Սեպտեմբերին թուրքական նավատորմը կհամալրվի տեղական արտադրության երկրորդ ռազմանավով
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ սեպտեմբերին թուրքական նավատորմը կհամալրվի տեղական արտադրության երկրորդ ռազմանավով, որը ստացել է Büyükada (թարգմանաբար՝ Մեծ կղզի) անվանումը:
Ռազմանավը կառուցվում է MİLLİ Gemi (MİLGEM, թարգմանաբար՝ Ազգային նավ) ծրագրի շրջանակներում: Նավի կառուցմանը մասնակցում է ավելի քան 40 տեղական ընկերություն, այդ թվում նաև Aselsan-ը, Havelsan-ը, TÜBİTAK-ը:
Նավն անտեսանելի է լինելու ռադարների համար: Նշվում է, որ նախկինում Թուրքիան նման ռազմանավեր օտար ընկերություններից գնելու համար ծախսում էր 500 միլիոն դոլար, մինչդեռ այդպիսի նավի սեփական արտադրությունը նրա համար արժենում է 260 միլիոն դոլար:
MİLGEM ծրագրի շրջանակներում 2011 թվականին շահագործման հանձնվեց Heybeliada կորվետը: Դրանով իսկ Թուրքիան հայտնվեց սեփական ռազմանավ արտադրելու ունակ 10 երկրների թվում:
Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ հրապարակված Թուրքիայի ռազմական արդյունաբերության հնգամյա (2012-2016) պլանի համաձայն, MILGEM դասի թուրքական արտադրության առաջին էսկադրոնային ականակիրը ռազմածովային ուժերի կազմը համալրելու է մինչև 2016 թվականի վերջը:
Իսկ սեփական սուզանավի զարգացման հեռանկարների վերաբերյալ հետազոտությունն ավարտվելու է մինչև 2015 թվականը.: MILGEM ծրագիրն ընդունվել է 1996 թվականը` մարտական նավեր արտադրող այլ պետություններից ունեցած կախումը նվազեցնելու նպատակով: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2000 թվականի փետրվարի 15-ին:
Ի դեպ, Թուրքիան պլանավորել է ունենալ նաև ավիակիր, որն իր ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կմասնակցի ՆԱՏՕ միջազգային գործողություններին: Դրանում կարող են տեղակայվել ԱՄՆ-ից ստացվելիք F-35 տիպի 100 կործանիչներն ու բրիտանական Harrier-ները (ուղղահայաց վայրէջքով):
Այդ ավիակիրն ունենալու է 140 մ երկարություն և 24.000 տ քաշ: Ավիակրի կառուցման նախագիծը գնահատվում է 1.5 միլիարդ դոլար: Այն կառուցվելու է 4-5 տարվա ընթացքում և փորձարկումներից հետո՝ 5-6 տարի անց, հանձնվելու է շահագործման: