախորդ օրը հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես էին ասում՝ գրավենք Երևանը…  Մեկը ասող լինի՝ ումի՞ց եք գրավում՝ թուրքերի՞ց, թե՞ թաթար-մոնղոլներից»,- ԲՀԿ-ի քարոզարշավից վրդովված ասաց տիկին Գևորգյանը:

Նա ցանկություն հայտնեց, որ այսուհետև քարոզարշավը կընթանա փոխադարձ հարգանքի պայմաններում և առանց մեկը մյուսի նկատմամբ չարությամբ և ատելությամբ լցվելու:

Տեսանյութեր

Լրահոս