Սիրիայում ավերվել է այն մզկիթը, որտեղից 2 տարի առաջ «ծնունդ առավ հեղափոխությունը»
Euro News-ի փոխանցմամբ՝ 16 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Խադդադ ավանի ռմբակոծման հետևանքով: Այս մասին հայտնել են Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի ներկայացուցիչները:
Իրավապաշտպաններն ավիահարվածների մեջ մեղադրում են կառավարական զորքերին: Խադդադը գտնվում է այն նահանգում, որի մեծ մասը վերահսկվում է ապստամբների կողմից: Նրանց տվյալներով՝ դրանից մեկ օր առաջ էլ Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգում նմանատիպ ավիահարվածից զոհվել է 18 մարդ:
Միևնույն ժամանակ կառավարական զորքերն ու ապստամբները միմյանց են մեղադրում Դերաայում գտնվող Օմարի մզկիթի ավերման մեջ: Այդ մզկիթը հայտնի էր իր վաղեմիությամբ, ինչպես նաև նրանով, որ 2011 թվականի մարտին հենց այստեղ սկսվեցին հակակառավարական ելույթները, որոնք հանգեցրին քաղաքացիական պատերազմի սկսման: