Բաժիններ՝

Պայմանական կույսերը` Ծիծեռնակաբերդում

– Ո՞նց ես,- բջջայինով խոսում է աղջիկը` վարսավիրանցում հարդարվելով:
– Լավ եմ,- լսվում է մյուս կողմից:
– Բագ ուրի՞շ ոնց ես:
– Լավ եմ…

Եթե մեկն ասեր, որ հայկական սերիալից է այս երկխոսությունը, չափազանցություն կկարծեի: Ինքս լսեցի հինգշաբթի, երեկոյան, Հ1-ով: Այս` ոչ այնքան ինտելեկտուալ հարցուպատասխանը, թվում է` ոչ մի կապ չունի Ցեղասպանության հետ. որի մասին պատրաստվում եմ գրել: Մի ընդհանրություն, այդուհանդերձ, կա. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կատարվող իրադարձությունները նույնքան անհասկանալի են ու տրամաբանությունից դուրս, որքան վերոնշյալ զրույցը:

Եվ խնդիրն ամենևին էլ այնպիսի գլոբալ հարցերը չեն, թե, օրինակ, ինչո՞ւ է պետական մակարդակով անհայտ` ի՞նչ պետք է հասկանալ «Ցեղասպանության ճանաչում» ասելով. խոսքը բարոյակա՞ն, նյութակա՞ն, թե՞ տարածքային պահանջի մասին է: Ի՞նչ սկզբունքով են հաշվարկելու հայ ժողովրդի կրած կորուստները, ինչպե՞ս է որոշվելու Ցեղասպանության ենթարկված հայերի` այդպես էլ չծնված զավակների «գինը»:

Ինչո՞ւ չունենք միջազգային իրավունքի վարպետներ, որոնք կարող են միջազգային ասպարեզում ձևակերպել և հիմնավորել մեր պահանջները: Ինչո՞ւ է պետությունը տնտեսում այն մասնագետների գործուղումների վրա, որոնք մի քանի ամսում պատրաստ են տիրապետել նաև ձեռագիր օսմաներենին. Օսմանյան կայսրության արխիվներում նյութերը ձեռագիր են, և եթե, դիցուք, վաղը դրանք բացվեն, Հայաստանը ոչ մի մասնագետ չի կարող գործուղելգ
Իշխանություններն իրենց համեստ պոտենցիալն ուղղել են ընտրությունների միջոցով վերարտադրությանը. վերոնշյալ հարցերով զբաղվելու ժամանակ օբյեկտիվորեն չի մնում: Իսկ վաղը Ցեղասպանության 98-րդ տարելիցն է:

Առավոտից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կձգվեն սգացող ու ողբերգական իրադարձությունները երբեք չմոռանալու երդում տվող պաշտոնյաները, քաղաքացիներ: Ու նրանցից ոչ ոք չի իմանա, որ տակավին երեկ, երեկ չէ առաջին օրն ու այդպես` ողջ տարին, Ծիծեռնակաբերդի անմար կրակի հարևանությամբ տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, որոնք Ցեղասպանության հետ որևէ աղերս չունեն:

Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի հուշարձան տանող հիմնական ճանապարհին զուգահեռ, սրճարանի հարևանությամբ, արահետ է ձգվում: Խավարն ընկնելուն պես` այդ արահետին են հայտնվում երկու մեքենա: Թե ինչպե՞ս են դրանք հասնում այդտեղ, դժվար է ասել. տարածքը, ինքներդ գիտեք, վերահսկում են պահակային ծառայության աշխատակիցները, ոստիկաններ: Ասել, որ ոստիկաններն անուշադիր են, ստոր զրպարտություն է. մայրամուտից հետո ոստիկանների աչքից և ոչ մի սիրահար զույգ չի վրիպում: Հատկապես, եթե երիտասարդներն անզգուշություն են ունենում համբուրվելու: Ոստիկանները մոտենում են և հետաքրքրվում` ովքե՞ր եք, ի՞նչ եք անում: Կարճ ասած, ավտոմեքենաները չնկատել ոստիկանները չեն կարող:

Առավել ևս, երբ մեքենայում կանանց գուրգուրանքի կարոտ տղամարդիկ են և կանայք, որոնք այդ պահին պատրաստ են կարճ ժամանակով սիրել այդ տղամարդկանց: Եվ, ահա, սկսում են զարգանալ իրադարձություններ, որոնք հուշահամալիրի հեղինակները և ոչ մի պարագայում հաշվի չեն առել: Մեքենաներից մեկը մնում է կանգնած, մյուսը սիրատենչ ուղևորներին տանում է արահետի մյուս ծայրը: Որոշ ժամանակ անց` մեքենան վերադառնում է ելման կետ: Քիչ անց բռնում է նույն ճանապարհը` ենթադրաբար` այլ ուղևորներով:

Խավար: Թարմ օդ: Հարևան ռեստորաններից լսվող հաճելի ռաբիս… Մարդկանց մի տեսակի համար սրանք սիրելու և սիրվելու իդեալական պայմաններ են: Այս դեպքում լրիվ ավելորդ են հարցերը` մի՞թե չգիտեք, թե հայ ժողովրդի համար ինչ է նշանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Եվ որ, առհասարա՛կ, թփերից մինչև Անմար կրակ հասնող հառաչանքներն ամենևին տեղին չեն: Դա կարող են վկայել ամեն երեկո այնտեղ քայլելու դուրս եկող մարդիկ:

Ի՞նչ է եղել: Նույն Անմար կրակից փոքր հեռավորության վրա, Ցեղասպանության թանգարանի անմիջական հարևանությամբ, կա ռեստորան` «Ակոռի» անունով, իսկ ռեստորանի մուտքի մոտ բազմաթիվ մեքենաները վկայում են` այնտեղ համեղ են կերակրում: Հրազդանի ձորից Ծիծեռնակաբերդի բարձունք է հասնում ռաբիսը:

Այդ դեպքում, ինչո՞ւ չի կարելի ավելի ընդլայնել Ծիծեռնակաբերդի այգու ֆունկցիաներըգ Ինչո՞ւ այգուց չեն կարող օգտվել նաև մարմնավաճառները, ինչը, փաստորեն, և անում են: Ժամանակի խնդիր է. վաղը դեռևս Ցեղասպանության 98-րդ տարելիցն է. «հոբելյանական» 100-րդին ամբողջ երկու տարի կա: Լսե՞լ եք ծեծված այս արտահայտությունը. «2015-ի ապրիլի 24-ը կարևոր հանգրվան է լինելու հայ ժողովրդի համար»:

Ինչ խոսք, մարմնավաճառները` Ծիծեռնակաբերդի այգում, Ցեղասպանության թանգարանին կից ռեստորանը, մանրուք են, որոնք ոչ մի կերպ չեն կարող խանգարել մեզ` 2015-ին հասնել խորհրդավոր «հանգրվանին»: Միստիկ զգացողություն է, թե կլոր թվերը փոփոխություն են բերում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ինչ-որ բան կփոխվի այնքան, որքան փոխվեց 2001-ին, երբ աշխարհին ներկայացանք` որպես քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին պետություն:

Ոչինչ չփոխվեց. պարզապես շատերի միտքը միանգամից պայծառացավ. գտնվեց այն ձևակերպումը, որով կարելի էր բնորոշել այն կեղծ իրականությունը, որը շարունակվում է մինչ օրս` «պայմանական կույսերի» իրականություն…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս