«Այլ արտիստներին նմանվելը պարտություն է արտիստի և իր հետ աշխատող մարդկանց համար»
Ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին, արդեն 6 տարի է, Հայաստանում է բնակվում։ Սկզբնական շրջանում նա Հայաստան էր եկել՝ ուսումը շարունակելու և ավելի մոտիկից հայ մշակույթին և արվեստին ծանոթանալու համար։
«Ավարտել եմ ժուռնալիստիկայի և հաղորդակցության, իսկ հետո` կինոռեժիսուրայի ֆակուլտետները։ Տասը տարի շարունակ Թեհրանի թատրոնում եմ խաղացել։ Դերասան և հաղորդավար դառնալու մեծ սեր ունեի, շատ փորձեր արեցի այդ ասպարեզում, բայց եկավ մի օր, երբ սկսեցի աշխատել կինոյի ասպարեզում (ռեժիսորական խմբում որպես օգնական էի աշխատում)։ Այստեղից էլ սկսեց արթնանալ մեծ սեր կինոարվեստի նկատմամբ. դա 2006 թվականն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասում է Արմենը։
– Արմեն, ինչպե՞ս սկսեցիք համագործակցել Ջուսի հետ: Կպատմե՞ք Ձեր ծանոթության և համագործակցության մասին:
– Ջուսի հետ ծանոթացել եմ Երևանի ժամանցային վայրերից մեկում։ Այնտեղ ողջունեցի նրան` որպես հայկական շոու-բիզնեսում կայացած և տարբերվող կերպար, առաջարկեցի համագործակցել, քանի որ նրա` այլ արտիստներից տարբեր լինելն ինձ շատ է դուր գալիս։ Իհարկե, նա համաձայնեց, և մենք սկսեցինք ծրագրավորել և նկարեցինք մեր առաջին տեսահոլովակը` «Go»-ն։ Այսպես արդեն երեք տեսահոլովակ նկարահանել ենք։
– Նրա համար նկարահանած տեսահոլովակները Ձեր առաջի՞ն աշխատանքներն են:
– Ոչ, նախքան Ջուսի հետ աշխատելը՝ ես աշխատել եմ Դուբայի շուկայի հետ և այնտեղի արտիստների համար նկարել եմ 13 տեսահոլովակ։
– Հայ երգիչ–երգչուհիների հետ աշխատելու, համագործակցելու առաջարկներ, ծրագրեր կա՞ն:
– Իհարկե, հայ արտիստների հետ աշխատելու ցանկություն կա, բայց ես չեմ կարող աշխատել այն արտիստների հետ, ովքեր արտիստիզմ և իրենց հատուկ կերպար չունեն։ Հայաստանում կան մի քանի լավ արտիստներ, ում շատ սիրում եմ և հարգում եմ նրանց աշխատանքը։ Նրանք ինձ համար արտիստ են և ոչ թե ուղղակի երգում են՝ երգելու համար կամ նմանվելու արտասահմանյան երգիչ-երգչուհիներին։ Այլ արտիստներին նմանվելը պարտություն է արտիստի և իր հետ աշխատող մարդկանց համար։
Շոու-բիզնեսի որևէ ներկայացուցչի հետ աշխատելու համար կարևոր է իր մտածելակերպը` թե՛ որպես մարդ, թե՛ որպես արտիստ, նա պետք է լինի հետաքրքիր կերպար, արտիստիկ, ունենա մարմնի ճկունություն։ Կարևոր է նաև այն, թե ինչ է նա երգում, ռաբիս ոճից պետք էշպետք է նա իրենց հատուկ կերպարը հեռու լինի (ես դեմ չեմ այդ երգերին, բայց չեմ կարող ռաբիսի տակ աշխատել)։
– Դժվար չէ՞ հայկական շոու–բիզնեսում հաստատվել՝ որպես ռեժիսոր:
– Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց ես իրոք անում եմ այն ամենը, ինչ զգում եմ, և շոու-բիզնես արտահայտությանն էլ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ Հայաստանում շոու-բիզնես չկա։ Կա դրա հակառակը` բիզնես-շոու, այսինքն` եթե կա գումար, ով ուզում է՝ կարող է շոու անել։ Ես սա չեմ ընդունում։ Ով աշխատում է այս ոլորտում, պետք է մի քիչ մտածի ոչ թե անուն ձեռք բերելու, հայտնի դառնալու մասին, այլ առաջին հերթին մտածի, թե ինչ կարող է անել, որ ժողովուրդն էկրանի այն կողմում իրեն լավ զգա։ Ինձ համար սա է կարևոր, և ես հաստատված կզգամ, երբ մարդիկ ինձ գնահատեն աշխատանքներս դիտելուց հետո։
– Հայաստանում մշտական բնակություն հաստատելո՞ւ եք, թե՞ դա կախված է Ձեր աշխատանքից:
– Ուզում եմ մնալ Հայաստանում, կա այդ ցանկությունը, բայց դրա հետ մեկտեղ՝ Բեռլինից կան նաև գործնական նոր առաջարկներ։ Մեկ ամսվա ընթացքում պարզ կդառնա` կմնա՞մ Հայաստանում, թե՞ կգնամ։ Հոգիս և սիրտս ուզում են այստեղ մնալ և այստեղ էլ ստեղծագործել։
Ասեմ նաև, որ իմ կարիերան չի սահմանափակվում միայն տեսահոլովակներով, քանի որ ես նկարում եմ նաև ֆիլմեր, ինչն ինձ համար շատ կարևոր է։